Նոր միջանցքը՝ Իրան-Ադրբեջան-Վրաստան նպատակ ունի դյուրացնել տարանցումը դեպի Եվրոպա

Նոր միջանցքը՝ Իրան-Ադրբեջան-Վրաստան նպատակ ունի դյուրացնել տարանցումը դեպի Եվրոպա

Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև նոր միջանցքը կհեշտացնի ապրանքների տարանցումը դեպի Եվրոպա, դեկտեմբերի 22-ին հայտարարել է իրանցի պաշտոնյան։ Այս մասին հայտնում է իրանական Mehr News գործակալությունը։

Արևելյան Ադրբեջանի ճանապարհների և տրանսպորտի կազմակերպության ղեկավար Օրուջալի Ալիզադեն ասել է, որ նոր միջանցքը կառուցվել է երեք երկրների կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն:

Պաշտոնյայի խոսքով՝ տարանցիկ միջանցքը ոչ միայն հեշտացնում է ապրանքների արտահանումը Իրանից դեպի Բաթում՝ Սև ծովի ափին, այլև Իսլամական Հանրապետությանը հնարավորություն է տալիս արտադրանք արտահանել տարածաշրջանի այլ երկրներ։

Նշելով այն փաստը, որ Բաթումի նավահանգստային քաղաքը Եվրոպան Սև ծովով կապող ամենամեծ նավահանգիստն է, նա ընդգծել է, որ միջանցքը կօգնի նաև Իրանին, մասնավորապես Թավրիսին, զարգացնել առևտրային հարաբերությունները եվրոպացի գործընկերների հետ։

«Ավելին, եվրոպական երկրները նույնպես կարող են այս նավահանգստով իրենց ապրանքներն Իրան արտահանել»,- ասել է Ալիզադեն։

Իրան-Ադրբեջան-Վրաստան տարանցիկ միջանցքը համարվում է եվրոպական երկրների և Իրանի միջև ամենակարճ ճանապարհներից և ամենաարդյունավետ միջանցքներից մեկը: