Լիտվայի նախագահը Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել էին Հարավային Օսիայի հետ վարչական սահման

Լիտվայի նախագահը Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել էին Հարավային Օսիայի հետ վարչական սահման

Հունիսի 10-ին Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության (ԵՄԴԱ) հետ այցելել էին Հարավային Օսիայի հետ վարչական սահմանի որոշ հատվածներ:

ԵՄԴԱ-ի ղեկավար, դեսպան Մարեկ Շչիգելը նախագահ Նաուսեդային տեղեկացրեց տեղում անվտանգային և հումանիտար վերջին զարգացումների մասին և մանրամասներ ներկայացրեց Խուրվալեթիի շրջանի աշխարհագրական առանձնահատկությունների վերաբերյալ:

Դեսպանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, թե ինչպես են բաժանված Դիդի Խուրվալեթի գյուղում ընթացող «սահմանազատման» գործողությունները (օրինակ՝ նոր մետաղալարե ցանկապատերի և դիտակետերի տեղադրումը) բացասաբար անդրադառնում տեղի բնակչության առօրյա կյանքի և մարդու իրավունքների, այդ թվում՝ կրթության, առողջապահական ծառայությունների, հողի և սեփականության հասանելիության վրա:

Քննարկումների ընթացքում ընդգծվեց նաև, թե ինչպես է COVID-19 համավարակը վատթարացրել տեղում հումանիտար իրավիճակը և ավելացրել մարտահրավերները, որոնց հետ առօրյա կյանքում բախվում են հակամարտության ազդակիր համայնքները:

Վրաստանում ներկայացվել են դատական համակարգին աջակցության ԵՄ նախագծի արդյունքները

«EU4Justice» ծրագրի շրջանակներում Վրաստանում իրականացված «Դատական համակարգի աջակցության նախագիծն» անցկացրել է վերջին միջոցառումը՝ իր գործունեությունն ամփոփելու և դրա արդյունքները ներկայացնելու համար: Նախագծի նպատակն էր Վրաստանի դատական համակարգը մոտարկել միջազգային լավագույն չափորոշիչներին և մի շարք գործիքների միջոցով բարձրացնել դրա մատչելիությունը, արդյունավետությունը, անկախությունն ու հաշվետվողականությունը:

2016 թ. հոկտեմբերից մինչև 2021-ի հունիս ժամանակահատվածում նախագիծն իրականացրել է շուրջ 185 կարողությունների զարգացման գործողություն (դասընթացներ, սեմինարներ, համաժողովներ, միջազգային համագումար), ութ ուսումնական այց և յոթ ամառային ու ձմեռային դպրոց:

Նախագծի հիմնական ձեռքբերումների թվում են դատական համակարգի բարեփոխումների համապարփակ ռազմավարության ընդունումը, դատարաններում վերլուծական ստորաբաժանումների ցանցի ստեղծումը, դատական համակարգի համապարփակ ՏՏ աուդիտը, Թբիլիսիի քաղաքային դատարանի համար հարմարավետ վեբ-պորտալի գործարկումը, Սահմանադրական դատարանի գործերի կառավարման էլեկտրոնային համակարգի և դրա կայքէջի մշակումը, ինչպես նաև դատարանի ղեկավարների համար մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից գործիքների ներդրումը: Նախագծի կարևոր արդյունքներից են նաև տարեկան վերլուծական հաշվետվությունները և ուսուցման ու իրազեկության բարձրացման բազմաթիվ միջոցառումները:

«Եվրոպական միությունը հպարտ է, որ ակտիվ դեր է խաղում Վրաստանում օրենքի գերակայության ամրապնդման գործում, որը ցանկացած ժողովրդավարության հիմնասյունն է: Ընդունելով արձանագրված առաջընթացը՝ հավասարապես ճիշտ կլինի նաև արձանագրելը, որ անհրաժեշտ են հետագա ջանքեր, հատկապես, երբ խոսքը վերաբերում է դատական համակարգի թափանցիկությանը, հաշվետվողականությանը, անկախությանը և դրա նկատմամբ վստահության բարձրացմանը», – նշել է Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը:

Դեսպանը նաև նշեց, որ Եվրամիության միջնորդությամբ ապրիլի 19-ին ստորագրված քաղաքական համաձայնագիրն «արդեն իսկ համապարփակ աշխատանքային ծրագիր է նախատեսում առ այն, թե ինչ է պետք անել հետագայում՝ կարևորելով բոլոր քաղաքական կողմերի լայն և անմիջական մասնակցությամբ առանցքային հաստատությունների և գործընթացների բարեփոխումները»:

ԵՄ-ն և ՄԱԶԾ-ն Վրաստանի խորհրդարանին աջակցում են երեխաների համար կրթական ծրագրի մեկնարկի հարցում

Վրաստանի խորհրդարանը սկսում է երիտասարդ քաղաքացիներին խորհրդարանական ժողովրդավարության մասին ուսուցանելու կրթական արշավ, որը պատրաստվել է Եվրոպական միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ:

«Ի՞նչ գիտենք խորհրդարանի մասին» նոր կրթական նախաձեռնությունը հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ դասարանների աշակերտներին հնարավորություն է տալիս հետաքրքիր կերպով ծանոթանալ Վրաստանի խորհրդարանի դերերին, գործառույթներին և պատմությանը: Այն նաև ներկայացնում է գործիքներ և մեխանիզմներ, որոնք քաղաքացիները կարող են օգտագործել խորհրդարանական աշխատանքին մասնակցելու համար:

Նոր կրթական մոդուլը պարունակում է երեխաների համար նախատեսված գունագեղ դասագրքեր և ուսուցիչների համար նախատեսված մանրամասն ուղեցույցներ: Առաջիկա ուսումնական տարում Կրթության և գիտության նախարարությունը մոդուլը կփորձարկի 50 հանրակրթական դպրոցներում` ներառելով Թբիլիսիի և Արևելյան Վրաստանի Կախեթի, Քվեմո Քարթլիի, Մցխեթա-Մթիանեթիի և Շիդա Քարթլիի շրջանների 3000 աշակերտի:

«ԵՄ-ն Վրաստանի հուսալի գործընկերն է խորհրդարանական ժողովրդավարության ամրապնդման գործում: Քաղաքացիական մասնակցությունը, որը սկսվում է իրազեկությունից և տեղեկատվությունից, ժողովրդավարական զարգացման հիմնաքարերից մեկն է: Խորհրդարանի նոր կրթական նախաձեռնությունը նպատակ ունի խթանել քաղաքացիական կրթությունը և խորհրդարանն ավելի մոտ դարձնել երիտասարդությանը», – նշել է Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը:

ԵՄ-ն և ՄԱԶԾ-ն դպրոցներում քաղաքացիական կրթությանն աջակցում են իրենց ավելի լայն՝ «Խորհրդարանական ժողովրդավարության ամրապնդումը Վրաստանում» ծրագրի շրջանակներում, որպեսզի օգնեն Վրաստանին ամրապնդել իր ժողովրդավարական ձեռքբերումները և նպաստեն երկրի խորհրդարանի ինստիտուցիոնալ զարգացմանը:

EU4Environment-ն արդյունաբերական թափոնների քարտեզագրում է սկսում Վրաստանի Ռուսթավ և Զեստափոն համայնքներում

«EU4Environment» («ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի») ծրագիրը հունիսին արդյունաբերական թափոնների քարտեզագրում է սկսում Վրաստանի երկու համայնքներում՝ Ռուսթավում և Զեստափոնում: Այս երկու համայնքները կօգտվեն արդյունաբերական թափոնների հուսալի քարտեզագրման պիլոտային ծրագրից՝ արդյունաբերական թափոնների կյանքի ցիկլն ուրվագծելու համար:

Թափոնների քարտեզագրման վարժանքը նպատակ ունի վեր հանել, գնահատել և քարտեզագրել տեղական արտադրական ձեռնարկությունների թափոնների հոսքերը` սկսած արտադրական տեղամասում դրանց առաջացումից մինչև վերջնական վերացումը: Դրա հիմնական նպատակը ռեսուրսների օգտագործման արդյունավետ տարբերակների մշակումն ու շրջանաձև տնտեսության սկզբունքների և պրակտիկաների ներդրումն է:

Արդյունաբերական թափոնների քարտեզագրման գործողության շահագրգիռ կողմերը, այդ թվում՝ Վրաստանի կառավարությունը, ՏԻՄ-երը, մասնավոր ընկերությունները, միջազգային փորձագետները և UNIDO-ի աշխատակազմի անդամներն ու նրա ազգային գործընկերները, կհանդիպեն հունիսի սկզբին: Նրանք կքննարկեն Զեստաթոնում ու Ռուսթավում արդյունաբերական թափոնների քարտեզագրման հնարավորությունները` հետագա քայլերը պլանավորելու և համապատասխան քարտեզագրման մեթոդաբանությունը, տարածաշրջանում առկա թափոնների հոսքերը ու արդյունաբերության ճյուղերը համաձայնեցնելու համար:

Վրաստանում երիտասարդական հնարավորությունների առցանց հարթակ է գործարկվել

Հունիսի 1-ին Վրաստանում գործարկվեց ԵՄ աջակցությամբ մշակված երիտասարդական հնարավորությունների առցանց հարթակը: Այն միմյանց է կապելու ինչպես երիտասարդներին, այնպես էլ պետական, հասարակական և միջազգային կազմակերպություններին:

Youthplatform.gov.ge երիտասարդական հարթակն առցանց տարածք է, որն աշխատում է մեկ պատուհանի սկզբունքով: Այն երիտասարդներին հնարավորություն կտա հեշտությամբ օգտվել համապատասխան հնարավորություններից՝ միջոցառում, դասընթաց, սեմինար կամ դրամաշնորհային ծրագիր:

Հարթակը կգործի փորձնական ռեժիմում և շարունակաբար կթարմացվի՝ ելնելով օգտագործողի համար դրա հարմարավետությունից:

Youthplatform.gov.ge հարթակը լայնամասշտաբ նախագիծ է, որն իրականացվում է «Հմտություններ աշխատատեղերի համար» ծրագրի շրջանակներում, որն էլ, իր հերթին, համատեղ իրականացվում է Եվրոպական միության և նրա գործընկեր կազմակերպությունների, այդ թվում` «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ»-ի, «LEPL» երիտասարդական գործակալության, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և Վրաստանի երիտասարդական աշխատողների ասոցիացիայի կողմից՝ «Հմտություններ հաջողության համար» ծրագրի շրջանակներում:

ԵՄ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ կալանավորվածների ազատ արձակումը և Հայաստանի կողմից ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը

Եվրոպական միությունը ողջունում է հունիսի 12-ին Ադրբեջանի կողմից 15 հայ կալանավորվածների ազատ արձակումը և Հայաստանի կողմից ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը: Այս մասին ասված է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հունիսի 13-ի հայտարարության մեջ: Նշված գործողություններին իր նպաստն է բերել Վրաստանը:

«Այս գործողությունները կարևոր մարդասիրական և վստահության ամրապնդմանն ուղղված ժեստեր են Բաքվի և Երևանի կողմից, որոնք, հուսանք, նոր ուղի են հարթելու կողմերի միջև հետագա համագործակցության, ի վերջո, բոլոր հայ պահվող անձանց ազատ արձակման, ինչպես նաև տարածքների ականապատման բոլոր առկա քարտեզների հանձնման համար՝ խուսափելու հետագա մարդկային զոհերից», – ասել է Բորելը:

Բարձր ներկայացուցիչը հիշեցրել է, որ Եվրոպական միությունը և միջազգային մյուս դերակատարներն ակտիվորեն խրախուսել են այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելը: «Մենք հորդորում ենք շարունակել ներգրավված երկրների միջև հետագա համագործակցությունը», – հավելել է Բորելը:

Համաձայն հայտարարության՝ ԵՄ-ն կշարունակի խթանել հակամարտության կայուն և համակողմանի կարգավորումը, այդ թվում՝ հնարավորության դեպքում իրականացնելով կայունացմանը, հետպատերազմական վերականգնմանը և վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ: Եվրոպական միությունը նաև վերահաստատում է Հայաստանին և Ադրբեջանին ուղղված իր կոչը՝ վերստին ներգրավվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո առարկայական բանակցություններում։

ԵՄ աջակցությամբ նախագիծը կնպաստի Հայաստանում աշխատանքային և սոցիալական իրավունքների բարելավմանը

Հունիսի 11-ին ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սերանոն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի և ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հետ ազդարարեցին Հայաստանում աշխատանքային և սոցիալական իրավունքների բարելավմանն ուղղված ԵՄ կողմից ֆինանսավորվող 3 նոր նախագծերի պաշտոնական մեկնարկը։

Բոլոր երեք նախագծերը ֆինանսավորվում են «Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական գործիքի» (EIDHR) միջոցով: ԵՄ ընդհանուր ներդրման չափը կազմում է 1,138 մլն եվրո։

Նախագծերը կիրականացվեն երեք կազմակերպությունների՝ «ՕքսԵՋեն» հիմնադրամի, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» և «Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության» գլխավորած կոնսորցիումի կողմից: Նշված կոնսորցիումի ներքո իրականացվող նախագծերում կներգրավվեն հայաստանյան 14 ՔՀԿ։

 Հայաստանում ԵՄ դեսպանն ազդարարել է նոր քաղաքային կանաչապատման ծրագրի մեկնարկը

Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը հունիսի 5-ին այցելել է Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում գտնվող Միրաք ընտանիքի անվան անտառավերականգնման տնկարան:

Այս այցի ընթացքում դեսպան Վիկտորինը պաշտոնապես ազդարարել է «ԵՄ-ը շրջակա միջավայրի համար. կանաչ համայնք – դիմակայուն ապագա» ծրագրի մեկնարկը: Դրան հետևել է խորհրդանշական ծառատունկ, որին միացել են տեղական իշխանությունների և «Էյ Թի Փի» կազմակերպության ներկայացուցիչներ։

Առաջիկա 3 տարիների ընթացքում ծրագիրը նախատեսում է հիմնել երեք տնկարան` Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի 15 համայնքներում իրականացվելիք կանաչապատման նախաձեռնությունների համար տնկիներ մատակարարելու և 458,000 ծառ տնկելու համար: Իսկ բնության պահպանությանը միտված վարքագիծ խրախուսելու համար թիրախային համայնքներում 7000 դպրոցականներ կստանան ոչ-ֆորմալ բնապահպանական կրթություն։

«Կլիմայի փոփոխությանը, շրջակա միջավայրի պաշտպանությանն ու կայուն զարգացմանն առնչվող միջոցառումներն առանցքային մասն են կազմում Եվրոպական «կանաչ գործարքի», ինչպես նաև ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևոր առաջնահերթություններից են: Մեր համոզմունքն է, որ կանաչ զարգացումը տնտեսական վերականգնման առանցքում է, այդ պատճառով ԵՄ-ն շարունակաբար աջակցում է Հայաստանում կենսաբազմազանության պահպանման, կլիմայի փոփոխության հարմարվողականության, վերականգնվող էներգիայի խթանման, թափոնների կայուն կառավարման և այլ բնապահպանական ծրագրերի իրականացմանը»,- իր խոսքում ընդգծել է դեսպան Վիկտորինը:

EU4Business-ն աջակցում է Հայաստանում նորարարական տուրիզմի ստարտափ ֆաբրիկայի հիմնադրմանը

Հունիսի 8-ին Հայաստանում ազդարարվեց ԵՄ աջակցությամբ նորարարական տուրիզմի ստարտափ ֆաբրիկայի հիմնադրման շուրջ գործընկերության մասին: Ֆաբրիկան կստեղծվի «EU4Business» («ԵՄ-ն՝ բիզնեսի համար») նախաձեռնության շրջանակներում՝ համակարգչային ծրագրերի մշակմամբ զբաղվող գերմանական առաջատար SAP ընկերության և Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) համագործակցությամբ:

«Հայաստանում ստարտափ էկոհամակարգերը կարող են դառնալ տնտեսական աճի, լավ աշխատատեղերի ստեղծման և թվային վերափոխման շարժիչ ուժը։ «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» ծրագրի շահառու Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի կողմից «SAP ստարտափ ֆաբրիկա»-ի մեկնարկը նպաստում է Հայաստանի ՏՀՏ ոլորտի ներուժի բացահայտմանը, ինչպես նաև կարևոր քայլ է՝ երկիրը գլոբալ տեխնոլոգիական հզոր հանգույց դարձնելու հավակնության ուղղությամբ»,- իր խոսքում ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։    

«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության կողմից, իսկ իրականացումն ապահովում է Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերությունը (ԳՄՀԸ):

i-Portunus Houses. արվեստագետների և ստեղծագործողների համար նախատեսված շարժունակության աջակցության մրցույթ

«i-Portunus Houses» ծրագիրը, որը Եվրոպական հանձնաժողովի կողմից համաֆինանսավորվող «i-Portunus» պիլոտային սխեմայի մաս է կազմում ու նվիրված է արվեստագետների, ստեղծագործողների և մշակութային ոլորտի մասնագետների համար շարժունակության մոդելների փորձարկմանը, հյուրընկալող կազմակերպություններին հնարավորություն է տալիս միավորվել արվեստագետների և (կամ) մշակութային ոլորտի մասնագետների հետ՝ հանուն բնակության և համագործակցության:

i-Portunus Houses-ը բաց է հյուրընկալող կողմերի համար (կազմակերպություն կամ կայացած անհատ արվեստագետներ / մշակութային ոլորտի մասնագետներ)՝ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրում ներառված երկրներում (այդ թվում՝ Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում) օրինականորեն բնակվող 2-5 արվեստագետների և (կամ) մշակութային ոլորտի մասնագետների հետ թիմեր կազմելու և միասին մեկ կամ մի քանի համագործակցային նախագծերի շուրջ աշխատելու նպատակով: Սխեման բաց է մշակութային բոլոր ոլորտների (բացառությամբ տեսա-ձայնային ոլորտների), մոտեցումների և աշխատաձևերի համար: Ի նկատի ունենալով COVID-19-ի հետ կապված մարտահրավերները՝ հաշվի կառնվեն նաև խառը շարժունակության ձևերը:

Թիմի անդամներ գտնելու կամ հյուրընկալողի հետ համագործակցելու համար կարող եք «Market Square» ձևաչափով միջոցառումների (թարգմ.՝ շուկայական հրապարակ) ժամանակ գրանցվել առցանց համընկնումային հանդիպումներից մեկին:

Շարժունակության աջակցության համար նախատեսված ընդհանուր բյուջեն կազմում է 500,000 եվրո, որի առավելագույնը 30 տոկոսը կտրամադրվի վիրտուալ մասնակցությանը (որպես խառը շարժունակության առաջարկների աջակցության մաս): Ինչ վերաբերում է ֆիզիկական շարժունակությանը, թիմերի անդամները կստանան նվազագույնը 1500 եվրո՝ առնվազն 7 օր տևողությամբ շարժունակությանը մասնակցելու համար:

Բաց մրցույթի վերջնաժամկետը հունիսի 30-ն է: Երկրորդ մրցույթի մեկնարկը կտրվի օգոստոսի 23-ին, որի վերջնաժամկետը կլինի հոկտեմբերի 3-ը:

2021-2027 թթ. «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի շրջանակներում առաջին հայտամրցույթների մեկնարկ

Մեկնարկել են «Ստեղծարար Եվրոպա» նոր ծրագրի շրջանակներում (2021-2022թթ.) առաջին հայտամրցույթները: Յոթ տարվա համար ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 2,4 միլիարդ եվրո: Ծրագիրը նպատակ ունի օգնել մշակութային բոլոր ոլորտների մասնագետներին ու արվեստագետներին համագործակցել տարբեր դիսցիպլիններից և սահմաններից դուրս, գտնել ավելի շատ հնարավորություններ և ձեռք բերել նոր լսարաններ:

 Եվրոպական համագործակցության նախագծերի մրցույթը, որի բյուջեն կազմում է ավելի քան 60 միլիոն եվրո, ուղղված կլինի եվրոպական գեղարվեստական համագործակցությանը և նորարարություններին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են լսարանի ներգրավումը, սոցիալական համախմբվածությունը, թվայնացումը, Եվրոպական կանաչ գործարքին նպաստելը և գրատպության, երաժշտության, ճարտարապետության ու մշակութային ժառանգության հատվածներին բնորոշ խնդիրները:

Վերջնաժամկետը սեպտեմբերի 7-ն է:

Մշակութային և ստեղծարար կազմակերպությունների եվրոպական ցանցերի համար մրցույթը, որի բյուջեն կազմում է 27 միլիոն եվրո՝ 2021-2023 թթ. ժամանակահատվածի համար, կաջակցի եվրոպական մշակութային կազմակերպությունների ներկայացուցչական, բազմաթիվ երկրներ ներառող և անդամության վրա հիմնված ցանցերի կողմից իրականացվող կարողությունների զարգացման ծրագրերին:

Վերջնաժամկետը օգոստոսի 26-ն է:

Համաեվրոպական մշակութային կառույցների համար մրցույթը, որի բյուջեն կազմում է 5,4 միլիոն եվրո՝ 2021-2023 թթ. ժամանակահատվածի համար, աջակցելու է մեծատաղանդ երիտասարդ արվեստագետների վերապատրաստման, մասնագիտական որակավորման բարձրացման և ելույթների հնարավորություններ առաջարկելու նպատակ ունեցող նվագախմբերին:

Վերջնաժամկետը օգոստոսի 26-ն է:

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:

Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։

Radio NOR · Լիտվայի նախագահը այցելել է Հարավային Օսիայի վարչական սահման