Բանակի ընկերների հանդիպումը՝ 38 տարի անց

Բանակի ընկերների հանդիպումը՝ 38 տարի անց

Երբեմն թվում է թե երեկ էր, որ պատահական հանդիպեցիր ինչ որ մեկին, կարճ ժամանակահատվածում դարձաք ընկերներ ու որոշ ժամանակ անց բաժանվեցիք։ Հետո կուտակած մտերմությունը տարիների ընթացքում աստիճանաբար մեռնում է, հատկապես այն դեպքում, երբ յուրաքանչյուրը ապրում է երկրի տարբեր անկյունում։ Ինչ արած կյանք է։ Միգուցե հարաբերությունները մեռնում են, բայց հիշողությունները երբեք չեն մեռնում ու այն երբեմն քեզ անցյալի մի պատից մյուսին է զարկում և հենց այդ ժամանակ էլ գալիս է սրտի կսկիծը՝ գրկախառնված կարոտին։ Կարոտի մի անասելի տեսակ, որը անգամ ի զորու է ստիպել փնտրել ու գտնել անցյալում մնացած մտերիմներին ու նրանց հետ հանդիպելուց հետո հասկանում ես, որ մտերմությունը երբեք էլ չի մեռել ու չի մեռնի, ընդհակառակը որքան հնանում այնքան քաղցրանում է։

Այդպիսին էր նաև մեր հերոսների ճակատագիրը։

1980 թվականն էր, երբ Նինոծմինդայի (այն ժամանակ Բոգդանովկա) շրջանի Մեծ Արագյալ գյուղից Վարուժան Աղջոյանը, Գանձա գյուղից Մկրտիչ Բադալյանը, Ժդանովական գյուղից Կամո Սիմոնյանը, Հեշտիա գյուղից Ավետիկ Դանոյանը, ինչպես նաև Ախալցիխեից Մարտուն Մանասյանը և Խաչատուր Մաթոսյանը մեկնեցին ծառայության։

Սովետական բանակի խումբը Գերմանիայում

Այո Գերմանիայի Պրենցլաու քաղաքում էր, որ նրանք հանդիպեցին։ Օտար երկրում, զինվորի կարգավիճակում կերտեցին իրենց կյանքն ու ընկերական մտերմիկ պատմությունը, որը հետագայում և այսօր պետք է լուսաբանվեր Nor ռադիոյի կողմից։

1982 թվականն էր երբ նրանք զորացրվեցին և միմյանց հրաժեշտ տվեցին անորոշ ժամանակով։ Վերադարձան իրենց ծննդավայրերը ու կերտեցին արդեն իրենց ապագան, կազմելով՝ ընտանիք։ Վերը նշեցինք, որ տարիների ընթացքում մտերմությունը մեռնում է։ Նրանք երկար տարիներ այդպես էլ չհանդիպեցին բացառությամբ մեկ երկուսի հանդիպումը։

38 երկար ու ձիգ տարիներ գլորվում էին դեպի բոսոր մայրամուտը, իրենց հետ տանելով ու այրելով 7 ընկերների պատմությունը։

Ժամանակը 7 ընկերոջ այդ պատմությունը գրեթե այրում էր՝ թողնելով միայն ծխահետք։
Բայց պետք էր կանգնեցնել այդ ամենը, պետք էր գտնել ու վերագտնել հին ընկերներին։

Ավելի ուշ Մարտունն ու Վարուժը կապ էին հաստատել միմյանց հետ և պայման էին կապել մի օր հանդիպելու…

Լավ է ուշ քան երբեք

Վերջապես նրանք մեկ անգամ ևս կապ հաստատելով պայմանավորվեցին հանդիպել, գտնել ու հրավիրել մյուս ընկերներին ևս։ Ամեն ինչ ստացվեց։ Հանդիպման օր նշանակվեց և այդ օրը բոլորը պետք է ժամը 11։00 ին լինեին Մեծ Արագյալում՝ Վարուժենց տանը։ Վերջապես եկավ երկար սպասված կարոտագին գրկախառնության օրը։ Բոլորը շտապում էին հանդիպման վայր։ Դե այդպիսի դեպքերում բոլորի մոտ էլ նույն զգացողությունն է, երբ սիրտդ այնքան արագ ու ուժեղ է բաբախում, որ կարծես թե թռչում է անհիշելի հեռուներ….

Նշված օրը և ժամին կայացավ հանդիպումը՝ Վարուժենց տանը։ Հուզմունք, գրկախառնություն, անասելի մի ակնթարթ, որից հետո գիտակցեցին, որ եթե ուրիշ տեղ հանդիպեին՝ չէին ճանաչի իրար, քանի որ ժամանակը յուրաքանչյուրի երեսին կնճիռների տեսքով փորագրել էր ապրած ու չապրած ժամերը, օրերն ու տարիները։

Կարոտը մի կերպ փարատած նրանք մեկնեցին Մեծ Արագյալ գյուղի հարակից անտառը, որտեղ պլանավորել էին իրենց խնջույքը։

Քաղցր խոսքերին, անցածը մեկ անգամ ևս հիշելուն ու վերապրելուն զուգահեռ, աստիճանաբար հանդիպման սեղան էին գցում բաց երկնքի տակ ու խաշլամայի բույրը սկսել էր խնկարկել այդ հանդիպման օրվա խաղաղ երկինքը։

Դե էլ ինչ հանդիպում ու խնջույք առանց կենացի։ Սակայն առաջի կենացը այդպիսի ուրախ հանդիպման համար տարբերվեց։ Հնչեց իրենց բանակի ընկերոջ կորստյան կենացը, վաղամեռիկ Արտաշ Պետրոսյանի հավերժ հիշատակի կենացը։ Կյանքը ցավոք անժամանակ ու հավերժ բաժանել էր Արտաշին ընկերներից։ Հիշելով Արտաշի հետ անցկացրած օրերը, մինչ հաջորդ կենացը նրանց ուղեկցեց հուզմունքը։

Հաջորդ կենացը պատկանում էր Ավետիկ Դանոյանին ով ապրում է Ռուսաստանում և ճանապարհների փակ լինելու պատճառով նրանց հետ չէր։ Սակայն Ավետիկի հետ կապ հաստատեցին հեռախոսով, զրուցեցին նրա հետ, կիսվեցին հուշերով և այդպես շարունակ…։

Արդեն օրվա երկրորդ կեսն էր։ Արևը եկինքը բաժանելով երկու մասի՝ թեքվում էր դեպի մայրամուտ։ Ընկերները շարունակում էին ուրախանալ։ Հնչում էր կենացը կենացի ետևից։ Կենացների միջև փռվում էր հին հուշերի քաղցր հորիզոնները, հիշում էին, պատմում էին ու անվերջ պատմում՝ իրենց անցած ուղու մասին։ Հիշում էին ու երանի տալիս անցած գնացած օրերին։

Օրերը ցավոք չեն վերադառնում։ Արևը մայր մտավ։ Միմյանց հրաժեշտ տալու պահն էր հասունանում, որը նույնպես ուղեկցվում էր հուզմունքով, ջերմ գրակախառնություններով և կրկին հանդիպման խոստումներով։