Ինչպես է ազդել արտակարգ իրավիճակը Նինոծմինդայի քաղաքացիների վրա

Ինչպես է ազդել արտակարգ իրավիճակը Նինոծմինդայի քաղաքացիների վրա

Նինոծմինդա քաղաքի բնակչուհի Արուսյակ Արոյանը կորոնավիրուսային համավարակով հաստատված կարանտինի պատճառով մնացել է առանց աշխատանքի: Արուսյակը աշխատում էր մասնավոր ռեստորանում: Երկրում հաստատված արտակարգ իրադրության պայմաններում ռեստորանների և սրճարանների փակվելուց հետո նա այլևս չի աշխատում: ՛՛Ինչպես պետք է ապրենք նման պայմաններում: Երեխաներս Ռուսաստանում են, նրանք էլ իրենց ընտանեկան հոգսերն ունեն: Թոշակ ստանալու տարիք չունեմ, Սոցիալական ապահովագրության ընկերությունից նպաստ չեմ ստանում։ Այս մեկ ամսվա մեջ արդեն չունեմ կոմունալ վճարումները և գնումներ կատարելու գումար։ Վերջիվերջո մեկը պետք է լինի, որ մտածի բնակիչների մասին: Պաշարում մի քանի պարկ մակարոն է մնացել, որը ևս շուտով կսպառվի: Ընտրությունների ժամանակ ղեկավարությունը խոստանում է, որ կօգնի բնակիչներին, նրանց կողքին կլինի դժվարին պահերին, իսկ հիմա երբ ղեկավարության օգնության կարիքը կա, նրանք չկան: Մենակ Կոնստիտուցիայի փողոցում ապրում է 10 ընտանիք, որոնց անդամները չունեն պետական աշխատանք, իսկ պետությունը ոչ մի օգնություն չի տրամադրում; Օրեցօր խանութում ապրանքը թանկանում է, ոչ մեկ հսկողություն չի իրականացնում: Երբ դիմում ես ղեկավարությանը, ոչ մի հարցի համար լիարժեք պատասխան չես ստանում՛՛:

Արուսյակի վիճակում հայտնված մարդիկ շատ են, ովքեր մնացել են առանց աշխատանքի խանութների, գեղեցկության սրահների և ռեստորանների փակվելուց հետո:

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրադրությունը ազդել է նաև Նինոծմինդա քաղաքի մեկ այլ բնակչուհու վրա, ով նույնպես համամիտ չէ կառավարության կողմից մտցված սահմանափակումների հետ: Արմենուհու ընտանիքը ֆինանսական կախման մեջ է Ռուսաստանից, քանի որ որդին մեկնում է արտագնա աշխատանքի, իսկ հիմա այլևս չի կարող գնալ Ռուսաստան:

՛՛Մեր ընտանիքում պետական ծառայող չկա, մեր ուժերով գոյատևում էինք, իսկ կառավարության աջակցությունն էլ մեզ չի վերաբերում: Լինելով բարձրլեռնային գոտու բնակիչ ինչպես կարող ենք այդքան քիչ գազ և էլեկտրաէներգիա ծախսել:Մեր պատգամավոր Հենզել Մկոյանը կարող էր բարձրաձայնել այս խնդրի մասին և լուծում տալ: Ստեղծված իրավիճակում մունիցիպալիետտում կարող են լինել գողություններ և սպանություններ՛՛,- նշում է Արմենուհին:
Ինչպես տեղեկացանք քաղաքապետ Անիվարդ Մոսոյանից, այս փուլում նախատեսված չէ օգնություն մասնավոր հատվածում աշխատող քաղաքացիների համարՙ իսկ քաղաքապետարանը օգնություն տրամադրում է միայն սոցիալապես անապահով ընտանիքներին:

Միջազգային արժութային հիմնադրամի տվյալներով՝ Վրաստանի կառավարությունը ամեն ամիս կորոնավիրուսային համավարակի պատճառով առանց աշխատանքի մնացած քաղաքացիներին վճարելու է 150 լարի: Փոխհատուցումը վերաբերում է այն մարդկանց, ովքեր մինչ համաճարակը վճարում էին եկամտային հարկ և դադարել են գործունեություն ծավալել: Աշխատանքային հաստիքները պահպանած ընկերությունները ևս պետք ստանան պետական սուբսիդավորում:

Սակայն այս մասին Վրաստանի կառավարության կողմից ոչ մի հայտարարություն չկա: