Վախճանվել է քույր Նոյել Լոքաթելլին

Վախճանվել է քույր Նոյել Լոքաթելլին

Ցավով պետք է նշենք որ մահացել է քույր Նոյելը: Գրեթե բոլորս նրան տեսել ենք Աշոցքի հիվանդանոցում: Կին՝ ով բոլորի մայրն էր:

«Ես ընտրեցի ապրել ժողովրդի մէջ՝ աղօթքով»

2019թ. Յուլիսի 22-ին, ժամը 00:30-ին Ֆրանսիայում վախճանուել է քոյր Նոյել Լոքաթելլին: Սա մի գոյժ է, որ մեծ տխրութիւն է յատկապէս Հայաստանի Աշոցքի տարածաշրջանում գտնուող Տիրամայր Նարեկի հիւանդանոցի աշխատակիցների եւ շրջակա տասնեակ համայնքների բնակիչների համար, որոնց մէջ քոյր Նոյելը ապրեց եւ ծառայեց քսանինը տարի:

Քոյր Նոյել Լոքաթելլին ծնուել է 1938. դեկտեմբերի 24-ին, Ֆրանսիայում, ներգաղթեալ իտալացիների ընտանիքում: Քսան տարեկանում մտել է Յիսուսի փոքր քույրերի միաբանութիւն: «Աստուած ձեռիցս բռնեց, եւ ես կուրօրէն Իրեն հետեւեցի». պատմում էր քոյր Նոյելը: Վանք մտնելուց մէկ ամիս յետոյ ուղարկուել է Բեյրութ՝ Սանջակ հայկական գաղթավայրը, որտեղ երեսուն տարի ապրել եւ ծառայել է ցեղասպանութիւնը վերապրած հայերի մէջ, ինչպես մէկ ընտանիքում: Այդ ընթացքում քոյր Նոյելը մի քանի անգամ այցելել է Հայաստան եւ ցանկութիւն է ունեցել ծառայելու Հայաստանում, ինչն իրականութիւն դարձաւ 1991թ., երբ Աշոցքում Սբ. Յովհաննէս Պօղոս Բ Սրբազան Քահանայապետի կողմից, 1988-ի երկրաշարժից աղետեալ Շիրակի մարզին որպես նուէր, կառուցուեց «Տիրամայր Նարեկի» հիւանդանոցը, ուր եւ քոյր Նոյելն ուղարկուեց ծառայութեան պապական նուիրակ Գուջերոթիի կողմից:
«Այսպէս, պէտք է պատրաստ լինես ընտրելու այն աղքատ եւ լքուած վայրերը, ուր ոչ ոք չի ուզում գնալ: Պէտք է աշխարհում գտնես մի հեռաւոր անկիւն, ուր ապրում են փոքրաթիւ մարդիկ, որոնցով ոչ ոք չի զբաղւում, եւ ոչ ոք չի ուզում գնալ եւ ասել նրանց, որ Յիսուս իրենց էլ է սիրում, իրենց համար էլ չարչարուեց ու մեռաւ Խաչի վրայ». ասում էր քույր Նոյելը 2014թ.-ի հոկտեմբերի 2-ի հանդիսաւոր արարողութեան ժամանակ, երբ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն իրեն պարգեւատրեց Ֆրանսիայի բարձագոյն պետական պարգեւով՝ «Պատւոյ լեգէոն» շքանշանով, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի որոշմամբ: Այսպիսի գնահատականի արժանացած այս խոնարհ, փոքրամարմին, աղօթասէր միանձնուհին, որպէս իր երախտիքի խօսք, ասաց հետեւեալը.

«Ես պարգեւի համար չեմ աշխատում, այլ՝ Աստուծոյ համար: Խոնարհութեամբ ընդունում եմ այս պարգեւը, որը շատերը պէտք է ստանան, բայց չեն ստանում, որովհետեւ ծածկուած են մնում: Կարեւորն այն է, որ մեր աշխատանքով Յիսուս ներկայ լինի ժողովրդի մեջ: Ես ընտրեցի ապրել ժողովրդի մէջ՝ աղօթքով: Ինձ շնորհուած պատւոյ այս շքանշանին արժանի չեմ, քանի որ յատուկ մի բան չեմ արել՝ դրան արժանանալու համար»:

Քոյր Նոյելը գրեթէ երեսուն տարի լռութեան մէջ, խոնարհութեամբ աշխատեց՝ ճիշտ ինչպէս Յիսուս՝ Նազարեթում, Սուրբ Յովսէփի արհեստանոցում: Քոյր Նոյելը որպէս բուժքոյր օգնում էր հիւանդանոցի բժիշկներին, աղօթում նրանց եւ հիւանդների համար, խնամում նրանց, իտալացի ընտանիքներից նուիրատւութիւններ հայթայթում՝ Աշոցքի գիւղերի անապահով բնակիչների համար, օգնում նրանց ինչպէս կարող էր, հիւանդանոցում բուժանձնակազմի եւ բնակիչների համար կազմակերպում էր ամենշաբաթեայ աղօթքներ, հրաւիրում քահանաներին՝ մատուցելու Սուրբ Պատարագ, կատարելու մկրտութիւններ եւ այլ խորհրդակատարութիւններ: Քսանինը տարիների նրա գործունէութիւնը բաւական հարուստ է: Քոյր Նոյելի մասին լաւագոյն վկայութիւնները կարող են տալ այն բազում ընտանիքները, հիւանդները, ովքեր շփուել են նրա հետ եւ մեծ օգուտներ քաղել՝ ամեն տեսանկիւնից:

Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելեան Եւրոպայի հայ կաթողիկէ առաջնորդութիւնը կիսում է այս ընդհանուր ցաւը՝ սիրելի քոյր Նոյելի մահուան կապակցութեամբ եւ բոլոր նրան ճանաչողներին հրաւիրում Յուլիսի 28-ին մասնակցելու Գիւմրիի Սրբոց Նահատակաց կաթողիկէ մայր տաճարում մատուցուելիք Սուրբ եւ Անմահ Պատարագին, որ պիտի մատուցուի քոյր Նոյել Լոքաթելլի դիտաւորութեամբ, ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի: www.vaticannews.va

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:

Տ. Յովսէփ քհնյ. Գալստեան