Որքա՞ն ձմերուկ կարելի է ուտել օրական

Որքա՞ն ձմերուկ կարելի է ուտել օրական

Ցանկալի է ձմերուկ ուտել օրվա առաջին կեսին եւ օրական 200-250 գրամից ոչ ավելի։ Այսպիսի խորհուրդներ է տվել սննդաբան Սվետլանա Կրուգլիկովան։

Սննդաբանը խորհուրդ է տալիս ձմերուկ եւ սեխ գնել շուկաներում կամ խանութներում, այն տեղերում, որտեղ կարելի է համոզվել մթերքների որակյալ լինելու մեջ։ Սննդաբանը նշել է, որ ձմերուկն 90 տոկոսով բաղկացած է ջրից, իսկ այդ պտղի 100 գրամի մեջ պարունակվում է ընդամենը 31 կալորիա, 0,61 տոկոսը սպիտակուցներ են, 0,15 տոկոսը՝ ճարպեր եւ 7,55 տոկոսը՝ ածխաջրեր։ Ձմերուկի մեջ կան նաեւ А, В6, С վիտամիններ, հակաօքսիդանտներ եւ ամինաթթուներ։

Մասնագետի խոսքով՝ ձմերուկը բարելավում է երակների վիճակը եւ իջեցնում զարկերակային ճնշումը ցիտրուլին ամինաթթվի շնորհիվ, իսկ պտղի պարունակության մեջ առկա լիկոպենը բարձրացնում է անոթների  եւ մազանոթների տոնուսը։ С եւ В6 վիտամինները կայունացնում են սիրտ-անոթային համակարգի աշխատանքը։ Ձմերուկը մեծ քանակությամբ ջրի պարունակության շնորհիվ նաեւ նպաստում է օրգանիզմից շլակների եւ ռադիոնուկլեիդների տարրերի, խոլեստերինի դուրսբերմանը։

Ձմերուկը կերակրացանկից բացառել խորհուրդ է տրվում միզաքարային հիվանդություն, կոլիտ, փորլուծություն, աթերոսկլերոզ, շագանակագեղձի ադենոմա եւ սիրտ-անոթային համակարգի պաթոլոգիաներ ունեցող մարդկանց, որոնք ուղեկցվում են հեղուկի վատ արտահոսով։ Բացի այդ, անգամ առողջ մարդկանց խորհուրդ չի տրվում ձմերոկի կամ սեխի դիետա անել, քանի որ այդ մթերքները հարուստ են ածխաջրերով, եւ դրանց օգտագործումը հանգեցնում է գլյուկոզայի, հետեւաբար եւ արյան մեջ ինսուլինի մակարդակի կտրուկ բարձրացման։