Թբիլիսիի հայկական թատրոնի դերասանները հյուրախաղերով կայցելեն Նինոծմինդա եւ Ախալքալաք

Թբիլիսիի հայկական թատրոնի դերասանները  հյուրախաղերով կայցելեն Նինոծմինդա եւ Ախալքալաք

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի դերասանները հյուրախաղերի են պատրաստվում Ախալքալաք և Նինոծմինդա:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանն ասաց, որ «Պարում, երգում ու կատակում են Թբիլիսիի հայկական թատրոնի դերասանները» համերգային ծրագիրը պատրաստել են  դեռ անցած տարի` իմանալով, որ դահլիճներում արգելվում է ներկայացումներ խաղալ, ընտրել են բացօթյա տարբերակը: Առաջին ելույթը Նինոծմինդայում է` հուլիսի 11-ին, Հեշտիա գյուղում` հուլիսի 12-ին է, իսկ հուլիսի 13-ին` Ախալքալաքի կենտրոնում«Հետագայում նպատակ կա նաև նույն  ծրագրով  լինել Ախալցիխեի հայկական գյուղերում, ապա Քվեմո-Քարթլիում: Այս երկու հյուրախաղերը հնարավոր է` ֆինանսավորվի Վրաստանի մշակույթի նախարարության կողմից, սպասում ենք. մրցույթ է հայտարարվել, մասնակցել ենք, լիահույս եմ, որ պետք է այս մրցույթում հաղթողներից մեկը լինենք: Նաև մտադիր ենք օգոստոսին երկօրյա հյուրախաղերով Աջարիայի մայրաքաղաք Բաթումիում լինել, ուր կցուցադրենք «Հին վրացական վոդևիլները»:

Թատրոնի շենքը գործարկելուց հետո նպատակներ կան մշտական ներկայացումներ ունենալ Ախալքալաքի, նաև Նինոծմինդայի մշակույթի տանը, փաստացի` թատրոնը Ջավախքում կունենա կանոնավոր խաղացանկային ծրագիր, և տարեկան մոտ 24 ներկայացում կխաղան: Գեղարվեստական ղեկավարն ասում է` կոնկրետ սկսել են  աշխատել հանդիսատեսին ետ բերելու հարցով. «Մենք Ջավախքում 60-70-ականներին հանդիսատես ունեցել ենք, հիմա մի նոր սերունդ է եկել, որոնց չենք ճանաչում, բայց սկսել ենք ճանաչելու ու հանդիսատեսին վերադարձնելու գործը: Պետք է հանդիսատեսի նոր տեսակ բերենք: Ես սրա մասին հաճախ եմ ասում: Ջավախքով մշտապես կարտոֆիլով ենք հպարտանում: Սա արվեստի ու գրականության շրջան է, ու այս շրջանում անպայման կսիրվի թատրոնը»:

Թատրոնի շենքի շահագործումը կրկին հետաձգվել է, ու պատճառը կրկին պանդեմիայի առաջացրած դժվարություններն են: Նախատեսվում էր շենք վերադառնալ հունիսի 20-ին, սակայն ժամկետներում  կրկին չեն տեղավորվել, քանի որ տարբեր երկրներից է բերվում լուսային ու ձայնային ձևավորման համար անհրաժեշտ ամեն ինչ, իսկ պանդեմիայով պայմանավորված` ոչ բոլոր ճանապարհներն են բաց ու հասանելի: Հույսեր կան, որ մինչև տարեվերջ շենքը թատրոնին  կհանձնվի, իսկ 2022-ին արդեն նոր թատերաշրջանը կբացվի: aliq.ge

Գլխավոր լուսանկարը վերցված է Petros Adamian Tbilisi State Armenian Drama Theatre ֆեյսբուքյան էջից.