Համայնքի ղեկավարները՝ հանուն տնտեսական զարգացման. Վրաստանի ութ համայնքային իշխանություններ աջակցություն կստանան

Համայնքի ղեկավարները՝ հանուն տնտեսական զարգացման. Վրաստանի ութ համայնքային իշխանություններ աջակցություն կստանան

Վրաստան. ԵՄ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ն անչափահասների գործերով արդարադատության ոլորտի մասնագետներին աջակցում են երեխաների իրավունքների վերաբերյալ մասնագիտացված գիտելիքներ ձեռք բերելու հարցում

Վրաստանի Ազատազրկման հետ կապ չունեցող պատժամիջոցների ծառայության և Պրոբացիայի ազգային գործակալության ավելի քան 50 մասնագետ մասնակցել է օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաների և հանցագործությունների զոհերի ու վկաների հետ աշխատանքին նվիրված քառօրյա դասընթացին:

Դասընթացը կազմակերպվել էր ԵՄ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ անչափահասների գործերով արդարադատության մասնագետների արհեստավարժության խթանմանն ուղղված համատեղ նախաձեռնության շրջանակներում՝ Վրաստանի արդարադատության ուսումնական կենտրոնի հետ համագործակցությամբ:

Մասնագիտացման առումով տեղական փորձագետները պետք է ծանոթանան անչափահասների գործերով արդարադատության համակարգի կարևորագույն հիմնաքարերից մեկի՝ քրեական պատասխանատվությունն այլընտրանքային միջոցներով փոխարինման մեխանիզմի (diversion) հետ: Այս մեխանիզմը ենթադրում է երեխաների համար իրենց արարքների հետևանքները հասկանալու, ինչպես նաև նրանց կողմից իրավախախտման կրկնությունը կանխելու նպատակով աջակցության ստացման հնարավորությունների ստեղծում:

Դասընթացները կայացան ԵՄ աջակցությամբ «Երեխաների պաշտպանության համակարգերի և ծառայությունների հզորացում Վրաստանում» եռամյա ծրագրի շրջանակում, որն ուղղված է կենտրոնական և մունիցիպալ մակարդակի մասնագետների կարողությունների զարգացմանը՝ Վրաստանում երեխաներին և ընտանիքներին աջակցելու և պաշտպանելու համար:

Ապակենտրոնացված կառավարում, սոցիալական համախմբվածություն և ներառական տնտեսական աճ. ԵՄ-ն և Գերմանիան նոր ծրագիր են սկսում Վրաստանի մարզերի համար

Եվրոպական միությունը Գերմանիայի կառավարության հետ համատեղ սկսել է ազգային ծրագիր, որն ուղղված է Վրաստանի մարզերի կայուն և ներառական աճին, համաչափ տարածքային զարգացմանն ու լավ կառավարմանը: Ծրագիրն ընդգրկում է Գուրիայի, Իմերեթի, Կախեթի, Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի մարզերը:

9,5 միլիոն եվրո արժողությամբ «Ինտեգրված տարածքային զարգացում» (EU4ITD) ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից և նախատեսված է 2022-2025 թթ. ժամանակահատվածի համար:

Ծրագրի բյուջեից 8.5 մլն եվրոն հատկացրել է Եվրոպական միությունը, իսկ 1 մլն-ը՝ Գերմանիան: Այդ միջոցներն օգտագործելով՝ նախաձեռնությունը կնպաստի համաչափ տարածքային զարգացմանը և սոցիալական համախմբմանը՝ տարածքային զարգացման միջոցառումները, ինչպիսին քաղաքների նորացումն է, համատեղելով տնտեսական զարգացմանն ու սոցիալական ներառմանը նպաստող գործողությունների հետ:

GIZ-ը կօգնի համայնքային իշխանություններին, բիզնեսներին և քաղաքացիներին ծրագրի թիրախում հայտնված մարզերի չօգտագործված տնտեսական և սոցիալական ներուժի իրացման հարցում: ՄԱԶԾ-ն էլ կխթանի ապակենտրոնացումը և լավ կառավարումը ու կստեղծի ապակենտրոնացված տարածքային քաղաքականության ինստիտուցիոնալ զարգացման շրջանակներ:

Համայնքի ղեկավարները՝ հանուն տնտեսական զարգացման. Վրաստանի ութ համայնքային իշխանություններ աջակցություն կստանան

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) հայտարարել են, որ Վրաստանի ութ համայնքային իշխանություններ կստանան նպատակային աջակցություն ԵՄ կողմից ֆինանսավորվող «Համայնքի ղեկավարները՝ հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ) տարածաշրջանային նախաձեռնության շրջանակներում։

ՀՀՏԶ նախաձեռնությունը նպատակ ունի քաղաքները ավելի գրավիչ դարձնել մարդկանց և ներդրումների համար:

Բաթումն և Քութայիսը կստանան 225,000-ական եվրո՝ մունիցիպալ վերափոխման պորտֆելի նախագծման և ակտիվացման համար:

Փոթին, Ռուսթավը, Սամտրեդիան և Ծղալտուբոն կանցնեն «Քաղաքային երևակայություններ» խորագրով մենթորություն և ուսուցում, որը նրանց հնարավորություն կտա ստանալ 60,000-ական եվրո սաղմնային ֆինանսավորում՝ նորարարական զարգացման ծրագրերի համար:

Բոլնիսն ու Օնն էլ կստանան ուղղակի աջակցություն Վրաստանում ԵՄ պատվիրակությունից՝ տնտեսական և բիզնեսի զարգացման նախաձեռնություններ իրականացնելու համար: Բոլնիսը կընդլայնի իր համայնքային բիզնես մոդելը, իսկ Օնը կստեղծի տեղական բիզնես կլաստերներ՝ ներդրումներ ներգրավելու համար։

«Վրաստանի մարզերն ունեն հսկայական չօգտագործված ներուժ: Մեր «Համայնքի ղեկավարները՝ հանուն տնտեսական զարգացման» ծրագիրն օգնում է երևան հանել և շունչ տալ այդ հնարավորություններին: Այս տարածաշրջանային նախաձեռնության միջոցով ԵՄ-ն համայնքային իշխանություններին կօգնի առաջ շարժվել հետհամավարակային շրջանում, բացահայտել տնտեսական և սոցիալական զարգացման նոր ուղիներ և օգտվել ԵՄ անդամ երկրներում կուտակված փորձից», – նշել է Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելը։

«Համայնքի ղեկավարները՝ հանուն տնտեսական զարգացման» ծրագիրը ՀՀՏԶ նախաձեռնության մի մասն է, որը մեկնարկել և ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից և իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից:

ԵՄ-ը և ՄԱԶԾ-ը վրացի ոստիկաններին սովորեցնում են ավելի լավ պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց

Այս տարվա մարտին ԵՄ-ը և ՄԱԶԾ-ը կազմակերպել են 24 դասընթացների շարք Վրաստանի պարեկային ոստիկանության 600 աշխատակիցների համար:

Դասընթացի նպատակն էր ոստիկաններին սովորեցնել ավելի լավ պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները և շփվել նրանց ընտանիքների հետ:

Այս լայնածավալ միջոցառումը հաջորդեց Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցների համար փետրվարի սկզբին կազմակերպված ուսուցանողների վերապատրաստման դասընթացին:

ԵՄ գրականության մրցանակ 2022. Ուկրաինան և Վրաստանը անցել են 14 հավակնորդների ցանկ

«Ստեղծարար Եվրոպա» ծրագրի կողմից համաֆինանսավորվող Եվրոպական միության գրականության մրցանակի կազմակերպիչները հրապարակել են 2022 թվականի հաղթողի հավակնորդների ցանկը։ Այս տարվա մրցանակին հավակնում են սկսնակ հեղինակներ եվրոպական 14 երկրներից, այդ թվում՝ Ուկրաինայից և Վրաստանից:

Ուկրաինան ներկայացված է Եվգենիա Կուզնեցովայի (Євгенія Кузнєцова) «Հարցրեք Միյեչկային» («Спитайте Мієчку») գրքով, որը հրատարակվել է «Ծեր առյուծ» հրատարակչության կողմից (Видавництво Старого Лева):

Վրաստանը ներկայացնող հավակնորդը Իվա Պեզուաշվիլին է (ივა ფეზუაშვილი)՝ իր «Աղբատար խողովակ» (ბუნკერი) գրքով, որը հրատարակել է «Ինտելեկտ» (ინტელექტი) հրատարակչությունը:

««Ստեղծարար Եվրոպա» ծրագիրն իր խորին շնորհակալություն ու աջակցությունն է հայտնում Ուկրաինայի գրքի ինստիտուտին, որը Եվգենիա Կուզնեցովային առաջադրել է որպես երկրի լավագույն սկսնակ գեղարվեստական ձայն: Ծրագիրն իր լիարժեք համերաշխությունն է հայտնում ուկրաինացի արվեստագետներին և մշակութային կազմակերպություններին»,- ասվում է «Ստեղծարար Եվրոպա»-ի մամուլի հաղորդագրության մեջ:

2022 թվականի Եվրոպական միության գրականության մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի ապրիլի 21-ին Փարիզի գրքի ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ։ Բոլոր առաջադրված հեղինակները գովազդվում են ողջ Եվրոպայում՝ նպատակ ունենալով նպաստել միջազգային լսարանի շրջանում նրանց ճանաչելիության բարձրացմանը և իրենց ազգային ու լեզվական սահմաններից դուրս ընթերցողների հետ կապի հաստատմանը:

Եվրոպական միության գրականության մրցանակը ամենամյա նախաձեռնություն է, որը ճանաչման է արժանացնում եվրոպացի լավագույն սկսնակ հեղինակներին և «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին մասնակցող երկրներում նշանավորում է գրականության լեզվական բազմազանությունն ու գերազանցությունը:

Վրաստան. ԵՄ-ն չի ճանաչում Աբխազիայում տեղի ունեցած այսպես կոչված խորհրդարանական ընտրությունների սահմանադրականությունը և իրավականությունը

Եվրոպական միությունը չի ճանաչում Վրաստանից անջատված Աբխազիայում 2022 թվականի մարտի 12-ին տեղի ունեցած այսպես կոչված խորհրդարանական ընտրությունների սահմանադրականությունը և իրավականությունը: Այս մասին հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելը։

Հարցելը հիշեցրել է, որ Եվրոպական միությունը պաշտպանում է Վրաստանի՝ միջազգային իրավունքով ճանաչված տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

«ԵՄ-ն կշարունակի չճանաչման և ներգրավվածության իր քաղաքականությունը։ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը շարունակում է այս ուղղությամբ իր լիարժեք գործունեությունը»,- ասել է Հարցելը։

Ուկրաինա. ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը

Եվրոպական միության Խորհուրդն այսօր՝ մարտի 15-ին, որոշում է կայացրել կիրառել տնտեսական և անհատական պատժամիջոցների չորրորդ փաթեթը՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող ռազմական ագրեսիայի։

Խորհուրդը որոշել է.

  • արգելել բոլոր գործարքները տնտեսության տարբեր ոլորտներում գործող և Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի մաս կազմող կոնկրետ պետական ​​ձեռնարկությունների հետ,
  • արգելել վարկային վարկանիշային ծառայությունների մատուցումը, ինչպես նաև վարկային վարկանիշային գործունեության հետ կապված ցանկացած բաժանորդային ծառայության հասանելիությունը Ռուսաստանում ցանկացած անձի կամ կազմակերպության համար,
  • ընդլայնել Ռուսաստանի պաշտպանական և արդյունաբերական համալիրի հետ կապված անձանց ցանկը, որոնց նկատմամբ սահմանվել են ավելի խիստ սահմանափակումներ երկակի նշանակության ապրանքների, ինչպես նաև այն ապրանքների ու տեխնոլոգիաների արտահանման մասով, որոնք կարող են նպաստել Ռուսաստանի պաշտպանության և անվտանգության ոլորտի տեխնոլոգիական բարելավմանը,
  • արգելել նոր ներդրումները Ռուսաստանի էներգետիկայի հատվածում, ինչպես նաև ներդնել արտահանման համապարփակ սահմանափակում էներգետիկ արդյունաբերության համար սարքավորումների, տեխնոլոգիաների և ծառայությունների համար,
  • ներդնել լրացուցիչ սահմանափակումներ երկաթի և պողպատի առևտրի համար, ինչը Ռուսաստանի դեպքում կհանգեցնի արտահանման գծով մոտ 3,3 միլիարդ եվրո եկամտի կորստի,
  • արգելել ԵՄ-ից Ռուսաստան շքեղության ապրանքների (օրինակ՝ թանկարժեք մեքենաների, զարդերի և այլնի) արտահանումը՝ ուղղակիորեն հարվածելով ՌԴ վերնախավին:

Բացի այդ, Խորհուրդը որոշել է պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի հետ կապված Կրեմլի օրակարգն առաջ մղող առանցքային օլիգարխների, լոբբիստների և քարոզիչների, ինչպես նաև ավիացիայի, ռազմարդյունաբերության, նավաշինության և մեքենաշինության ոլորտներում գործող առանցքային ընկերությունների դեմ:

Առանձին կերպով Խորհուրդը թույլատրեց Եվրոպական հանձնաժողովին՝ ԵՄ-ի անունից միանալու Բելառուսի աջակցությամբ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի վերաբերյալ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բազմակողմ հայտարարությանը: ԵՄ-ն հաստատել է իր պատրաստակամությունը՝ ձեռնարկելու ցանկացած գործողություն, որն անհրաժեշտ է համարվում իր էական անվտանգային շահերը պաշտպանելու համար։ Դրանք կարող են ներառել Ուկրաինային աջակցելու գործողություններ կամ Ռուսաստանի նկատմամբ զիջումների կամ այլ պարտավորությունների կասեցման գործողություններ, ինչպես օրինակ՝ ռուսական ապրանքների և ծառայությունների նկատմամբ առավել բարենպաստ վերաբերմունքի կասեցումը: ԵՄ-ն նաև գտնում է, որ ԱՀԿ-ին Բելառուսի անդամակցության գործընթացը պետք է կասեցվի։

«Պատժամիջոցների այս չորրորդ փաթեթը ևս մեկ մեծ հարված է տնտեսական և նյութատեխնիկական այն բազային, որի վրա հենվում է Ռուսաստանը Ուկրաինա ներխուժումն իրականացնելիս։ Պատժամիջոցների նպատակն այն է, որ նախագահ Պուտինը դադարեցնի այս անմարդկային և անիմաստ պատերազմը»,- ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Team Europe. Պորտուգալիան BioNTech–Pfizer պատվաստանյութի ավելի քան 400,000 դեղաչափ է նվիրաբերել Հայաստանին

Մարտի 21-ին Հայաստան է հասել Պորտուգալիայի կողմից COVID-19 դեմ պատվաստանյութի BioNTech–Pfizer 400,140 դեղաչափ նվիրատվության առաջին խմբաքանակը։

Այս մատակարարումը ԵՄ-ի ֆինանսավորմամբ՝ պատվաստանյութերի դեղաչափերը Արևելյան գործընկերության երկրներին հասցնելու «Team Europe»-ի նախաձեռնությամբ իրականացվող նորարարական ծրագրի մի մասն է։ Նշված ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերին և համակարգվում է Լեհաստանի ու Պորտուգալիայի կողմից:

Մարտի 21-ին ժամանել է ԵՄ ֆինանսավորմամբ նոր մեխանիզմի միջոցով նվիրաբերված դեղաչափերի առաջին խմբաքանակը․ մյուսի առաքումը Հայաստան նախատեսվում է ապրիլ ամսվա ընթացքում։

«Այս պատվաստանյութերը Հայաստան են հասցվել ճգնաժամային ժամանակաշրջանում և պետք է նպաստեն երկրում պատվաստանյութերի իրացման ծավալների աճին։ Առաքումն արտահայտումն է Հայաստանի հետ համերաշխության՝ համավարակի և դրա սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման ուղղված ընդհանուր պայքարում»,- նշել է հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին։

2021 թվականի դեկտեմբերին Եվրոպական հանձնաժողովի և Լեհաստանի զարգացման բանկի միջև ստորագրվել է 35 միլիոն եվրո բյուջեով համաձայնագիր, որի նպատակն է ստեղծել նորարարական մեխանիզմ Արևելյան գործընկերության երկրներին COVID-19 պատվաստանյութեր առաքելու հարցում ԵՄ անդամ պետություններին աջակցելու համար։

ԵՄ-ն Ուկրաինային կտրամադրի մոտ 300 միլիոն եվրո շտապ մակրո-ֆինանսական օժանդակություն և 120 միլիոն եվրոյի դրամաշնորհային աջակցություն

Մարտի 18-ին Եվրոպական հանձնաժողովը ևս 289 միլիոն եվրո հատկացրեց Ուկրաինային՝ շտապ մակրո-ֆինանսական օժանդակության (ՄՖՕ) տեսքով, ինչպես նաև հաստատեց երկրին 120 միլիոն եվրո դրամաշնորհի տրամադրումը: Այս հատկացումը կաջակցի Ուկրաինայի կառավարությանը՝ ամրապնդելու քաղաքացիական ճգնաժամերին պատրաստվածությունը և կառավարումը ինչպես կենտրոնական, այնպես էլ տեղական մակարդակներում:

Սա հետևում է նախորդ շաբաթվա 300 միլիոն եվրոյի հատկացմանը, որը Եվրոպական հանձնաժողովի կողմից 2022 թվականի հունվարի 24-ին հայտարարված Ուկրաինային 1,2 միլիարդ եվրո արժողությամբ ՄՖՕ ծրագրի 600 միլիոն եվրոյի չափով առաջին մասնաբաժնի սկզբնական մասն էր:

Շտապ ՄՖՕ ծրագիրը կբարձրացնի Ուկրաինայի մակրոտնտեսական կայունությունը երկիր Ռուսաստանի ներխուժման պայմաններում։ Սա Ուկրաինային ԵՄ-ի անսասան աջակցության հստակ դրսևորում է:

Գումարի մնացած մասը (600 միլիոն եվրո) կհատկացվի ավելի ուշ՝ տարվա ընթացքում՝ ԵՄ-ի և Ուկրաինայի միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրի համաձայն:

Զուգահեռաբար Հանձնաժողովը պատրաստում է լրացուցիչ ՄՖՕ ծրագիր՝ երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինային հետագա աջակցություն ցուցաբերելու համար, որի մասին նախագահ ֆոն դեր Լեյենը նույնպես հայտարարել է հունվարի վերջին:

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության հիմնադրամը կվերանայի իր 2022 թվականի գործունեությունը

ԵՄ կողմից ֆինանսավորվող Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության հիմնադրամը (ԱլԳ ՔՀՀ) որոշել է վերանայել Ուկրաինայի մասով իր 2022 թվականի գործունեությունը՝ երկրի քաղաքացիներին և քաղաքացիական հասարակությանը լիակատար համերաշխություն ցուցաբերելու համար:

«Կարողությունների զարգացմանն ուղղված գործունեությունը որպես այդպիսին հնարավոր չէ ճգնաժամի պայմաններում: Այնուամենայնիվ, ծրագիրը կկարողանա իր նպաստը բերել գործընկերային աջակցության և մենթորության գործողություններին կամ որոշ մասով ապահովել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խնդրանքով նախանշված ծառայությունների մատուցումը»,- ասվում է ԱլԳ ՔՀՖ-ի մամուլի հաղորդագրության մեջ:

Ծրագիրը կվերանայի իր գործունեությունը հետևյալ ոլորտներում.

Քաղաքացիական տեխնոլոգիաներ. նախագիծը կաջակցի Ուկրաինայի կամ տարածաշրջանի այլ երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, որոնք նպատակ ունեն մշակել տեխնիկական լուծումներ՝ ուղղված նվիրատվությունների հավաքագրմանը և քրաուդֆանդինգին աջակցությանը, մարդու իրավունքների խախտումների մասին ապացույցներ հավաքող անձանց աջակցությանը, ուկրաինացի հարկադիր տեղահանվածների և փախստականների հետ աշխատանքին, տարածաշրջանում իրազեկության բարձրացմանը, ապատեղեկատվության ու կեղծ լուրերի դեմ պայքարին և այլն։

Քաղաքացիական հասարակության կրթաթոշակներ. 2021 թվականի դեկտեմբերին ծրագիրը մեկնարկեց 2021 թվականի կրթաթոշակային ծրագրի համար հայտերի ընդունման գործընթացը: Առաջիկա շաբաթներին հայտատուները կտեղեկացվեն իրենց ներկայացրած հայտերի արդյունքների մասին, իսկ ընտրված թեկնածուներին կառաջարկվի փոխել իրենց առաջարկները՝ դրանցում ուկրաինական պատերազմի արդյունքում ստեղծված նոր համատեքստն արտացոլելու նպատակով: Ծրագիրը կշարունակի քաղաքացիական հասարակության կրթաթոշակների շնորհումը, սակայն ընտրության ընթացակարգը կհարմարեցվի անկայուն համատեքստի պայմաններին, որպեսզի հնարավոր դառնա արագ ընտրության գործընթացի իրականացումը: 2022 թվականի կրթաթոշակային ծրագրերը կիրականացվեն #StandWithUkraine խորագրի ներքո:

Նպատակային աջակցություն. քաղաքացիական հասարակությունը կստանա ավելի ծավալուն նպատակային աջակցություն, որպեսզի ապահովվի Ուկրաինայում պատերազմի հետևանքների հաղթահարման ուղղությամբ աշխատող կազմակերպությունների ու անհատների գործունեությունը:

Հաղորդակցում. ծրագիրը կհավաքի տեղեկատվություն ՔՀԿ-ների արձագանքման ջանքերի և քաղաքացիներին, ինչպես նաև հարկադիր տեղահանվածներին ու փախստականներին նրանց ցուցաբերած աջակցության մասին և կօգնի տարածել այն:

Ծրագրային թիմը հայտնում է, որ կփորձի հնարավորինս արագ արձագանքել տարատեսակ խնդրանքներին:

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության հիմնադրամը ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որն աշխատում է ԱլԳ վեց երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) հետ՝ ամրապնդելու բոլոր վեց երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ակտիվիստների դերն ու կարողությունները:

Կամավորություն Աթենքում. հնարավորությունը բաց է Ուկրաինան և Վրաստանը ներկայացնող երիտասարդների համար

«Ինտեր Ալիա» կազմակերպությունը կամավորներ է փնտրում երիտասարդության ոլորտում իր Եվրոպական համերաշխության կորպուսի (ԵՀԿ) ծրագրի համար։ Թեկնածուները պետք է հետաքրքրված լինեն և Եվրոպական միության ժամանակակից քաղաքական բանավեճերով և ըմբռնեն դրանք, ունենան երիտասարդության ոլորտում ՔՀԿ-ների գործունեության հիմնական մակարդակի գիտելիքներ, սոցիալական ցանցերում արշավներ վարելու հմտություններ, գրաֆիկական դիզայնի հիմնական մակարդակի իմացություն, լուսանկարչության և տեսանկարահանման հմտություններ:

Ծրագրի նպատակն է երիտասարդներին ներգրավել սոցիալ-քաղաքական երկխոսության մեջ, հզորացնել նրանց և բարձրացնել վերջիններիս զբաղվածության հնարավորությունները՝ վերապատրաստման, հմտությունների զարգացման և մասնակցության միջոցով: Հայտամրցույթին կարող են մասնակցել ներկայացուցիչներ մի շարք եվրոպական երկրներից, այդ թվում՝ Ուկրաինայից և Վրաստանից։

Կեցության, սննդի և ճանապարհորդության ծախսերը հոգում են կազմակերպիչները: Հայտերի ընդունման վերջնաժամկետն ապրիլի 10-ն է։

EU4Youth. դիմեք դրամաշնորհների և նպաստեք Արևելյան գործընկերության շրջանակներում երիտասարդների զբաղվածության և ձեռներեցության զարգացմանը: Վերջնաժամկետը երկարացվել է մինչև ապրիլի 14-ը

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն՝ երիտասարդների համար» («EU4Youth») ծրագիրը նախաձեռնել է դրամաշնորհային առաջարկների մրցույթ՝ ուղղված երիտասարդների թվային հմտությունների խթանմանը, կանաչ անցման համար հմտությունների զարգացմանը և ձեռնարկատիրական ու կարիերայի կառավարման հմտությունների բարելավմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով անապահով երիտասարդների վրա:

​​ Դրամաշնորհային ծրագիրը բաղկացած է երկու լոտերից.

  1. Անապահով երիտասարդների թվային կոմպետենցիաների զարգացում, ձեռներեցության խթանում և աջակցություն համապատասխան ցանցերին ու գործընկերություններին: Ծրագրային առաջարկներից յուրաքանչյուրի բյուջեն պետք է լինի 250,000-ից 300,000 եվրոյի շրջանակում:
  2. Երիտասարդների սոցիալական ձեռներեցության և կարիերայի կառավարման հմտությունների զարգացում` կենտրոնանալով կանաչ և թվային տնտեսությունների վրա, և աջակցություն համապատասխան ցանցերին ու գործընկերություններին: Ծրագրային առաջարկներից յուրաքանչյուրի բյուջեն պետք է լինի 800,000-ից 1,000,000 եվրոյի շրջանակում:

Ծրագրային առաջարկները պետք է ներկայացվեն նվազագույնը երեք և առավելագույնը վեց կազմակերպություններից բաղկացած խմբի կողմից, որոնցից մեկը պետք է հանդես գա որպես գլխավոր հայտատու, իսկ առնվազն երկուսը՝ համահայտատու՝ Արևելյան գործընկերության առնվազն երկու երկրներից (օրինակ՝ Վրաստանը ներկայացնող գլխավոր հայտատու + Հայաստանը ներկայացնող համահայտատու + ԵՄ-ն ներկայացնող համահայտատու, կամ Ուկրաինան ներկայացնող գլխավոր հայտատու + Ադրբեջանը ներկայացնող համահայտատու + Ուկրաինան ներկայացնող համահայտատու):

Ցանկացած առաջարկվող գործողություն պետք է իրականացվի Արևելյան գործընկերության առնվազն երեք երկրներում և ունենա 18-ից 30 ամիս տևողություն:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն ապրիլի 14-ն է։

Մարդկանց հետ կամավորական աշխատանքի հնարավորություն Չեխիայում

Չեխիայում գործող «Չեսկե Բուդեյովիցե» թեմական բարեգործական կազմակերպությունը փնտրում է կամավորներ եվրոպական մի շարք երկրներից, այդ թվում՝ Արևելյան գործընկերությունից (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա)՝ Եվրոպական համերաշխության կորպուսի կողմից աջակցվող իր ծրագրի համար:

Կամավորները կզբաղվեն երեք տեսակի գործունեությամբ.

  • աջակցություն տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց.
  • աջակցություն անօթևան մարդկանց.
  • աշխատանք երեխաների և երիտասարդների հետ «Երիտասարդ Կարիտաս» ծրագրի շրջանակում:

Կոչը բաց է բոլոր, ներառյալ սակավ հնարավորություններ ունեցողներ երիտասարդների համար: Կամավորի համար պարտադիր պայման է շփվող լինելը և անգլերենի առնվազն տարրական իմացությունը: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 30-ը։

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:

Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։

Radio NOR · 10 DAYS 26 03 22