Ընտանեկան բռնության դեպքերի բացահայտումը հեռավար կրթության ժամանակ

Ընտանեկան բռնության դեպքերի բացահայտումը հեռավար կրթության ժամանակ

Ընտանեկան բռնության դեպքերն ունեն տարբեր դրսեւորումներ: Հաճախ մարդկանց թվում է, որ եթե իրենք ֆիզիկական կամ աչքի համար տեսանելի բռնություն չեն գործում, ապա իրենք բռնություն չեն կիրառում: Սակայն հաճախ բռնության այլ, ոչ ֆիզիկական դրսեւորումների հետեւանքներն ավելի վտանգավոր են լինում: Սրանցից ամենավտանգավորից է երեխայի հոգեբանական անվտանգության խաթարումը և հոգեբանական ճնշումը, ինչպես նաև երեխային `ծնողի կողմից սեփականություն դիտարկելը:

Երեխայի իրավունքների մասին Եվրոպական կոնվենցիայում նշվում է. երեխան իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, այդ իրավունքը ներառում է ցանկացած բնույթի տեղեկատվություն եւ գաղափարներ որոնելու, ստանալու եւ հաղորդելու ազատությունը, անկախ սահմաններից, գրավոր կամ տպագիր ձեւով, ստեղծագործության տեսքով կամ այլ միջոցներով, երեխայի ընտրությամբ: Չնայած այս ամենին, ծնողները չեն գիտակցում, որ երեխան առաջին հերթին մարդ է և ընկեր, ոչ թե իրենց ցանկությունները կատարող:

Վերոնշյալ խնդիրները եւ ընտանեկան բռնությունների դրսեւորումները երեւան են եկել եւ ավելի ակնառու են դարձել առցանց ուսուցման ժամանակ , երբ շատ հաճախ ընտանեկան բռնության ականտես են եղել նաեւ ուսուցիչները :
Որոշ տվյալներով ընտանեկան բռնությունները համաճարակի ֆոնին ավելացել են. Իսկ միգուցե պարզապես ականատեսնե՞րն են ավելացել. քիչ չեն դեպքերը, երբ միացված խոսափողի կամ էլ տեսախցիկի դիմաց ծնողները վիճում են ու երբեմն բանը հասնում է բռնության , կամ էլ բռնության զոհ են դառնում հենց իրենք, երեխաները:

Մառնեուլիի շրջանի դպրոցներից մեկի ուսուցիչը պատմում է, որքան շատ է լսում, թե ինչպես է մայրը շատ հաճախ ֆիզիկական բռնություն գործադրում երեխայի հանդեպ, երբ վերջինս չի ուզում նստել համակարգչի առջեւ, դաս անելու:

«Դեռ դպրոց հաճախելու ժամանակ էլ երեխայի մոտ նկատում էինք, որ տանը հետը չեն զբաղվում, ավելին, երեխան վախենում է մորից: Այն բանից հետո, երբ անցանք առցանց ուսուցման, երեխայի սովորելու մակարդակն էլ ավելի ցածրացավ», – ասում է ուսուցիչը, երեխայի ներկայիս իրավիճակը կապելով մոր վերաբերմունքի հետ:

«Մենք, ուսուցիչներս, հասկանալով ենք մոտենում իրավիճակին, քանի որ ընտանիքի հայրը գրեթե ամբողջ տարին արտագնա աշխատանքի գնացած է լինում, եւ գրեթե մանկուց մայրը միայնակ է մեծացրել երեխային», – ասում է ուսուցիչը եւ պատմում, որ շատ հաճախ երեխան իրեն արդարացնելու համար խաբում է մորը , մեղադրում ուսուցիչներին, թեև այս դեպքում էլ, որպեսզի երեխան բռնության չենթարկվի, իրենք լռում են:

Մեկ այլ դեպք է պատմում Ախալքալաքի շրջանի դպրոցներից մեկի ուսուցչուհին, որն ականատես է եղել, թե ինչպես է ալկոհոլի ազդեցության տակ գտնվող հայրը միջամտում երեխայի դասապրոցեսին եւ խոչընդոտում այն.

«Հերթական առցանց դասաժամն էր, երբ խոսափողից ձայներ լսվեցին, երևի թե չէին նկատել, որ միացված է խոսափողը. հայրը ալկոհոլի ազդեցության տակ մտավ սենյակ եւ երեխայի զգուշացմանը, թե «դասի եմ, խանգարում ես», միջամտեց մեր դասին ու հայտարարեց, որ իր երեխան դաս չպետք է անի: Նա անջատեց կապը, չթողեց, որ երեխան մասնակցի դասին: Այլ օրերին երեխան սովորաբար մասնակցում էր », – պատմում է ուսուցչուհին:

Միշտ չէ, որ երեխաների նկատմամբ բռնությունը դրսեւորվում է բացասական երեւույթների միջոցով: Բռնության տարրեր կարող են պարունակել նաեւ գերհոգատարությունն ու գերխնամքը: Առցանց ուսուցումը հնարավորություն ընձեռեց ուսուցիչներին նաեւ այս երեւույթը բացահայտելու եւ ուսումնասիրելու: Քանի որ միջին եւ հիմնականում կրտսեր դպրոցի աշակերտների ծնողների մեծամասնությունը ներկա էր գտնվում հեռավար դասերին , մրցակցություն էր սկսվել ծնողների միջեւ, ինչի հետեւանքով եղել են աշակերտներ, որոնք դարձել են այդ մրցակցության «զոհը»: Յուրաքանչյուր երեխա ունի իր առանձնահատկություններն ու կարողությունների սահմանը եւ նրանից ավելին պահանջելը երեխայի մոտ կարող է առաջացնել տարբեր խնդիրներ `թերարժեքության զգացում, ինքնագնահատականի անկում եւ այլն:

Երեխայի իրավունքների մասին Եվրոպական կոնվենցիայում ամրագրվում է. ծնողները կամ համապատասխան դեպքերում օրինական խնամակալները երեխայի դաստիարակության ու զարգացման համար կրում են հիմնական պատասխանատվություն: Երեխայի լավագույն շահերը նրանց հիմնական հոգածության առարկան են: Ընտանեկան տարբեր բռնություններից խուսափելու լավագույն միջոցը կրթված եւ իրավագիտակից հասարակություն ունենալն է, որի հիմքը դպրոցն է:

Գլխավոր հերոսների հետ հարցազրույցը անանուն կերպով է ձայնագրված:

Նյութը պատրաստված է «Ֆրեյա միություն» ՀԿ-ի կողմից, «COVID-19- ի ֆոնին Մառնեուլիում բնակվող, ինքնամեկուսացման մեջ գտնվող կանանց նկատմամբ ընտանեկան բռնության ռիսկերի նվազեցումը / կանխարգելումը» նախագծի շրջանակներում, «Վրաստանում կանանց հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ:

Հեղինակ ՝ ԱՆՆԱ ԹԱՆԴԱՐՅԱՆ