Վրաստանին կտրամադրեն նոր ֆինանսավորում՝ աջակցելու նրա էներգաարդյունավետությանը

Վրաստանին կտրամադրեն նոր ֆինանսավորում՝ աջակցելու նրա էներգաարդյունավետությանը

ՎԶԵԲ-ը, ԵՄ-ը և KfW-ն խթանում են էներգաարդյունավետությունը Վրաստանում, հատկապես՝ դպրոցներում

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Եվրոպական միությունը (ԵՄ), ինչպես նաև KfW-ն, որը հանդես է գալիս Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության անունից, Վրաստանին կտրամադրեն նոր ֆինանսավորում՝ աջակցելու նրա էներգաարդյունավետությանը:

ՎԶԵԲ-ի տրամադրած 40 մլն եվրո վարկը և ԵՄ-ի տրամադրած 13 մլն եվրո դրամաշնորհը կօգտագործվեն հիմնականում դպրոցներում էներգիայի սպառումը նվազեցնելու նպատակով՝ նպաստելով ընդհանուր էներգետիկ անվտանգությանը և շրջակա միջավայրի պաշտպանությանը: KfW-ն ևս կտրամադրի լրացուցիչ ֆինանսավորում։

Նշված միջոցները կուղղվեն դպրոցների ֆասադների, տանիքների և նկուղների ջերմամեկուսացմանը, նոր պատուհանների ու դռների տեղադրմանը, ջեռուցման համակարգերի, ներառյալ կաթսաների, խողովակների, պոմպերի, օդափոխության և հովացման համակարգերի արդիականացմանը և ջրախնայող սարքերի տեղադրմանը:

«ՎԶԵԲ-ի և KfW-ի հետ մեր համատեղ ծրագրի շնորհիվ ԵՄ-ն օգնում է ընդլայնել էներգաարդյունավետ վերանորոգման ծավալները Վրաստանի դպրոցներում։ Էներգետիկ ծախսերի և ածխաթթու գազի արտանետումների նվազեցումից զատ, այս ներդրումը կապահովի ավելի առողջ պայմաններ ուսանողների համար, նոր աշխատատեղեր, նաև կբարելավի էներգետիկ անվտանգությունը»,- ասել է Վրաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Սիգրիդ Բրետելը:

Եվրամիությունն ու Վրաստանը անվտանգության և պաշտպանության հարցերով խորհրդակցություն են անցկացրել

Մարտի 29-30-ին ԵՄ-ը և Վրաստանը անցկացրել են անվտանգության և պաշտպանության հարցերով իրենց տարեկան խորհրդակցությունը։

Թբիլիսիում տեղի ունեցած խորհրդակցությունը համանախագահում էին Եվրոպական արտաքին գործերի ծառայության (ԵԱԳԾ) Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության և ճգնաժամային արձագանքման հարցերով կառավարող տնօրեն Պավել Հերչինսկին, ԵՄ ռազմական շտաբի գլխավոր տնօրեն, փոխծովակալ Էրվե Բլեժանը և Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լելա Չիկովանին։

Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական ագրեսիայի համատեքստում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության իրավիճակին և ԵՄ-ի ու Վրաստանի միջև անվտանգության և պաշտպանական համագործակցության հետագա խորացման ուղիներին վերաբերող հարցեր, ներառյալ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելը, կիբեռանվտանգության խնդիրները և ապատեղեկատվությանն հակազդումը։

ԵՄ աջակցությամբ Վրաստանում մեկնարկել է քաղաքացիական հասարակության նոր ծրագիր

«Կովկասի բնապահպանական հասարակական կազմակերպությունների ցանց» (CENN) հասարակական կազմակերպությունը, որն աշխատում է ողջ Հարավային Կովկասում կայուն զարգացման խթանման ուղղությամբ, ԵՄ աջակցությամբ մեկնարկել է քաղաքացիական հասարակության զարգացման նոր ծրագիր։

Քառամյա ծրագիրը նպատակ ունի ամրապնդել քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ապահովել նրանց մասնակցությունը ժողովրդավարական գործընթացներին, աջակցել տեղական նախաձեռնություններին և բարելավել սոցիալական ծառայությունները:

CENN-ն այս ծրագիրը կիրականացնի Քվեմո Քարթլիի և Սամցխե-Ջավախքի մարզերի ութ համայնքներում՝ իր գործընկեր կազմակերպությունների հետ միասին։

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1,1 մլն եվրո:

Վրաստան. Բորելը և Զուրաբիշվիլին քննարկել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի տարածաշրջանային հետևանքները

Մարտի 23-ին ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ՝ քննարկելու Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական և չարդարացված ագրեսիայի տարածաշրջանային հետևանքները։

Բարձր ներկայացուցիչ Բորելն այս համատեքստում հայտնել է Եվրոպական միության աջակցությունը Վրաստանին և նախագահ Զուրաբիշվիլիին վստահեցրել է, որ ԵՄ-ն պատրաստ է ակտիվացնել Վրաստանի հետ համագործակցությունը՝ նրա դիմակայունությունն ամրապնդելու նպատակով։

Բորելը նաև ասել է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ստեղծել է ահռելի ծավալների հումանիտար աղետ, լրջորեն խաթարել է եվրոպական անվտանգությունը և լիովին խախտում է միջազգային սկզբունքներն ու միջազգային իրավունքը։ Նրանք քննարկել են տարածաշրջանային անվտանգության վրա այս զարգացումների ազդեցությունը, ինչպես նաև Ռուսաստանի ագրեսիայի առաջացրած բացասական տնտեսական ազդեցությունը։

Բորելը նաև վերահաստատել է Եվրամիության անսասան հավատարմությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

Ապակենտրոնացված կառավարում, սոցիալական համախմբվածություն և ներառական տնտեսական աճ. ԵՄ-ն և Գերմանիան նոր ծրագիր են մեկնարկում Վրաստանի մարզերի համար

Եվրոպական միությունը Գերմանիայի կառավարության հետ համատեղ սկսել է ազգային ծրագիր, որն ուղղված է Վրաստանի մարզերի կայուն և ներառական աճին, համաչափ տարածքային զարգացմանն ու լավ կառավարմանը։ Ծրագիրն ընդգրկում է Գուրիայի, Իմերեթի, Կախեթի, Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի մարզերը:

9,5 միլիոն եվրո արժողությամբ «Ինտեգրված տարածքային զարգացում» (EU4ITD) ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից և նախատեսված է 2022-2025 թթ. ժամանակահատվածի համար:

Ծրագրի բյուջեից 8.5 մլն եվրոն հատկացրել է Եվրոպական միությունը, իսկ 1 մլն-ը՝ Գերմանիան: Այդ միջոցներն օգտագործելով՝ նախաձեռնությունը կնպաստի համաչափ տարածքային զարգացմանը և սոցիալական համախմբմանը՝ տարածքային զարգացման միջոցառումները, ինչպիսին քաղաքների նորացումն է, համատեղելով տնտեսական զարգացմանն ու սոցիալական ներառմանը նպաստող գործողությունների հետ:

GIZ-ը կօգնի համայնքային իշխանություններին, բիզնեսներին և քաղաքացիներին ծրագրի թիրախում հայտնված մարզերի չօգտագործված տնտեսական և սոցիալական ներուժի իրացման հարցում: ՄԱԶԾ-ն էլ կխթանի ապակենտրոնացումը և լավ կառավարումը ու կստեղծի ապակենտրոնացված տարածքային քաղաքականության ինստիտուցիոնալ զարգացման շրջանակներ:

«ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագիրը Շիրակի մարզում բացել է տոհմային ոչխարաբուծության նոր կենտրոն

Մարտի 22-ին Շիրակի մարզի Ազատան համայնքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) և գործընկերները պաշտոնապես բացեցին տոհմային ոչխարաբուծության «Մաքի» գենետիկական նոր կենտրոնը:

Այս նախաձեռնությունն իրականացվում է «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (ԵՄ-ԿԳՆՀ) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում ընդհանուր ու հավասարակշռված ներառական աճին՝ կանաչ գյուղատնտեսության խթանման ու տեղական մակարդակում ավելացված արժեքի մեծացման միջոցով։

Հայաստանի տարբեր մարզերի ոչխարաբուծությամբ զբաղվող առնվազն 40 ֆերմերների, ինչպես նաև հարևան երկրների այլ ֆերմերների համար կենտրոնում հասանելի կլինեն նոր ծառայություններ, այդ թվում՝ անասնաբուժական ծառայություններ, արհեստական սերմնավորում և հղիության ախտորոշում։

«Այս կենտրոնը հատկապես կարևոր է Հայաստանում ոչխարաբուծության զարգացման համար, քանի որ ոչխարների արհեստական սերմնավորման առումով այն առաջինն է Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում: Կենտրոնի նպատակն է Հայաստանում զտարյուն ոչխարների բուծման աշխատաեղանակների մշակումը՝ ուղղված ոչխարի տեղական տեսակների գենոֆոնդի բարելավմանը», – ասել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:

EU4Culture-ը հայտարարել է շարժունակության դրամաշնորհների մրցույթ Արևելյան գործընկերության երկրների արվեստագետների և մշակութային մասնագետների համար

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «EU4Culture» (ԵՄ-ը՝ մշակույթի համար) ծրագիրը հայտարարում է շարժունակության իր առաջին դրամաշնորհների մրցույթը՝ նախատեսված Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի արվեստագետներին և մշակույթի ոլորտի մասնագետներին աջակցելու համար:

Մրցույթը բաց է պրակտիկայի, ճանաչողական այցերի, համաժողովների, մասնագիտական զարգացման, ինչպես նաև գիտելիքի փոխանակումն ու միջմշակութային երկխոսությունը խթանող այլ հնարավորությունների համար:

Մրցույթն ուղղված է աջակցելու կարճաժամկետ (7-10 օրացուցային օր), միջնաժամկետ (մինչև 5 շաբաթ) և երկարաժամկետ (մինչև 12 շաբաթ) շարժունակության գործողություններին՝ համապատասխանաբար մինչև 1500, մինչև 3500 և մինչև 5000 եվրոյի չափով։

Շարժունակության ծրագրերը կարող են իրականացվել 2022 թվականի հունիսից մինչև 2023 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում՝ ԵՄ անդամ երկրներում, ԵՄ գործընկեր երկրներում և եվրոպական այլ երկրներում:

Դիմելու իրավունք ունեն մշակույթի բոլոր ոլորտներում ներգրավված 18 տարին լրացած արվեստագետները կամ մասնագետները, ովքեր հանդիսանում են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի կամ Ուկրաինայի քաղաքացի կամ օրինականորեն բնակվում են այդ երկրներից մեկում:

Դիմորդները, առցանց հայտի ձևն օգտագործելով, պետք է պատրաստեն միջազգային շարժունակության գործողության բյուջեի հետ կապված գործողությունների ծրագիր և այն ներկայացնեն Գյոթե ինստիտուտի հայտերի ընդունման պորտալի (GAP) միջոցով:

Բաց մրցույթի վերջնաժամկետը 2022թ. ապրիլի 8-ն է։

Կամավորության հնարավորություն Լեհաստանի Եվրոպական ինտեգրման ակումբում

Ռոբերտ Շումանի անվան լեհական հիմնադրամը (Schuman Solidarity Crew) փնտրում է 18-ից 30 տարեկան կամավորների, ովքեր ունեն լեհերենի որոշակի մակարդակի տիրապետելու ամուր ցանկություն, քանի որ նրանք պետք է իմանան մի քանի կարևոր արտահայտություններ՝ հաճախ անգլերեն չխոսող երեխաների ու երիտասարդների հետ աշխատելու համար: Դիմել կարող են երիտասարդներ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից:

Կամավորները կաշխատեն Սիլեզիայում (Լեհաստան) գտնվող Եվրոպական ինտեգրման ակումբում (EIC): Այն ուսանողների և դասավանդողների ոչ պաշտոնական միություն է, որը հետաքրքրված է ԵՄ-ով և այլ մշակույթներով: EIC-ի գործունեությունը կրում է միջմշակութային բնույթ՝ կենտրոնանալով երիտասարդության եվրոպական և քաղաքացիական կրթության վրա: EIC-ի սեմինարների շրջանակներում կազմակերպվում են դպրոցական փոխանակումներ և եվրոպական թեմաներով բանավեճեր: Կամավորները՝

  • կկազմակերպեն անգլերեն/մայրենի լեզվով անհատական զրույցներ Եվրոպական ակումբի անդամների և ավագ դպրոցի աշակերտների հետ ու նրանց կօգնեն բարելավել իրենց լեզվական հմտությունները,
  • կպատրաստեն շնորհանդեսներ/սեմինարներ Եվրոպայի և ԵՄ-ի, եվրոպական արժեքների և կամավորներին հետաքրքրող այլ թեմաների վերաբերյալ՝ կապված ծրագրի առաքելության հետ,
  • կխթանեն միջազգային կամավորությունը,
  • ինչպես նաև կստանան սեփական ծրագրերը մշակելու/գործողություններն առաջարկելու հնարավորություն:

Կեցության, սննդի և ճանապարհորդության ծախսերը հոգում են կազմակերպիչները: Ծրագիրը կազմակերպվում է Եվրոպական համերաշխության կորպուսի շրջանակում։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022թ. ապրիլի 17-ն է։

Եվրոպական համերաշխության կորպուս. կամավորական աշխատանք Վիեննայում՝ նախադպրոցական տարիքի երեխաների հետ

Եվրոպական համերաշխության կորպուսը փնտրում է կամավորների Արևելյան գործընկերության երկրներից՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում 48 շաբաթով միանալու Վիեննայում (Ավստրիա) գործող Kindergruppe Giraffenland-ի թիմին։

Ավստրիական այս խումբը կամավոր է փնտրում երկուսուկեսից վեց տարեկան երեխաների հետ շփվելու և արժեքավոր մշակութային փոխանակում ապահովելու համար: Փորձառու դայակների ղեկավարության ներքո կամավորը հնարավորություն կունենա հասկանալու Մարիա Մոնթեսորիի և Էմմի Պիկլերի կողմից մշակված մանկավարժական հղացքները և ծանոթանալու ոչ բռնի հաղորդակցության հիմունքներին։

Կամավորը նաև հնարավորություն կունենա ճանաչելու Վիեննան և շրջակա գյուղերը խմբի հետ կանոնավոր էքսկուրսիաների միջոցով։

Դուք կստանաք գրպանի գումար, ամսական սննդի նպաստ և Վիեննայի հասարակական տրանսպորտի տոմս: Դուք կստանաք սենյակ բնակարանում կամ ուսանողական հանրակացարանում՝ այլոց հետ կիսելով այնպիսի հարմարություններ, ինչպիսիք են խոհանոցը և լոգարանը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022թ. ապրիլի 18-ն է։

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:

Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։

Radio NOR · Վրաստանին կտրամադրեն նոր ֆինանսավորում՝ աջակցելու նրա էներգաարդյունավետությանը