Չլուծված խնդիրներ Ժդանովականում

Չլուծված խնդիրներ Ժդանովականում

Ժդանովական գյուղը այս ցիվիլ դարում կանգնած է մի շարք խնդիրների առջև: Սպորտդահլիճի ու ֆուտբոլի խաղադաշտի բացակայություն, մանկապարտեզի ու երեխաների համար փոքրիկ խաղահրապարակի բացակայություն, արդեն մի քանի տարի արարողությունների տան անավարտ կառուցում, գազաֆիկացման բացակայություն: Ահա այս խնդիրներն են, որ հուզում են բնակիչներին, մարդիկ, որոնք նույնպես ուզում են ինչ որ չափով ինտեգրված լինեն բարեփոխումներին:

Գյուղի երիտասարդները ասում են, որ ֆուտբոլի ասպարեզում մշտապես առաջիններից են գրանցված հաղթանակներով, սակայն չունեն սպորտդահլիճ ու խաղադաշտ: Գյուղում արդեն թևավոր խոսք է դարձել հետևյալ արտահայտությունը . «Թող ուշադրություն չդարձնեն, չունենք սպորտդահլիճ, բայց ունենք հաղթանակներ»: Սպորտոլորտում  այն համոզմանն են, որ չկա ուշադրություն:  Երիտասարդները ֆուտբոլով զբաղվում են ծռված դարպասներով խաղադաշտում , որտեղ նույնիսկ ցանցեր չկան տեղադրված:

Խնդիրներից հաջորդը արդեն մի քանի տարի կառուցվող արարողությունների տունն է, որի կառուցման աշխատանքները այդպես էլ չեն ավարտվում:

Ինչ վերաբերում է մանկապարտեզին ու խաղահրապարակին, սա խնդիրներից լրջագույնն է, որ հուզում է բնակիչներին, հատկապես ծնողներին: Երեխաներ, որոնք հազվադեպ այցելելով քաղաքի խաղահրապարակներ, կարոտով հիշում ու միշտ ցանկանում են գնալ և խաղալ, իսկ դա հեռու ապրող բնակիչների համար դժվար է թե ֆիզիկապես, թե նյութապես:

«Գոնե կամ խաղահրապարակ լինի կամ մանկապարտեզ» – ասում են բնակիչները:

Մի շարք խնդիրներ, տանջող հարցեր: Ո՞վ պետք է բարձրաձայնի խնդիրների մասին, ո՞րտեղից է սկսվում իրականությունը և որտեղ է ավարտվում այն, այս հարցերի պատասխանները ստանալու համար դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանին, ով քաղաքակիրթ ձևով ընդունելով լրագրողին պատասխանեց այս հուզող բոլոր հարցերին։ Մեջբերում ենք Անիվարդ Մոսոյանի խոսքը.

«Մեզ համար բոլոր գյուղերն էլ հավասար են և բոլորն էլ մեզ համար ունեն հավասար իրավունքներ: Ամենակարևորը ժամանակի խնդիրն է, այս բոլորը, բացի մանկապարտեզից, նախատեսված է, որ լինի: Բարեփոխումները, կառուցապատման աշխատանքները կտևեն մոտավորապես երկու տարի, ինչ վերաբերում է մանկապարտեզին, դրա կառուցման համար պետք է հաշվի առնել երեխաների քանակը։ Մեծ քանակի դեպքում նոր հնարավոր է բացել մանկապարտեզ: Գյուղում կար հողի խնդիր, որը լուծվեց, ունեիք անասունների խմելու ջրի խնդիր, այն նույնպես լուծվեց, գյուղամիջյան ճանապարհների հարթեցման  խնդիրը նույնպես լուծվեց, մնացած խնդիրները ժամանակի հետ նույնպես կլուծվեն», – նշեց քաղաքապետը:

Ինչ վերաբերում է գազաֆիկացմանը, վերջերս Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի հետ գյուղացիների հանդիպման ժամանակ գազաֆիկացման հարցի բարձրացմանն ի պատասխան պատգամավորը նշեց, որ գազաֆիկացում կլինի 2021 թ.: