Գազի սուբսիդավորումը կլինի ըստ հաշվիչի յուրաքանչյուր ամսվա ցուցանիշի

Գազի սուբսիդավորումը կլինի ըստ հաշվիչի յուրաքանչյուր ամսվա ցուցանիշի

Ինչպես գիտենք, Վրաստանի կառավարության որոշմամբ յուրաքանչյուր ոք, ով սպառում է ոչ ավել քան 200 խմ բնական գազ, երեք ամիս կոմունալ ծառայություններն ամբողջությամբ կֆինանսավորվեն պետության կողմից:

Այնուամենայնիվ, վրացական կառավարության այս որոշումը որոշ հարցեր առաջացրեց Ջավախեթիի բնակիչների շրջանում: Բնակիչների մի մասը ուզում է իմանալ, թե որքան կլինի 200 խորանարդ մետր գազի ընդհանուր գումարը, իսկ մնացածները, ովքեր անցած ամիս գերազանցել են 200 խորանարդ մետրը, ցանկանում են ճշտել ՝ եթե նրանք 200 խորանարդ մետրը չգերազանցեն ապրիլին կամ մայիսին, արդյո՞ք նրանք կլինեն արտոնյալ ցուցակում:

Էկոնոմիկայի նախարարությունը պատասխանեց, որ յուրաքանչյուր ամիս հաշվի կառնվեն գազի ամսեկան ծախսը, եթե բաժանորդի ապրիլ կամ մայիս ամիսների օգտագործած գազը չի գերազանցում 200 խմ-ի սահմանը ապա նա եւս կմտնի արտոնյալ ցուցակ :

«SJGC» գազամատակարարող ընկերությունից տեղեկացանք նաև, թե ինչքան պետք է լինի օգտագործված գազի գումարը, որպեսզի բաժանորդը օգտվի սուբսիդավորումից: Մեզ ասացին, որ 1 խորանարդ մետր գազի գինը 0.48.2 է, ինչը 200 խմ-ի համար կազմում է 96,40 լարի: Դրա հիման վրա, այն բաժանորդը, որը չի գերազանցում այս սահմանը, ընկնում է պետության կողմից արտոնյալ սուբսիդավորման ցանկ:

Հիշեցնենք, որ մարտի տվյալներով, Նինոծմինդայի մունիցիպալիտետի 6500 բաժանորդներից մոտավորապես 2,820-ը չի գերազանցել 200 խմ-ի սպառումը: Իսկ Ախալքալաքի մունիցիպալիտետի 10.900 բաժանորդներից մոտավորապես 4016-ը կարող են օգտվել այս արտոնյալ սուբսիդավորումից: