Տուբերկուլյոզով որոշ հիվանդներ հրաժարվում են բուժումից. Անհանգստանում են բժիշկները

Տուբերկուլյոզով որոշ հիվանդներ հրաժարվում են բուժումից. Անհանգստանում են բժիշկները

Նինոծմինդայի մունիցիպալիտետում կան 11 տուբերկուլյոզով հիվանդներ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մարտի 23-ին՝ Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով Նինոծմինդա քաղաքի Հանրային առողջապահության կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում տեղի բժիշկների և կենտոնի աշխատակիցների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր կանոնակարգել և կազմակերպել հիվանդության դեմ պայքարում բժիշկների փոխհամաձայնեցված աշխատանքը, ժամանակին հիվանդների հայտնաբերումն ու հոսպիտալացումը, ինչպես նաև բնակիչներին վարակվելուց պաշտպանվելու մասին կանխարգելիչ խորհուրդների տրամադրումը:

Ինչպես նշեց Հանրային առողջապահության կենտրոնի ղեկավար Տիգրան Եղոյանը, տուբերկուլյոզի ՛՛բաց՛՛ ձևով յուրաքանչյուր հիվանդ ամեն տարի կարող է վարակել 10-15 մարդու: Նրա խոսքով Վրաստանում բժիշկները այս հիվանդության դեմ պայքարում են բժշկության միջազգային նորմերի համաձայն և բժիշկների առաքելությունը այս հարցում նախ և առաջ բնակիչներին իրազեկելն է, որպեսզի նրանք պաշտպանված լինեն այս հիվանդությամբ վարակվելուց:

Տիգրան Եղոյանի խոսքով, այն հիվանդները, ովքեր տուբերկուլյոզով վարակվածության կասկած են առաջացնում, որքան վաղ հետազոտվեն և հոսպիտալացվեն, այնքան ավելի արդյունավետ կլինի նրանց բուժումը:

Նինոծմինդայի շրջանային հիվանդանոցում գործում է հատուկ բաժին, որն ապահովված է այս հիվանդությամբ մարդկանց հետազոտման և նրանց բուժման համար անհրաժեշտ պրեպարատներով: Ներկայումս հիվանդանոցում բուժում են ստանում 11 հիվանդ:

Կան երկու հիվանդներ, ովքեր հրաժարվում են բուժումից: Տուբերկուլյոզի ՛՛բաց՛՛ ձևով հիվանդ մարդիկ կարող են տարեկան վարակել 10-15 հոգու:

Ինչպես նշեց բժիշկ-ֆտիզիատոր (թոքախտաբույժ) Ելենա Վարդանյանը, խնդիրն այն է, որ բժիշկը իրավունք չունի հիվանդին ստիպել բուժում ստանալ կամ բժշկի այցելել:

Տուբերկուլյոզը (պալարախտ, թոքախտ) իրենից ներկայացնում է քրոնիկական վարակիչ հիվանդություն: Տարբերում են հիվանդության ինչպես բաց, այնպես էլ փակ ձևեր: Տարբերում են` թոքային և արտաթոքային տուբերկուլոզ: Վարակի հիմնական աղբյուրը հիվանդ մարդն է` բացիլավոր հիվանդը, ում խորխի հետ արտադրվում են տուբերկուլյոզի բազմաթիվ միկոբակտերիաներ: Տուբերկուլյոզի բաց ձևի ժամանակ հիվանդը կարող է վարակել շրջապատողներին, եթե չպահպանի հիգիենային նախազգուշական միջոցառումները:

Փակ ձևի սկզբնական շրջանում հիվանդներն այնքան էլ վտանգավոր չեն շրջապատի համար, բայց հիվանդության խորացման դեպքում հիվանդները սկսում են արտադրել հարուցիչներ:

Տուբերկուլյոզը ժառանգաբար չի փոխանցվում: Սակայն երեխան կարող է վարակվել ծնողներից, եթե նրանք խախտեն հիգիենայի պահպանման կանոնները:

Մանրամասները լսեք նյութում.

Անահիտ Զալալյան