Այսօր Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրն է

Այսօր Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրն է

Սեպտեմբերի 8-ին քրիստոնյա բոլոր Եկեղեցիներն անփոփոխ տոնում են Սուրբ Մարիամ Աստվածածնի ծնունդը:

Մարիամն, ում անունը մեկնաբանվում է լուսավորյալ կամ Աստծո սիրելի, ուխտի զավակ էր։ Աստվածածինը ծնվեց իր ծնողների երկար տարիների աղոթքով: Նա եղավ Աստծո պատասխանն այն ջերմեռանդ աղոթքի, որ երկինք էին բարձրացնում երկար ժամանակ զավակ չունեցող նրա ծնողները։

Մարիամի ծնողները՝ Հովակիմն ու Աննան, երեխա չեն ունեցել և ուխտել են ունենալու դեպքում մանկանն ընծայել Աստծուն։ Աստծո բարեգթությամբ Գաբրիել հրեշտակապետը հայտնվեց Հովակիմին ու Աննային և հայտնեց, որ նրանք դուստր կունենան և կանվանեն Մարիամ, իսկ ժողովուրդները կցնծան այդ ծնունդով, քանի որ նրա միջոցով ողջ աշխարհին փրկություն կշնորհվի:

Ծնողներն իրենց աստվածընծա մանկանը երեք տարի պահելուց հետո, ի կատարումն ուխտի, տարան Երուսաղեմի տաճար՝ Տիրոջն ընծայելու: Այն ժամանակ դեռ ոչ ոք չգիտեր, որ Աստծո տաճարին ընծայված այս մանուկը հետագայում պետք է լիներ մարդկության մեղքերը սրբող Աստծո մայրը։

Մայր, ով լինելով մարդ՝ Աստված ծնեց և սրբի դաստիարակեց։ Աստվածամոր ծննդյան կարևորությունը միայն այն չէ, որ նա ծնեց Քրիստոսին։ Սուրբ Մարիամի ծնունդը մարդկության փրկության շղթայի կարևորագույն օղակներից մեկն է։ Սա ուղղակի սուրբ ծնունդ չէ, սա մարդկային փրկության օղակն է։

Աստվածամայրը սովորեցրել է Հիսուսին քայլել, աղոթել, լվացվել և ամեն ինչ։ Ասում են չէ, քանի դեռ մայրերը ու հայրերը կան՝ քանի տարեկան էլ լինես՝ երեխա ես։ Աստվածամայրը լինելով յուրաքանչյուր քրիստոնյայի մայր, սովորեցնում է քայլել որպես Աստծո արժանի զավակ, աղոթել սեփական անձի և մարդկության փրկության համար և լվացվել երկրավոր մեղքերից։