Աշխարհում միլիարդատերերի թիվը 400-ով ավելացել է

Աշխարհում միլիարդատերերի թիվը 400-ով ավելացել է

2021 թվականին աշխարհում միլիարդատերերի թիվն ավելացել է 400-ով։ Դեկտեմբերի 17-ի դրությամբ՝ աշխարհում գրանցվել է ավելի քան 2600 միլիարդատեր՝ մոտ 14 տրիլիոն դոլար ընդհանուր կարողությամբ։ Այս մասին հայտնում է Forbes-ը։

Կանանց թվում 2021-ին ամենահարուստը ճանաչվել է Միրիամ Ադելսոնը՝ ազարտային խաղերի մագնատ Շելդոն Ադելսոնի այրին։ Նա ժառանգել է ամուսնու մասնաբաժինը Las Vegas Sands-ում, դա կազմում է նրա կապիտալի մեծ մասը, որը փորձագետները գնահատում են 27․1 մլրդ դոլար։

Նոր միլիարդատերերի մեծ մասը՝ մոտ 160-ը, Չինաստանից են։ Չինաստանին հաջորդում է ԱՄՆ-ը՝ 100 նորաթուխ միլիարդատերով։ Հնդկաստանն ու Գերմանիան յուրաքանչյուրն ունեն ավելի քան 20 նոր միլիարդատեր, Շվեդիան՝ 12։ Եվս 3 երկրում 2021-ին հայտնվել են առաջին միլիարդատերերը։

Նոր միլիարդատերերի ավելի քան կեսը հարստացել են երեք ինդուստրիաներից մեկի շնորհիվ (արդյունաբերական արտադրություն, տեխնոլոգիաներ, ֆինանսներ և ներդրումներ)։ Արդյունաբերական արտադրությունը եղել է դրանցից առավել շահութաբերը, հատկապես Չինաստանում։