ԵՄ-ն վրացական բիոտեխնոլոգիական ընկերությանն օգնում է նվազեցնել հակաբիոտիկների օգտագործումը մսի արտադրության մեջ

ԵՄ-ն վրացական բիոտեխնոլոգիական ընկերությանն օգնում է նվազեցնել հակաբիոտիկների օգտագործումը մսի արտադրության մեջ

ԵՄ-ն և ՖԱՕ-ն 150,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ են հատկացրել վրացական «Biochimpharm» բիոտեխնոլոգիական ընկերությանը, որը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել բակտերիոֆագերի արտադրության ոլորտում: Ֆինանսավորումը կուղղվի «PowerPhage» բակտերիոֆագի արտադրությանը, որը բնական հակամանրէային անասնաբուժական լուծույթ է ու նվազեցնում է հակաբիոտիկների օգտագործումը մսի արտադրության մեջ՝ կենտրոնանալով թռչնաֆաբրիկաների վրա:

Ակնկալվում է, որ ԵՄ-ի և ՖԱՕ-ի հատկացրած դրամաշնորհը կստեղծի նոր աշխատատեղեր և կօգնի ընկերությանն իրացնել ԵՄ շուկա դուրս գալու իր հսկայական ներուժը: Դրամաշնորհն ընկերության ներգրաված 1,000,000 ԱՄՆ դոլարի չափով ընդհանուր ներդրման մասն է, որն ուղղված է «PowerPhage»-ի արտադրության 300% աճի ապահովմանը:

ԵՄ-ն Վրաստանում գյուղատնտեսության և գյուղական զարգացմանն աջակցում է իր «ENPARD» ծրագրի միջոցով: 2013 թվականից իրականացվող և 234,5 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով «ENPARD» ծրագրի հիմնական նպատակն է տնտեսական հնարավորություններ ապահովել գյուղական բնակավայրերում և նվազեցնել աղքատությունը Վրաստանում:

ԵՄ-ն ողջունում է Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության՝ 2020 թվականին ընտրված խորհրդարան մտնելու որոշումը

ԵՄ-ն ողջունել է Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության՝ իր կազմից ընտրված պատգամավորների խորհրդարան մտնելու որոշումը: Այս որոշումից հետո գրեթե բոլոր 150 պատգամավորները կստանձնեն Վրաստանի քաղաքացիների կողմից 2020 թվականի ընտրություններում իրենց վստահված մանդատները:

«Այս իրադարձությունը ևս մեկ դրական քայլ է Վրաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ, և մենք ՄԱՇ-ի անդամներին իրենց մանդատները կառուցողական օգտագործելու կոչ ենք անում», – ասված է ԵՄ միջնորդությամբ ապրիլի 19-ին ստորագրված համաձայնագրի իրականացման վերաբերյալ Վրաստանում ԵՄ պատվիրակության և Միացյալ Նահանգների դեսպանության՝ մայիսի 30-ին հրապարակված համատեղ հայտարարության մեջ:

Այնուամենայնիվ, ԵՄ-ն և ԱՄՆ-ը խիստ ափսոսանք են հայտնում, որ ՄԱՇ-ը չօգտվեց ապրիլի 19-ի համաձայնագիրը ստորագրելիս խորհրդարանական մյուս կուսակցություններին միանալու հնարավորությանը. «ՄԱՇ-ն, ի թիվս այլ առավելությունների, ընտրված մյուս կուսակցությունների հետ խորհրդարանում կառուցողական ներգրավվածության պատասխանատվություն է կիսում՝ քաղաքականացված արդարադատության վերաբերյալ պատկերացումների քննարկման, ընտրական և դատական բարեփոխումների ընդունման ու մանրակրկիտ վերլուծության և խորհրդարանի շրջանակներում իշխանության բաժանմանը մասնակցելու համար: Սա կարևոր աշխատանք է, որն ունի Վրաստանի բոլոր ընտրված առաջնորդների պատասխանատու մասնակցության կարիքը»:

Հայտարարության մեջ հիշատակվում է, որ ապրիլի 19-ի համաձայնագիրը շարունակում է բաց լինել ինչպես խորհրդարանական կուսակցությունների ղեկավարների, այնպես էլ խորհրդարանի առանձին անդամների կողմից ստորագրման համար:

Լեհաստանի նախագահը Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Հարավային Օսիայի վարչական սահման

Մայիսի 26-ին Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության (ԵՄԴԱ) հետ այցելել էին Օձիսիի մերձակայքում Հարավային Օսիայի վարչական սահմանի որոշ հատվածներ:

ԵՄԴԱ-ի ղեկավար, դեսպան Մարեկ Շչիգելը նախագահ Դուդային ներկայացրեց Հարավային Օսիայի հետ վարչական սահմանին գտնվող գլխավոր հսկիչ-անցագրային կետի շուրջ ստեղծված իրավիճակը: Անցակետը կանոնավոր երթևեկության համար փակ է 2019 թվականի սեպտեմբերից կամ՝ ավելի քան 620 օր:

Առաքելության ղեկավարն ընդգծեց հակամարտության արդյունքում տուժած տեղական համայնքների հումանիտար իրավիճակի և մարդու իրավունքների վրա «սահմանազատման» միջոցառումների (օրինակ՝ ցանկապատերի կամ դիտակետերի տեղադրումը) բացասական ազդեցությունը: Այդ հետևանքների թվում են ազատ տեղաշարժի, բժշկական խնամքի, կրթության կամ գյուղատնտեսական նշանակության հողերի հասանելիության և մարդու այլ իրավունքների ոտնահարումը:

Առաքելությունում ներկայումս ծառայում են Լեհաստանի տասնյոթ քաղաքացիներ, այդ թվում` ԵՄԴԱ-ի ղեկավարն ու Մցխեթայի դաշտային գրասենյակի ղեկավարի տեղակալը:

ԵՄ աջակցությամբ կազմակերպված Գորիի աշխատանքի տոնավաճառն ունեցել է հարյուրավոր այցելուներ

Կրթության զարգացման և զբաղվածության կենտրոնի (EDEC) կողմից ԵՄ ֆինանսավորմամբ «Skills4Jobs – LEARN for Employment!» ծրագրի շրջանակներում Գորի քաղաքում կազմակերպված աշխատանքի տոնավաճառն ունեցել է ավելի քան 320 այցելու:

Շիդա Քարթլիի երեսունութ ընկերություններ ներկայացրին ավելի քան 330 թափուր աշխատատեղ սննդի, արտադրության, շինարարության, բանկային, առևտրի և սպասարկման ոլորտներում: Գրանցված աշխատանք փնտրողները հնարավորություն ունեցան հենց տոնավաճառում դիմելու թափուր հաստիքների համար:

«ԵՄ «Skills4Jobs» ծրագիրը համատեղ ջանքերով Վրաստանում իրականացվում է երեք տարի: Ծրագրի նպատակն է բարձրացնել կրթության և վերապատրաստման մատչելիությունն աշխատանք որոնողների և հատկապես խոցելի խմբերի շրջանում, ինչպես նաև նրանց զինել աշխատանքի համար անհրաժեշտ հմտություններով», – նշել է Վրաստանում Եվրոպական միության պատվիրակության ծրագրերի ղեկավար Նինո Կոչիշվիլին:

Ֆորումին նախորդել էին նախապատրաստական աշխատանքներ, այդ թվում՝ աշխատանք որոնողներին ինքնակենսագրականներ պատրաստելու հարցում օգնության, նրանց աշխատանքի հարցազրույցի տեխնիկաների ուսուցման և խորհրդատվության տրամադրման տեսքով:

Վրաստանում ԵՄ դեսպանն այցելել է Աջարիա՝ ուշադրության կենտրոնում պահելու ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը

Մայիսի 19-ից 21-ը Վրաստանում Եվրոպական միության դեսպան Կառլ Հարցելը այցելել էր Աջարիա` ուշադրության կենտրոնում պահելու տարածաշրջանին ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը: Դեսպանը հանդիպեց տնտեսական և գյուղական զարգացման, բիզնեսի և ձեռնարկատիրության աջակցության, շրջակա միջավայրի և այլ ոլորտներում ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի շահառուներին, ինչպես նաև կառավարության, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Դեսպան Հարցելի այցը մեկնարկեց մայիսի 19-ին՝ Աջարիայի Գերագույն խորհրդի հետ հանդիպումով, որը ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ստացել է ԵՄ աջակցություն` բազմամյա զարգացման ռազմավարություն ու գործողությունների ծրագիր մշակելու և իրականացնելու ու ժամանակակից բաց կառավարում ներդրնելու համար:

Մայիսի 20-ին դեսպան Հարցելն այցելեց Կեդայի քաղաքապետարան՝ ծանոթանալու ԵՄ աջակցությամբ «Keda LEADER» ծրագրի արդյունքներին, որը տեղական համայնքին օգնել է մշակել զարգացման ռազմավարություն և ֆինանսավորել է 97 տեղական նախաձեռնությունների, ինչի շնորհիվ Կեդայում ստեղծվել է ավելի քան 300 նոր աշխատատեղ:

Ուրբաթ՝ մայիսի 21-ին, դեսպան Հարցելը մի շարք այցեր կատարեց Բաթումիում, այդ թվում` ԵՄ աջակցությամբ գործող Ծովային տրանսպորտի գործակալություն, Բաթումիի պետական ծովային ակադեմիա և «ROGO» ատամնաբուժական կենտրոն, որն, օգտվելով «EU4Business» ծրագրի աջակցությունից, Վրաստանում ստեղծել է խոշորագույն և տեխնոլոգիապես ամենաառաջադեմ ատամնաբուժական ծառայություններ մատուցող ընկերությունը:

Դեսպան Հարցելը Բաթումիում ուսումնասիրեց նաև Բնապահպանական գործընկերության (E5P) հիմնադրամի միջոցով ձեռք բերված էկոլոգիապես մաքուր էլեկտրական ավտոբուսները: Հիմնադրամի ամենամեծ ներդրողը Եվրոպական միությունն է: Ցածր թափքով ավտոբուսները դյուրացնում են ուղևորների մուտքը, այդ թվում՝ սահմանափակ տեղաշարժ ունեցողների, ծերերի և հաշմանդամների, ինչպես նաև մանկասայլակով ծնողների համար:

Դեսպանը նաև հանդիպեց հաշմանդամություն ունեցող անձանց համայնքներին աջակցող երկու հասարակական կազմակերպությունների հետ:

ԵՄ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում սահմանազատման և սահմանագծման խնդիրը լուծել բանակցությունների միջոցով

Մայիսի 28-ին Եվրոպական միությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին զարգացումների կապակցությամբ հրապարակված հայտարարության մեջ երկու երկրներին կոչ արեց ձեռնպահ մնալ հետագա ցանկացած ռազմական ծավալումից և գործողություններից:

«Վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունները միաժամանակ և՛ վտանգավոր են, և՛ մտահոգիչ։ Անհրաժեշտ է անհապաղ դեէսկալացիա։ Բոլոր ուժերը պետք է հետ քաշվեն այն դիրքեր, որոնք զբաղեցրել են մինչև մայիսի 12-ը, և երկու կողմերը պետք է բանակցություններ սկսեն սահմանազատման և սահմանագծման շուրջ։ Մենք շարունակում ենք Ադրբեջանին կոչ անել անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին ու ձերբակալվածներին։ Մենք ողջունում ենք լարվածության նվազեցմանն ուղղված բոլոր ջանքերը, ներառյալ՝ հնարավոր միջազգային դիտարկման առաքելության վերաբերյալ առաջարկությունները», – նշված է հայտարարության մեջ։

Հայտարարությունում նաև ասված է, որ ԵՄ-ն պատրաստ է փորձագիտական աջակցություն ցուցաբերել և օգնել սահմանազատման ու սահմագծման հարցերում, ինչպես նաև նպաստել վստահությունն ամրապնդելու անհարժեշտ միջոցառումներին, որպեսզի ապահովվի կայուն խաղաղությունն ու բարգավաճումը Հարավային Կովկասում:

ԵՄ ֆինանսավորմամբ պատրաստված զեկույցում ընդգծվում է Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտում ավելի շատ ներդրումներ կատարելու խիստ անհրաժեշտությունը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Համաշխարհային բանկի և ԵՄ-ի կողմից մայիսի 25-ին հրապարակվել է երկու նոր վերլուծություն, որոնք անդրադառնում են սոցիալական պաշտպանության համակարգի խորքային ախտորոշմանը և COVID-19-ի ազդեցությանը ՀՀ տնային տնտեսությունների վրա:

ԵՄ ֆինանսավորմամբ «COVID-19-ի ազդեցությունը Հայաստանում» հետազոտությունն անցկացվել է 2020 թվականի սեպտեմբերին՝ Համաշխարհային բանկի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից: Այն անդրադառնում է տնային տնտեսությունների վրա COVID-19-ի ազդեցությանը և կառավարության արձագանքին:

Հետազոտության արդյունքները աշխատանքի և եկամտի կորստի, ինչպես նաև պարենային անապահովության և մտավոր բարեկեցության միջև բարձր փոխկապակցվածություն են մատնանշում: Ընդհանուր առմամբ, 241 442 մարդ կամ աշխատանքային տարիքի անձանց 18 տոկոսը, ովքեր մինչև COVID-19-ն ապահովված էին աշխատանքով, համավարակի պատճառով կորցրել են այն: Նրանք հիմնականում չգրանցված կամ կին աշխատողներն են:

Զեկույցը նաև արձանագրում է, որ երեխաները համավարակի թաքնված զոհերն են, քանի որ դպրոցահասակ երեխաները գյուղական վայրերում, հատկապես՝ Արագածոտնում, Արմավիրում, Գեղարքունիքում, Տավուշում և Սյունիքում բախվել են կապի հասանելիության խնդրին: Բացի այդ, տնային տնտեսությունների 15 տոկոսը հետաձգել կամ հրաժարվել է պլանային պատվաստումներից համավարակի պատճառով:

Մյուս ուսումնասիրությունը՝ «Սոցիալական պաշտպանության համակարգի խորքային ախտորոշումը» (CODI) ներկայացնում է 2019-2020 թվականների սոցիալական պաշտպանության համակարգի գործունեության վերաբերյալ համապարփակ վերլուծություն և համեմատական է անցկացնում սոցիալական պաշտպանության ազգային նպատակների և միջազգային լավագույն փորձի միջև: Այն ընդգծում է ուժեղացված սոցիալական պաշտպանության և կայուն սոցիալական հատկացումների կարևորությունը` երեխաների և ընտանիքների առողջապահական պաշտպանությունն ապահովելու համար:

ԵՄ-ն օգնում է մարդասիրական օգնություն տրամադրել Հայաստանում հակամարտությունից տուժած մարդկանց

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Եվրոպական միության (ԵՄ) կողմից ստացել է 1.3 միլիոն եվրոյի ներդրում՝ Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց դրամական օգնություն տրամադրելու նպատակով:

Այն տրամադրվում է ի լրումն ՀՀ կառավարության և նրա գործընկերների կողմից՝ հակամարտության և COVID-19 համավարակի հետևանքով տուժած անձանց աջակցությանն ուղղված ջանքերի։

«Տեղահանված բազմաթիվ մարդիկ հայտնվել են բարդ իրավիճակում, որն էլ ավելի է սրվում կորոնավիրուսի համավարակի պատճառով: Դրամական օգնության շնորհիվ ՊՀԾ-ն աջակցում է առավել խոցելի անձանց վճարել ծայրահեղ անհրաժեշտության պարագաների, այդ թվում՝ սննդի համար»,- ասել է Ճգնաժամային կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Յանեզ Լենարչիչը:

ՊՀԾ-ի իրականացրած Պարենային անվտանգության գնահատման վերջին արդյունքների համաձայն՝ Հայաստանում բազմաթիվ մարդիկ մարդասիրական օգնության կարիքն ունեն:

«Կլիմայի փոփոխությունն իմ աչքերով» – ԵՄ կողմից ֆինանսավորվող երիտասարդական մրցույթ Վրաստանում

Կովկասի բնապահպանական հասարակական կազմակերպությունների ցանցը ԵՄ աջակցությամբ հայտարարել է երիտասարդական մրցույթ ՝ «Կլիմայի փոփոխությունը իմ աչքերով», Վրաստանում կլիմայի փոփոխության դեմ պայքարում երիտասարդության դերի ուժեղացման նպատակով:

Գրառումները պետք է արտացոլեն կլիմայի փոփոխության գործընթացները, մարտահրավերներն ու հնարավոր լուծումները Գուրիայի, Իմերեթի, Ռաչա-Լեչխումի, Կվեմո, Սվանեթի և Կախեթի շրջաններում:

Կովկասի բնապահպանական հասարակական կազմակերպությունների ցանցն այդ մարզերից 14-29 տարեկան երիտասարդներին հրավիրում է մասնակցելու մրցույթին: Գրառումները կարող են ներկայացվել թեմատիկ լուսանկարների, գծագրերի, գրաֆիկական աշխատանքների և (կամ) պաստառների կամ երիտասարդական արշավի գաղափարի ձևաչափով , որն իրականացվելու է այս ծրագրի շրջանակներում:  Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 7-ն է:

Աջակցություն մշակութային զարգացմանը. EU4Culture-ը հայտարարում է մրցույթ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքների համար

Նոր «EU4Culture» («ԵՄ ն մշակույթի համար») ծրագիրը հայտարարում է մրցույթ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ոչ մայրաքաղաքային բնակավայրերի մշակութային զարգացման ռազմավարություններ մշակելու համար՝ հետևելով Եվրոպայի մշակութային մայրաքաղաքների մոտեցմանը:

Դիմելու համար իրավասու քաղաքները ժամանակ ունեն մինչև հունիսի 30-ը: Նախնական փուլում յուրաքանչյուր երկրից կընտրվեն հինգ քաղաքներ՝ ստանալով մինչև 1000 եվրոյի դրամաշնորհ` ամբողջական հայտի մշակման համար: Դրանցից յուրաքանչյուր երկրից առավելագույնը երեքը կստանան 30,000 եվրո դրամաշնորհ` մշակութային զարգացման ամբողջական ռազմավարություն պատրաստելու համար: Ի վերջո, յուրաքանչյուր երկրից մեկական քաղաքի կշնորհվի մինչև 300,000 եվրո դրամաշնորհ` իր ռազմավարության իրականացման համար:

Դիմորդները կարող են գրանցվել և ներկայացնել իրենց հայտերը «Գյոթե ինստիտուտի» հայտերի ներկայացման հարթակում (GAP):

Գործողության վերջնական նպատակն է՝ մասնակցային մոտեցման և պետություն- մասնավոր հատված երկխոսության վրա հիմնված մշակութային զարգացման ռազմավարությունների մշակման և իրականացման միջոցով բարձրացնել մշակույթի և ստեղծարար արդյունաբերության դերը տնտեսական և սոցիալական զարգացման գործում՝ միաժամանակ պահպանելով և զարգացնելով բազմամշակութայնության և բազմաէթնիկականության սկզբունքները:

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն մշակույթի համար» ծրագիրն ուղղված է Արևելյան գործընկերության երկրների մշակութային և ստեղծարար հատվածին՝ նպատակ ունենալով աջակցել մշակույթի՝ որպես տարածաշրջանի աճի և սոցիալական զարգացման շարժիչ ուժի բարգավաճմանը:

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:

Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։

Radio NOR · ԵՄ-ն Վրաստանին օգնում է նվազեցնել հակաբիոտիկների օգտագործումը մսի արտադրության մեջ