Նինո Լոմջարիան առաջարկում է հետաձգել հոկտեմբերի 2-ին նշանակված ընտրությունները

Նինո Լոմջարիան առաջարկում է հետաձգել հոկտեմբերի 2-ին նշանակված ընտրությունները

Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան քաղաքական կուսակցություններին առաջարկում է հետաձգել հոկտեմբերի 2-ին նշանակված ՏԻՄ ընտրությունները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանում շատ բարդ համաճարակային իրավիճակ է տիրում:

«Այսօր, երբ մենք ունենք օրական 60-70 մահ և պետք է ակնկալենք ավելի խիստ կանոնակարգերի ներդրում, ինչո՞ւ ոչ ոք չի քննարկում նման հնարավորությունը: Ես նույն դժգոհությունն ունեմ ընդդիմության հանդեպ: Ինչո՞ւ ոչ ոք չի քննարկում, արդյո՞ք հնարավոր է նման իրավիճակում ընտրություններ անցկացնել: Ի՞նչը կարող է լինել երկրում ավելի վատ և ողբերգական, քան այն, ինչ տեղի է ունենում հիմա», – ասել է Լոմջարիան «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում:

Նա շեշտադրել է, որ երկրում կարող է հայտարարվել արտակարգ դրություն և հիշեցրել, որ անցյալ տարի՝ խորհրդարանական ընտրություններից հետո, համաճարակային իրավիճակը նույնպես վատթարացել էր:

ՄԻՊ-ը նաև կարծում է, որ Վրաստանում համաճարակի կառավարման ընթացքում իշխանությունները հենվում են ոչ թե գիտական մոտեցումների, այլ քաղաքական նպատակահարմարության վրա, «ինչը վտանգ է ներկայացնում քաղաքացիների առողջության և կյանքի իրավունքի համար»:

Կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդությունների պատճառով օգոստոսի 23-ին Վրաստանում մահացել է 60 բուժառու, իսկ օգոստոս ամսվա 22 օրերի ընթացքում՝ մոտ 1000 մարդ:

Երկրի հոսպիտալային հատվածը գերծանրաբեռնված է, մայրաքաղաքում կազմակերպվել են դաշտային հիվանդանոցներ, իսկ փորձագետները հայտարարում են, որ չնայած իրավիճակը Թբիլիսիում և Աջարիայում համեմատաբար կայուն է, սակայն շրջաններում սպասվում է վիրուսի տարածման նոր ալիք: