Արտակարգ իրավիճակի ազդեցությունը գյուղերի բնակիչների վրա

Արտակարգ իրավիճակի ազդեցությունը գյուղերի բնակիչների վրա

Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Վրաստանում բնակիչներին մշտապես հորդորում են մնալ տանը: Տեղեկանալու համար, թե ինչն է փոխվել գյուղերի բնակիչների կյանքում, մեր լրագրողը խոսել է բնակիչների հետ:

Երկրում արտակարգ դրություն մտցվել է մարտի 21-ից, իսկ մարտի 31-ից հայտարարվել է համընդհանուր կարանտին ողջ երկրի տարածքում, ժամը 21:00-06:00-ը ընկած ժամանակահատվածում պարետային ժամ է: Արտակարգ իրավիճակը խախտող անձինք տուգանվում են: Ժամանակակավորապես դադարեցված են ռեստորանների, սրճարանների, գեղեցկության սրահների, խանութների (հագուստ, կոշիկ, շինանյութ) աշխատանքը: Փակ խանութները ևս անհարմարություն են ստեղծում բնակիչների համար, քանի որ նրանք չեն կարող ձեռք բերել անհրաժեշտ ապրանքները վարուցանք իրականացնելու համար:

Աշխատատեղերի բացակայության պատճառով ու արտագնա աշխատանքի մեկնել չկարողանալու պատճառով, գյուղերի բնակիչները մնացել են տներում ու զբաղվում են գյուղատնտեսությամբ:

“Այս իրավիճակը իհարկե ազդել է բոլորիս կյանքի վրա: Տանը բահ չկա, պետք է բահ գնել, բայց Նինոծմինդայում և Ախալքալաքում փակ են բոլոր խանութները: Իսկ ինչ անեն տրակտորիստները, երբ մի դետալ է անհրաժեշտ լինում, անգամ չեն կարող ձեռք բերել:Ամբողջ գյուղի վնասը կազմում է 5000-6000 լարի: Այս համաճարակը ազդել է բոլորի գործունեության վրա՛՛,- նշում է Դիլիֆ գյուղի բնակիչ Էդուարդ Կիրակոսյանը:

Այժմ հորթերի, գառների, խոզերի վաճառքի սեզոնն է: Սակայն արտակարգ իրավիճակի պատճառով անասունների առք ու վաճառքով զբաղվող մարդիկ ևս չեն գալիս գյուղեր: Արդյունքում բնակիչները գումար չունեն սերմացու ձեռք բերելու համար:

Բնակիչները չեն օգտվում նաև կառավարության կողմից սահմանված էլեկտրաէներգիայի և գազի սպառման համար տրամադրվող եռամսյա սուբսիդիայից, քանի որ խստաշունչ եղանակի պատճառով անհնար է քիչ քանակությամբ գազ և հոսանք օգտագործել:

Մամզարա գյուղի բնակչուհին էլ նշում է, որ կարտոֆիլի սերմացու ձեռք բերելու համար խոզ են պահել, իսկ հիմա չեն կարող այն վաճառել: Արդյունքում կրկնակի տուժում են, քանի որ այլևս դժվարանում են խոզերին կերակրել, իսկ մյուս կողմից կարտոֆիլի ցանք կատարել:

՛՛Ամբողջ ընտանիքով դաշտ գնալ չի թույլատրվում: Սահմանները փակ են, արտագնա աշխատանքի չենք կարող գնալ: Եթե այս սեզոնին չաշխատենք , ամբողջ տարի սոված ենք մնալու՛՛, նշում է Մեծ Գոնդուրայի բնակիչ Հակոբը:

Մանրամասները լսեք նյութում.