Արդյո՞ք Նինոծմինդայի շրջանը կմիանա «Պաշտպանեք Վրաստանի մաքրությունը» ակցիային

Արդյո՞ք Նինոծմինդայի շրջանը կմիանա «Պաշտպանեք Վրաստանի մաքրությունը» ակցիային

Սեպտեմբերին Վրաստանը մաքրման համաշխարհային օրը նշում է մաքրման եռօրյա արշավով: «Պաշտպանեք Վրաստանի մաքրությունը» նախագծի շրջանակներում սեպտեմբերի 17-19-ը Վրաստանի ողջ տարածքում կանցկացվեն մաքրման ակցիաներ:

Պարզելու համար, թե Նինոծմինդայի շրջանը կմիանա մաքրության համաշխարհային ակցիային, դիմեցինք կոմունալ ծառայության տնօրեն Անդրանիկ Բդոյանին.

«Կոնկրետ այս ակցիայի հետ կապված Նինոծմինդայի քաղաքապետարանից դեռ հրահանգ չենք ստացել։ Մենք ամեն օր Նինոծմինդայի մունիցիպալիտետում իրականացնում ենք պատշաճ մաքրություն։ Մասշտաբային մաքրություն տարբեր հաստատությունների հետ իրականացրել ենք ապրիլ ամսին», – ասաց Անդրանիկ Բդոյանը։


Այն հարցին թե արդյո՞ք ճանապարհների եզրերի մաքրման աշխատանքները մտնում է կոմունալ ծառայության պարտականության մեջ, Անդրանիկ Բդոյանը պատասխանեց.

«Մեր պարտականությունների մեջ մտնում է միայն քաղաքի և գյուղերի մաքրությունը։ Ինչ վերաբերում է ճանապարհի եզրերին` դա մեզ չի վերաբերում, բայց որքան հնարավոր է, երբ մեր աղբահան մեքենաները մեկնում են գյուղեր հավաքել ենք տալիս»։

Պարզելու համար, թե քաղաքապետարանը հրահանգ ստացե՞լ է միանալու «Պաշտպանեք Վրաստանի մաքրությունը» ակցիային, զանգահարեցինք քաղաքապետ Անիվարդ Մոսոյանին, քաղաքապետը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին` հավանաբար զբաղված լինելու պատճառով:

Նինոծմինդայի շրջանի ամենաղտոտված վայրը շարունակում է մնալ Նինոծմինդայից դեպի մաքսակետ տանող կենտրոնական ճանապարհի եզրերը, որտեղ երկկողմանի թափված է մեծ քանակությամբ ապակյա և պլաստիկե շշեր, պոլիէթիլենային տոպրակներ և տարբեր աղբ։

Нет описания.

Նույն իրավիճակն է նաև մունիցիպալիտետի գյուղեր տանող ճանապարհների եզրերին։

Нет описания.

Շրջակա միջավայրին նման վերաբերմունք և մեծ վնաս հասցնողները հիմնականում անբարեխիղճ վարորդներն են, ովքեր մեքենաներից դուրս են շպրտում աղբը։

Չնայած, որ Նինոծմինդայի շրջանում աղբամանները ավելի ու ավելի են շատանում, ամեն դեպքում որոշ բնակիչներ շարունակում են աղբը շպրտել ուր պատահի։

NOR ռադիոկայանը կոչ է անում բոլորին միանալ ակցիային ամենատարբեր ձեւերով, սկսած իրազեկումից, վերջացրած ձեր իսկ տարածքը մաքրելուց:

Հարկ է նշել, որ Մաքրության համաշխարհային օրվա հիմնական նպատակն է սովորեցնել մարդկանց ինչպես ճիշտ տնօրինել թափոնները, ինչպես նաև բարելավել մոլորակի էկոլոգիական իրավիճակը, ինչը կազդի կլիմայի փոփոխության գործընթացի վրա:

Միջազգային արշավն ամբողջ աշխարհում շարունակվում է 1993 թվականից՝ ՄԱԿ -ի Շրջակա միջավայրի ծրագրի նախաձեռնությամբ և ներառում է 133 երկիր: