Գյումրիի բնակարաններից մեկում մահացած են գտել 37-ամյա մորը և 10-ամյա որդուն

Գյումրիի բնակարաններից մեկում մահացած են գտել 37-ամյա մորը և 10-ամյա որդուն

Գյումրու կենտրոնում գտնվող Բագրատունյաց 8-րդ շենքի բնակարաններից մեկում այսօր հայտնաբերել էին 1984 թվականին ծնված Անժելա Գ․-ի և նրա որդու՝ 2011 թվականին ծնված Հրաչ Հ․-ի դիերը։ Դիերը եղել են ուռած, նեխած, ականատեսները մեզ պատմեցին՝ սկզբում անհնար է եղել ճանաչել, որ դիերից մեկն անչափահաս է՝ 10- ամյա տղա։

Նրանք հայտնաբերվել են երկսենյականոց բնակարանի հյուրասենյակում, որտեղ մահճակալ է դրված եղել՝ մայր և որդի անկողնու մեջ են եղել։

Զննությամբ պարզվել է, որ բնակարանը կոկիկ վիճակում է՝ թափթված որևէ իր չկա։ Կան ենթադրություններ, որ նրանք մահացել են մի քանի օր առաջ։

Դեպքի վայրում հավաքվել էին նրանց բարեկամները, հարևաններն ասելիք չունեին, քանի որ այս ընտանիքին չեն ճանաչում․ միայն գիտեին, որ նրանք ընդամենը 4 օր է՝ ինչ վարձակալել էին բնակարանը, ընդ որում վարձակալել էին չորս օրով։

Գյումրիում Կինը բնակարանի տիրոջը ներկայացրել է, որ մայրաքաղաքից որպես զբոսաշրջիկ են հյուրընկալվել Գյումրիում, մինչդեռ նրանք Գյումրիի բնակիչներ են։ Ամուսինը, ըստ իրավապահների, չորս օր շարունակ փնտրել է նրանց․ կինը վերցնելով որդուն՝ տնից հեռացել է։ Այս պահին դատաքննչական գործողություներ են ընթանում՝ դեպքի հանգամանքները պարզելու, նշանակված է դիերի դատաբժշկական փորձաքննություն, որը ևս հստակ պատասխան կտա, թե ինչից է վրա հասել մահը։

Իրավապահները մի քանի վարկած են քննարկում, վարկածներից մեկը թունավորումն է, իհարկե, ոչ գազի արտահոսքից, ԱԻՆ-ի աշխատակիցները գազի արտահոսք չեն հայտնաբերել տվյալ հասցեում։

Իրավապահները չեն բացառում, որ մայրը թունավորել է տղային, այնուհետև ինքն է թույն խմել։ Իհարկե, սա ընդամենը քննարկվող վարկածներից մեկն է, պաշտոնական դեռ ոչինչ չկա։

ԱԻՆ 911 ծառայություն ահազանգել է այդ բնակարանի տերը, որի դռան թակոցներին տևական ժամանակ չեն արձագանքել բնակարանը վարձակալած անձինք։ ԱԻՆ-ի աշխատակիցները բացելով դուռը՝ տեսել են դիերը ու անմիջապես զանգահարել շտապօգնություն։

Ինչպես ավելի վաղ մեզ տեղեկացրել էր Հ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ տվյալ բնակարանի բնակիչները չեն արձագանքում թակոցներին:

Ահազանգը ստացվել է ժամը 12․47-ին, դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ, ու բնակարանում հայտնաբերվել են մոր ու երեխայի դիերը։