Երկու տարվա ընթացքում հազարավոր հայաստանցիներ են վտարվել ՌԴ–ից ու եվրոպական երկրներից

Երկու տարվա ընթացքում հազարավոր հայաստանցիներ են վտարվել ՌԴ–ից ու եվրոպական երկրներից

2019թ–ին Ռուսաստանից դատարանի որոշմամբ վտարվել է Հայաստանի 1612  քաղաքացի, Իսկ 2020թ-ին վտարման հայցերից թիվը եղել է արդեն 1281–ը։

Ի դեպ, նշենք, որ «ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի կարգի մասին»  ՌԴ  օրենքի 27-րդ հոդվածի համաձայն`երեք տարվա ընթացքում  երկու վարչական իրավախախտում թույլ տված օտարերկրյա  քաղաքացիների  մուտքը ՌԴ կարող է արգելվել 5 տարով: Իսկ  «Վարչական  իրավախախտումների  մասին ՌԴ օրենսգրքի»  18.8 հոդվածի համաձայն այդ անձինք տուգանվում  են  և  ենթարկվում վարչական վտարման:

Վերջին երեք տարիների այս ցավալի վիճակագրության առաջատարը Գերմանիան է, որտեղից 2017թ.-ին վտարվել է 1022 ՀՀ քաղաքացի, 2018թ-ին՝ 1385, 2019թ-ին` 1182։

Ընդհանուր առմամբ, 2012-2018թթ-ի ընթացքում ԵՄ երկրներից և Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանը ստացել է իր քաղաքացիներին հետ ընդունելու վերաբերյալ 4889 հայց, այն դեպքում, երբ մեկ հայցով կարող է ներկայացվել մի քանի անձի հետընդունման պահանջ, օրինակ` մեկ ընտանիքի։

Պաշտոնական այս տվյալները ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` կառավարության վաղվա նիստում որոշ փոփոխություններ առաջարկելով Հայաստան վերադարձողների համար նախատեսված պետական աջակցության ծրագրերում։

Ծրագրի շահառու կարող են դառնալ առնվազն մեկ տարի արտերկրում բնակվելուց հետո ՀՀ վերադարձած այն քաղաքացիները, ովքեր ՀՀ–ում չունեն  սեփական բնակարան։ Ծրագրի շրջանակներում շահառուներն ապահովվում են նյութական աջակցությամբ, զբաղվածությամբ ու անհրաժեշտության դեպքում` բնակարանով։

2020թ-ի ընթացքում պետական այս աջակցությունից օգտվել է 22 վերադարձած` Շվեդիայից, Ֆրանսիայից, ՌԴ-ից, Ավստրիայից, Գերմանիայից ու Թուրքիայից։ Բայց դիմողների թիվը 38–ն է եղել։

Նշենք, որ ՀՀ քաղաքացիների վտարումն ու արտահանձնումը Հայաստան իրականացվում է Եվրամիության և Ռուսաստանի Դաշնության հետ 2014թ–ին կնքված ռեադմիսիոն համաձայնագրերի շրջանակներում։ Դրա համաձայն` կողմերը պարզում են վտարման ենթակա անձանց ինքնությունը, և քաղաքացիության առկայության հաստատման դեպքում  պարտավորվում հետ ընդունել իրենց քաղաքացիներին։