Վրաստանը «փակել է երկինքը» ևս մեկ ամսով

Վրաստանը «փակել է երկինքը» ևս մեկ ամսով

Կորոնավիրուսային պանդեմիայի ֆոնին վրացական իշխանությունները չեն ծրագրում վերսկսել կանոնավոր թռիչքները։ Հաղորդագրությունը հրապարակվել է երկրի Քաղաքացիական ավիացիայի գործակալության կայքում:

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը որոշել է կանոնավոր թռիչքների արգելքը սեպտեմբերի 30-ից երկարացնել մեկ ամսով՝ հոկտեմբերի 31-ը ներառյալ։ Այդուհանդերձ, նախատեսված են որոշ բացառություններ։

«Սահմանափակումները չեն տարածվի միջազգային այն չվերթների վրա, որոնք իրականացվում են Թբիլիսիի միջազգային օդանավակայանի և Մյունխենի, Փարիզի ու Ռիգայի օդանավակայանների միջև»,-նշված է հաղորդագրության մեջ։

Վրաստանում, վերջին տվյալներով, հաստատված է COVID-19-ի ընդհանուր՝ 2075 դեպք, որից 19-ը՝ մահվան ելքով։ Երեկ Վրաստանում գրանցվել էր վարակման դեպքերի նոր ռեկորդ՝ 158։