Թորիայի բնակիչները բողոքում են մանկապարտեզի բացակայությունից

Թորիայի բնակիչները բողոքում են  մանկապարտեզի բացակայությունից

Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի ամենակարևոր խնդիրներից մեկը հանդիսանում է մանկապարտեզի բացակայությունը:

Բնակիչների խոսքով՝ մանկապարտեզի բացակայության պատճառով արդեն մի քանի տարի է երեխաները հաճախում են Հեշտիա գյուղի մանկապարտեզ: Երեխաներին մանկապարտեզ տանում են գյուղի այն բնակիչները ովքեր ունեն հնարավորություն եւ մեքենա՝ իրենց երեխաներին տանելու գյուղից գյուղ: Չունենալով համապատասխան միջոցներ որոշ ծնողներ հրաժարվել են երեխաներին տեղափոխել:

Բնակիչներից Արարատ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Գյուղում մանկապարտեզ չունենք, երեխաներին տեղափոխում ենք հարեւան Հեշտիա գյուղի մանկապարտեզ: Տեղափոխման հետ կապված նույնպես ունենք տրանսպորտի խնդիր: Լավ կլիներ, որ ուշադրություն դարձնեին մի քիչ, մինչեւ մանկապարտեզի կառուցվելը»:

«Գյուղի մեծահասակները, մասնավորապես ձմռանը, չունեն համապատասխան վայր, որպեսզի կարողանան իրենց ազատ ժամանակը անցկացնել այնտեղ: Կխնդրեինք կառավարությանը որպեսզի այդ հարցին էլ ուշադրություն դարձնեն»,- ավելացրեց Արարատ Պետրոսյանը:

NOR ռադիոկայանը նախկինում լուսաբանել, որ հնարավոր է Թորիայի դպրոցի շենքից ինչ-որ մի մաս տրամադրվի գյուղում մանկապարտեզ բացելու համար:

Այդ հարցի շուրջ NOR -ի լրագրողը զրուցեց Թորիայի հանրային դպրոցի տնօրեն Սերգեյ Պետրոսյանի հետ, ով ասաց. «Քանի որ գյուղում չունենք մանկապարտեզ աշխատում էինք այնպես անել, որ դպրոցից մի մաս ծառայի մանկապարտեզի համար: Նախարարությունից տրվել է 1 տարվա թույլտվություն, իսկ քաղաքապետարանից նամակ է եկել, որ 1 տարվա թույլտվության համար նպատակահարմար չէ»:

Ճիշտ է գյուղը փոքր է, բայց բնակիչները հույսով են, որ եթե ոչ այս տարի, ապա գոնե 2-3 տարվա ընթացքում կկառուցվի մանկապարտեզ, որտեղ կհաճախեն գյուղի բոլոր երեխաները: