Պետությունը չկատարեց իր գործառույթը. քննություն պետք չէ` եզրակացություն անելու համար. Գախարիա

Պետությունը չկատարեց իր գործառույթը. քննություն պետք չէ` եզրակացություն անելու համար. Գախարիա

Այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի 5-ին, երբ պետությունը չկատարեց իր հիմնական գործառույթը և չկարողացավ պաշտպանել ո՛չ Լեքսո Լաշքարավային, ո՛չ մյուս լրագրողներին,  քաղաքացիներին, ինձ համար սա ավելի քան բավական է:

Կարիք չունեմ մեծ հետաքննության` եզրակացություն  անելու համար` լրագրողներին ասել է «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Գիորգի Գախարիան:

Գախարիան ասում է` երբ պետությունը չի կատարում իր հիմնական գործառույթները, պատճառը խարխլված ինստիտուտներն են: Երբ որևէ երկրում բռնություն է տեղի ունենում, դա պետության պարտականությունն է, անկախ նրանից` ով է եղել այդ բռնության կազմակերպիչը, կամ ով խրախուսել է այդ բռնությունը,  պետական ​​հաստատությունների պարտականությունն է` պաշտպանել յուրաքանչյուրի առողջությունն ու կյանքը: Այն փաստը, որ պետությունը նախապես ինչ-որ բան գիտեր և զգուշացրել  էր,  միայն վատթարացնում է իրավիճակը, ոչ թե հեշտացնում այն:

Գախարիան սա ասելով` ամենայն հավանականությամբ ակնարկում է վարչապետ Իրակլլի Ղաիբաշվիլիի հորդորը` հուլիսի 5-ի նախաշեմին: Նա խորհուրդ էր տվել ԼԳԲՏ համայնքին` ետ կանգնել արժանապատվության երթ անցկացնելու մտադրությունից, քանի որ վտանգավոր էր գտել, ակնարկել էր, որ հակաակցիայի կազմակերպիչները ևս հավաք անցկացնելու իրավունք ունեն: Երթին բացահայտ դեմ էին արտահայտվել իշխող թիմի այլ անդամներ ևս, օրինակ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն:

Նախօրեին կառավարության նիստին լրագրողները ընդհատել էին Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի ելույթը, մահացած Լեքսո Լաշքարավայի նկարը և վարչապետի հրաժարականով գրությունները թողել ամբիոնի մոտ: Նաև հայտարարել, որ լրագրողական համայնքը պահանջում է վարչապետի հրաժարականը, քանի որ նա երկրի թիվ մեկ հոմոֆոբն է ու սպանող կառավարության ղեկավարը:

Հիշեցնենք` մի շարք հասարակական կազմակերպություններ, շարժումներ գնահատական են տվել հուլիսի 5-ի դեպքերին` հայտնելով, որ ոստիկանությունն այդ օրը չի կատարել իր հիմնական գործառույթը: Ոստիկանությանն ու կառավարությանն անգործության մեջ են մեղադրել նաև մի շարք ընդդիմադիրներ: Aliq.ge