Ի՞նչ հիվանդություն կարող է առաջանալ գրասենյակային աշխատանքից

Ի՞նչ հիվանդություն կարող է առաջանալ գրասենյակային աշխատանքից

Գրասենյակային աշխատանքը կարող է նպաստել ասթմայի զարգացմանը: Այսպիսի անսպասելի եզրակացության են եկել մասնագետները, որոնք իրենց հետազոտության արդյունքները ներկայացրել են Եվրոպական շնչառական ընկերության միջազգային համաժողովում:

Ինչպես հայտնում է EurekAlert-ը, հետազոտության հեղինակները վերլուծել են մասնագիտական գործունեության հետ կապված ասթմա ունեցող գրասենյակային 47 աշխատողների հիվանդության պատմությունները: 17 պացիենտների մոտ թոքերը չափազանց զգայուն են եղել օդի մեջ եղած մասնիկների նկատմամբ:

Բրիտանացի բժիշկ Քրիստոֆեր Հանթլին հայտարարել է, որ ցանկացած աշխատանքային միջավայր կարող է մասնագիտական ասթմա առաջացնել, եթե այն պարունակում է շնչառական սենսիբիլիզատորներ: Սա մի նյութ է, որը կարող է անդառնալի ալերգիկ ռեակցիա առաջացնել, օրինակ, աերոզոլները կամ փոշին:

«Մենք սովորաբար գրասենյակն ընկալում ենք որպես անվտանգ միջավայր, ուստի շատ հնարավոր է, որ գրասենյակային աշխատողների մոտ ասթմա ախտորոշելու դեպքում անտեսվում են մասնագիտական պատճառները: Մենք մասնագիտական ասթմայի աճող դեպքեր ենք ախտորոշում գրասենյակներում աշխատող պացիենտների մոտ, ինչպես նաեւ հայտնաբերում ենք դեպքեր որոշակի գրասենյակներում»,- ասել է Հանթլին:

Ասթման ամենից հաճախ առաջանում է գրասենյակային աշխատողների մոտ՝ հենց սենյակի պայմաններից (նրանց վրա կարող են ազդել, օրինակ, տպիչի տոները, բորբոսը եւ մաքրող միջոցները), օդափոխության վիճակից (օդորակիչների եւ օդափոխման խորշերի բորբոսը), ինչպես նաեւ գրասենյակի միջավայրից (մոտակա արտադրամասեր, ներկի գոլորշիներ եւ մեքենաների արտանետումներ):