Դժբախտ պատահարի զոհ է դարձել 9-ամյա երեխա| ՏԵՍԱՆՅՈւԹ

Դժբախտ պատահարի զոհ է դարձել 9-ամյա երեխա| ՏԵՍԱՆՅՈւԹ

Դժբախտ պատահար՝ Երևանում: Երկաթբետոնե կառուցատարրը շրջվել է 9-ամյա երեխայի վրա և մահվան պատճառ դարձել: Փոքրիկի դին հայտնաբերվել է նրան մի քանի ժամ փնտրելուց հետո:

Դեպքը տեղի է ունեցել Իսակովի պողոտայի շենքերից մեկի հարևանությամբ գտնվող ամայի տարածքում, որտեղ տարիներ ի վեր կուտակված են բետոնե մեծ ու փոքր սալիկներ: Տարածքի բնակիչները հրաժարվեցին խոսել տեսախցիկի առաջ, բայց պատմեցին, որ երեխաները հաճախ են այնտեղ խաղում: Շատերն էլ ավտոտնակների հետևում թաքնված այդ վայրի մասին միայն ողբերգական դեպքից հետո են իմացել: Թե ում է պատկանում կյանքի համար վտանգավոր կառուցատարրերով բեռնված հողատարածքը, բնակիչներն ասացին՝ չգիտեն:

Երևանի քաղաքապետարանից կատարվածի վերաբերյալ միայն հայտնեցին, որ տարածքը մասնավոր է, և այնտեղ արդիական շինաշխատանքների թույլտվություն չկա:

Թե վտանգավոր կոնստրուկցիաներով կամ կիսատ-պռատ շինություններով բեռնված քանի տարածք կա Երևանում, «Լուրերին» պարզել չհաջողվեց: Արտակարգ իրավիճակների նախարարությունը և Քաղաքաշինության կոմիտեն նույնպես նման վիճակագրության չեն տիրապետում:

Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, Կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Ռուզան Ադամյանը նշում է.

Ռուզան Ադամյան, Քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ – Կարծում եմ՝ այսօրվա դեպքի հետ կապված ճիշտ կլիներ ԱԻՆ-ն իր դիրքորոշումը տար ու հատկապես Երևանի քաղաքապետարանը, որովհետև իր վարչական շրջաններից մեկում է դա տեղի ունեցել, որ չպետք է տեղի ունենար:

Ադամյանի պնդմամբ՝ ողբերգության վայր դարձած տարածքը պետք է մաքրեր ու կարգի բերեր Երևանի քաղաքապետարանը՝ անկախ այն բանից, թե ով է սեփականատերը:

9-ամյա տղայի մահվան փաստի վերաբերյալ ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 23:00-ին հայրը հաղորդում է տվել, որ որդին նույն օրը՝ ժամը 17:00-ին դուրս է եկել տանից և չի վերադարձել: Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 00.30-ի սահմաններում Իսակովի պողոտայի 52/5 հասցեի դիմաց գտնվող հողատարածքում բետոնե փլված քարի տակ հայտնաբերվել է տղայի դիակը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:1lurer.am