Անսահման շնորհակալություն Նինոծմինդայի անցակետի 14.07.2021 հերթափոխի ամբողջ անձնակազմին. Նազելի Բաբաջանյան

Անսահման շնորհակալություն Նինոծմինդայի անցակետի 14.07.2021 հերթափոխի ամբողջ անձնակազմին. Նազելի Բաբաջանյան

NOR ռադիոկայանին է դիմել Նինոծմինդայի բնակիչ Նազելի Բաբաջանյանը, որպեսզի ռադիոկայանի միջոցով իր երախտագիտությունը հայտնի Նինոծմինդայի անցակետի աշխատակիցներին։

Նազելի Բաբաջանյանը գրում է.

«Այսօր իմ բարկությունը իր գագաթնակետին էր հասել՝ 72 ժամյա թեստի արդյունքներով, 72 ժամը լրանալուն մնացել էր 15 րոպե, Հայաստանից մուտք ենք գործել վրացական անցակետ։
Վերադարձել եմ շտապ, որ հասցնեմ ժամանակին հատել սահմանը։ Անձնագրիս հետ տալիս եմ թեստիս պատասխանի փաստաթուղթը ու ասում, որ վաղը քննության եմ, չեմ կարող ինքնամեկուսանալ։

Աշխատակիցը նայում է թղթին ու հարցնում.
-Ե՞րբ ես հանձնել թեստը
-Հուլիսի 11- ին
-Այսօր ամսի քանի՞սն է
-14-ը
-Իսկ այդտեղ ի՞նչ է գրված
-Գրված է՝ 02.12.2021։
Այսինքն ստացվում է, որ թեստը հանձնել եմ այս տարվա դեկտեմբերի 2-ին, իսկ մենք դեռ հուլիսն ենք …

Ինչևէ, ինձ առաջարկում են կամ հետ վերադառնալ, նորից բերել ճիշտ պատասխանը, կամ ինքնամեկուսանալ, այն դեպքում ,երբ ես անհապաղ ետ եմ վերադարձել, քանզի քննության եմ (արդեն այսօր, ժամը 8-ին)։
Ժամս լրացավ, ու ինձ ասացին, որ անգամ եթե բերեմ պատասխանը, իզուր կլինի, մնալու եմ ինքնամեկուսացման մեջ։

Բարկությունը խեղդում էր ինձ:
ՀՀ -ի անցակետում, թեստի հանձնումից հետո մեզանից վերցնում են կոնտակտային տվյալներ, որ պատասխանը մի օրվա մեջ ուղարկեն, սակայն ոչինչ չեն ուղարկում, և որ հետո, սահմանին ստիպված չլինենք ժամերով սպասել, ստիպված փնտրում ենք Երևանում գտնվող անալիզ վերցնող իրենց կազմակերպության մասնաճյուղերը, որ այնտեղից վերցնենք պատասխանները, որ սահման հասնելու ժամանակ չկորցնենք, մինչդեռ պիտի մեր gmail- ներին ուղարկեն այդ ընթացքում:

Այսօր իմ հետ սահման հատողների հետ նույն խնդիրը եղավ, բավական չէ բոլորիս սխալ էին գրել ամսաթիվը, մի բան էլ QR կոդը չկար, այսինքն տվել էին ինչ որ թղթի կտոր, որի պատճառով բոլորիս մոտ խնդիրներ եղան, ՀՀ քաղաքացիներին հետ ուղարկեցին։ Չգիտեի անելիքս, երեխաներս Երևանում գնացին այդ հիվանդանոցները, որտեղ տվել էին թղթի կտորը, արդեն աշխատանքային ժամը վերջացել էր ու ես անճարությունից լաց եղա։

Սերգե անունով մի հայ տղա զանգեց իր ծանոթին ու կապնվեցին ՀՀ անցակետի աշխատակիցների հետ, որոնք առաջարկեցին, որ ոտքով հասնեմ ՀՀ անցակետ ու պարզեմ:

Գիտեք ինչ եղավ հետո ,գլխիս հավաքվեցին վրացական անցակետի գրեթե բոլոր աշխատակիցները, բոլորն էլ բարի դեմքերով սրտացավ երիտասարդներ, չնայած վրացերեն չեմ հասկանում լավ, բայց նրանց ջերմ վերաբերմունքից ավելի հուզվեցի։
Նրանցից մեկը խնդրեց, որ չլացեմ, ու ասաց, որ հիմա մեքենա կտրամադրի, որ ինձ տանի մինչև հայկական սահման, որ պարզեմ, ստանամ փաստաթուղթը ու ինձ նորից հետ կբերեն։
Նրանք կազմակերպեցին, որ ինձ մեքենայով հասցնեն ՀՀ Բավրայի անցակետ, սակայն այդ ընթացքում Սերգեն իր ընկերոջ միջոցով ճարեց հուլիսի 11-ին ինձանից թեստ վերցնող բժշկուհու համարը, կապնվեց նրա հետ, հարցրեց թե ինչ պատճառով ինձ չեն ուղարկել թեստի արդյունքները, ու բժշկի հրահանգով մի կերպ կարողացավ ստանալ իմ QR կոդը, որից հետո միայն հնարավոր եղավ, որ ինձ թույլ տան անցնել ու ինքնամեկուսացումից խուսափել։

Այս հսկայական տեքստը գրել եմ մի պարզ պատճառով՝ մարդկային հասարակ երախտագիտությունից ելնելով։

Անկախ նրանից, որ ես անձնապես չեմ ճանաչում Վրացական անցակետի երեկվա (14.07.2021) հերթափոխի տղաներից և ոչ մեկին, ուզում եմ անսահման երախտագիտությունս հղել բոլորին անհատապես։

Արդարացի կլիներ, որ նրանց ղեկավարությունը, բոլորին շնորհակալագիր շնորհեր, մարդկային նման սրտացավ վերաբերմունքի ու աջակցության համար։
Նրանց օրինակը թող վարակիչ ու օրինակելի լինի բոլոր հերթափոխերի ու նաև հարևան երկրի աշխատակիցների համար։

Անսահման շնորհակալություն ձեզ բոլորիդ, տղաներ, եղբայրներ։ Աստված օրհնի ձեր օջախները ու Աստծո օգնական ձեռքը միշտ հասնի ձեզ , ձեր նեղ պահերին։

Դուք արժանի եք գերագույն գնահատանքի,
Քանզի մարդու մա’րդ տեսակը շատ քիչ է պատահում»։

Նազելի Բաբաջանյան։
15.07.2021