Փոկայից 19-ամյա զինծառայողի մահվան դեպքը կքննի Բժշկական կարգավորման գործակալությունը

Փոկայից 19-ամյա զինծառայողի մահվան դեպքը կքննի Բժշկական կարգավորման գործակալությունը

Բժշկական կարգավորման գործակալությունը հետաքննություն է սկսել Նինոծմինդայի Փոկա գյուղում բնակվող 19-ամյա զինծառայողի մահվան փաստով։ Գործակալությունն այս փուլում սպասում է դատարանի որոշմանը Ախալցիխեի ուղեգրային հիվանդանոցում առկա փաստաթղթերը ստուգելու համար։Հենց այս կլինիկայում է երիտասարդը ստամոքսի վիրահատության ենթարկվել և օրեր անց մահացել։

«Ընթացակարգը սկսվել է, մենք միջնորդություն ենք ուղարկել դատարան, որ մեզ համապատասխան մուտքի հրաման տան։ Համաձայն կլինիկայի փաստաթղթերի՝ կարգավորող գործակալությունը կուսումնասիրի հիվանդին ցուցաբերված բժշկական օգնության որակը»,- Հարավային դարպասին հայտնել են գործակալությունից։

Հիշեցնենք՝ 19-ամյա Սարգիս Սահակյանը ծառայում էր Ախալքալաքի զորամասում։

Նոյեմբերի 11-ին Ախալցիխեի ուղեգրային հիվանդանոցում նա ստամոքսի խոցի վիրահատության է ենթարկվել։ Ընտանիքը տեղեկացվել էր հաջորդ օրը։

Սարգիս Սահակյանը նոյեմբերի 16-ին դուրս էր գրվել, սակայն կլինիկան հիվանդից պահանջել էր հաջորդ օրը վերադառնալ։ Իսկ նոյեմբերի 18֊ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, զանգահարել են ընտանիքին ու ասել, որ զինծառայողը մահացել է։

Ընտանիքի անդամները և հարազատները մեղադրում են ինչպես կլինիկային, այնպես էլ պաշտպանության նախարարությանը։ Նրանք պատրաստվում են դիմել դատարան։