ԵՄ-ն Վրաստանին է փոխանցել անդամակցության հայտի հարցաշարը

ԵՄ-ն Վրաստանին է փոխանցել անդամակցության հայտի հարցաշարը

Եվրոպական ճանապարհի առաջին քայլը. ԵՄ-ն Վրաստանին է փոխանցել անդամակցության հայտի հարցաշարը

Հարևանության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեին ապրիլի 11-ին Լյուքսեմբուրգում Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլիին է ներկայացրել ԵՄ-ին անդամակցության հետ կապված հարցաշարը:

Վրաստանի քաղաքական և տնտեսական պայմանները գնահատող հարցաշարը ներկայացնելիս հանձնակատարն ասաց. «Սա ձեր եվրոպական ճանապարհի առաջին քայլն է։ Մենք պատրաստ ենք արագացված աշխատանք տանել ձեզ հետ՝ ըստ պահանջի կարծիքը Եվրոպական խորհրդին ներկայացնելու համար»։

Ավելի ուշ՝ այս շաբաթվա ընթացքում, կներկայացվի մեկ այլ հարցաշար, որը կգնահատի Վրաստանի համապատասխանությունը ԵՄ օրենսդրությանը` aquis communautaire-ին:

Հարցաշարին տրված պատասխանների հիման վրա Եվրոպական հանձնաժողովը կսկսի կարծիք կազմել Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հայտի վերաբերյալ։

Եվրոպական միությանն անդամակցելու հայտ են ներկայացրել Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։ Հանձնակատար Վարհեին ապրիլի 11-ին հարցաշար է փոխանցել նաև Մոլդովայի արտաքին գործերի նախարարին, իսկ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ապրիլի 8-ին Կիևում հարցաշար է փոխանցել Ուկրաինային: Բոլոր երեք երկրներն արդեն իսկ Ասոցացման համաձայնագրեր ունեն Եվրոպական միության հետ։

ԵՄ-ն չի ճանաչում այսպես կոչված ընտրությունները Հարավային Օսիայում

Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելը ապրիլի 10-ին հրապարակված ուղերձում ասել է, որ Եվրոպական միությունը չի ճանաչում Վրաստանից առջատված Հարավային Օսիայում նույն օրն անցկացված այսպես կոչված նախագահական ընտրությունների սահմանադրական և իրավական շրջանակը:

«Մենք շարունակում ենք աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում և հետևողական ենք չճանաչման և ներգրավվածության մեր քաղաքականությանը, այդ թվում՝ ԵՄ հատուկ ներկայացուցչի և ԵՄ դիտորդական առաքելության միջոցով», – ասել է դեսպան Հարցելը։

Անչափահասների արդարադատության ոլորտում ԵՄ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագիրը Վրաստանում. քրեական հետապնդումից խուսափել է ավելի քան 5,600 երեխա և երիտասարդ

Եվրոպական միության աջակցությամբ Վրաստանի արդարադատության նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կազմակերպած համաժողովի ժամանակ զեկուցվեց, որ Քրեական պատասխանատվությունն այլընտրանքային միջոցներով փոխարինման և միջնորդության ծրագրի (Diversion and Mediation Programme) 11-ամյա գործունեության արդյունքում քրեական հետապնդումից խուսափել է 14-ից 21 տարեկան 5,600 երեխա և երիտասարդ:

Համաժողովն անցկացվել է «Երեխաների պաշտպանության համակարգերի և ծառայությունների հզորացում Վրաստանում» ծրագրի շրջանակում, որն ուղղված է կենտրոնական և մունիցիպալ մակարդակի մասնագետների կարողությունների զարգացմանը՝ Վրաստանում երեխաներին և ընտանիքներին աջակցելու և պաշտպանելու համար:

Դիվերսիան քրեական պատասխանատվությունն այլընտրանքային միջոցներով փոխարինման մեխանիզմ է և անչափահասների արդարադատության համակարգի անկյունաքարը: Համաձայն անչափահասների արդարադատության օրենսգրքի՝ դիվերսիան առաջնահերթ միջոց է, ինչը նշանակում է, որ եթե անչափահասը իրավախախտում է կատարում, ապա որպես առաջնահերթություն պետք է դիտարկվի դիվերսիայի կիրառումը:

Փորձագետների կարծիքով, 2010 թվականին ներդրված Քրեական պատասխանատվությունն այլընտրանքային միջոցներով փոխարինման և միջնորդության ծրագիրը մեծ առաջընթաց է գրանցել Վրաստանում՝ զրոյական հանդուրժողականության քաղաքականությունից զգալի անցում կատարելով դեպի վերականգնողական արդարադատություն և ռեաբիլիտացիա: 2014 թվականից ծրագրում ընդգրկված են ոչ միայն թեթև իրավախախտումներ, այլև ծանր հանցագործություններ կատարած երիտասարդները:

Բորելը հանդիպել է Վրաստանի նոր արտգործնախարարին և ընդգծել ԵՄ լիակատար աջակցությունը

ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ապրիլի 6-ին Ստրասբուրգում հանդիպել է Վրաստանի նորանշանակ արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլիին և շնորհավորել նրան նշանակման կապակցությամբ։

Բարձր ներկայացուցիչը վերահաստատել է Եվրոպական միության լիակատար աջակցությունը Վրաստանին ներկայիս բարդ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումների, ինչպես նաև Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետևանքներին դիմակայելու համատեքստում:

«ԵՄ-ն շարունակում է պատրաստ լինել ուժեղացնելու Վրաստանի հետ համագործակցությունը՝ հանուն նրա դիմակայունության ամրապնդման»,- ասվում է ԵՄ մամուլի հաղորդագրությունում։

Բորելը վերահաստատեց ԵՄ-ի անսասան հանձնառությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում, և ընդգծեց ԵՄ-ի հանձնառությունը՝ ավելի խորացնելու ԵՄ-Վրաստան հարաբերությունները: Նա շեշտեց առանցքային առաջնահերթության բարեփոխումների ուղղությամբ Վրաստանի կողմից հստակ և արագ առաջընթաց գրանցելու, հատկապես ներքաղաքական բևեռացումը հաղթահարելու, դատական համակարգը բարեփոխելու և համաձայնեցված սահմանադրական բարեփոխումներն ընդունելու կարևորությունը:

EU4Digital. Արևելյան գործընկերության՝ թվային ՓՄՁ-ներին միավորող ցանցերը միանում են խոշոր եվրոպական ասոցիացիային

Արևելյան գործընկերության թվային ՓՄՁ-ներին միավորող ասոցիացիաները «EU4Digital» ծրագրի աջակցությամբ և օժանդակությամբ 2022թ. մարտից մեկամյա հովանավորվող անդամակցության հիմունքներով միացան Թվային ՓՄՁ-ների եվրոպական ալյանսին (DIGITAL SME):

Անդամակցությունն ԱլԳ ասոցիացիաների համար օգտակար կլինի երեք հիմնական ոլորտներում՝ քաղաքականություն, կապերի ընդլայնում և ֆինանսավորում: Անդամները տեղեկատվություն կստանան ընթացիկ օրենսդրական քննարկումների և ՓՄՁ-ների վրա դրանց ազդեցության, ՓՄՁ-ների համար ՏՀՏ ստանդարտների, ինչպես նաև ֆինանսավորման հնարավորությունների մասին: Բացի այդ, կազմակերպությունները կհրավիրվեն մասնակցելու Թվային ՓՄՁ-ների եվրոպական ալյանսի կազմակերպած կապերի ընդլայնման միջոցառումներին, գիտելիքների փոխանակման սեմինարներին և դասընթացներին:

Ընդհանուր առմամբ, ակնկալվում է, որ ձեռք բերված գիտելիքները և նոր գործիքները ԱլԳ ասոցիացիաներին հնարավորություն կտան ընդլայնել իրենց գործունեությունը և ամրապնդել իրենց կարողությունները՝ որպես ԱլԳ տարածաշրջանում թվային ՓՄՁ-ների հիմնական աջակիցներ, ինչպես նաև բարելավել տարածաշրջանում և ԵՄ-ի հետ անդրսահմանային համագործակցությունը: Ավելի լայն իմաստով՝ «EU4Digital» ծրագիրը կարծում է, որ նման նախաձեռնությունը կնպաստի ԵՄ-ի և ԱլԳ տարածաշրջանի թվային շուկաների ներդաշնակեցմանը:

Թվային ՓՄՁ-ների ալյանսում ընդգրկված են ՏՀՏ ոլորտում գործող ավելի քան 45,000 ՓՄՁ-ներ, 450 փորձագետներ և 30 ազգային ու տարածաշրջանային ՓՄՁ ասոցիացիաներ ԵՄ անդամ և հարևան երկրներից:

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հանդիպել են նախագահ Միշելին և պայմանավորվել աշխատել խաղաղության պայմանագրի ուղղությամբ

Ապրիլի 6-ին ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդունել է Ադրբեջանի  Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ շարունակելու Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի և երկու երկրների հետ ԵՄ հարաբերությունների զարգացման շուրջ քննարկումները։

Նախագահ Միշելը վերահաստատել է ԵՄ-ի հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ, սերտ աշխատելու լարվածության հաղթահարման ուղղությամբ և խթանելու անվտանգ, կայուն, խաղաղ և բարեկեցիկ Հարավային Կովկաս՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց։  

Առաջնորդներն ամփոփել են իրենց՝ Բրյուսելում 2021 թվականի դեկտեմբերի 14-ին և տեսակապի ձևաչափով 2022 թվականի փետրվարին նախագահ Մակրոնի հետ տեղի ունեցած վերջին հանդիպումից հետո զարգացումները։ Նրանք վերանայել են ստանձնած պարտավորությունների կատարման առաջընթացը։

Նախագահ Միշելն ընդգծել է երկու կողմերի մարդասիրական ժեստերի կարևորությունը վստահության և խաղաղ գոյակցության խթանման համար։ Նա շեշտել է, որ անհրաժեշտ է լիարժեք և արագ լուծել բոլոր մարդասիրական խնդիրները, այդ թվում՝ մնացած գերիների ազատ արձակումը, անհայտ կորածների հիմնախնդրի համակողմանի լուծումը, և հավաստիացրել է, որ ԵՄ-ը պատրաստ է աջակցել այդ, ինչպես նաև փոխադարձ վստահության զարգացմանն ուղղված նախաձեռնություններին, ականազերծման ջանքերին, այդ թվում՝ շարունակելով տրամադրել փորձագիտական խորհրդատվություն, ավելացնելով ֆինանսական աջակցությունը և աջակցել հակամարտության ազդակիր բնակչություններին, վերականգնմանը և վերակառուցմանը։

Նախագահ Միշելը նշել է, որ թե՛ նախագահ Ալիևը, թե՛ վարչապետ Փաշինյանը ցանկություն են հայտնել արագորեն շարժվել դեպի իրենց երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Այդ նպատակով համաձայնություն է ձեռք բերվել հանձնարարել արտգործնախարարներին սկսել երկու երկրների միջև ապագա խաղաղության համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները, ինչը կանդրադառնա բոլոր անհրաժեշտ հարցերին։

Կարևոր կլինի երկրների միջև երկկողմ սահմանի սահմանագծումը և սահմանազատումը։ Այդ նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև ապրիլի վերջ ստեղծել Սահմանային հարցերով համատեղ հանձնաժողով, որն օժտված կլինի հետևյալ հանձնագրով՝

1.      Սահմանագծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները,

2.      Ապահովել կայուն անվտանգ իրավիճակ սահմանի ողջ երկայնքով։

Առաջնորդները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև, ինչպես նաև ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում հաղորդակցությունների և կապի ենթակառուցվածքների վերականգնումը։ Նախագահ Միշելը ողջունել է երկաթգծերի վերականգնմանն ուղղված քայլերը, միաժամանակ կոչ արել Երևանին ու Բաքվին առավել արդյունավետ լուծումներ գտնել ավտոմոբիլային հաղորդակցությունների բացման ուղղությամբ։ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել փոխադարձ կապերի զարգացմանը, այդ թվում՝ իր Տնտեսական և ներդրումային պլանին համահունչ՝ օգտագործելով առաջարկվող տնտեսական խորհրդատվական հարթակը՝ բացահայտելու ընդհանուր նախագծեր:

Առաջնորդները պայմանավորվել են հետամուտ լինել իրենց հանդիպման արդյունքներին և շարունակել ներգրավվածությունը:

Youth4Regions-ը Արևելյան գործընկերության երկրներից երիտասարդ լրագրողներին հրավիրում է դիմել ծրագրին

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Youth4Regions ծրագիրը Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ներկայացնող 18-30 տարեկան լրագրողական փորձ ունեցող երիտասարդներին հրավիրում է դիմելու ծրագրին:

Ծրագիրը կիրականացվի 2022թ. հոկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում: Կեցության, սննդի և ճանապարհորդության ծախսերը հոգում է Եվրոպական հանձնաժողովը:

Ծրագիրը ներառում է լրագրության և ԵՄ տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ դասընթացներ, ինչպես նաև այցելություններ ԵՄ հաստատություններ: Այն նաև հնարավորություն է ընձեռում որպես լրագրող մասնակցելու դեպի ԵՄ անդամ երկրներ Եվրոպական հանձնաժողովի կազմակերպած պրես տուրերին:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 11-ը։

StandWithUkraine. դրամաշնորհներ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի և Մոլդովայի քաղաքացիական ակտիվիստների համար

ԵՄ կողմից ֆինանսավորվող Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության հիմնադրամը (ԱլԳ ՔՀՀ) հայտարարում է 2022 թվականի համար «Համերաշխության կրթաթոշակների» մրցույթ՝ աջակցելու Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը և Մոլդովան ներկայացնող քաղաքացիական ակտիվիստներին և քաղաքացիական մտածողությամբ կանանց ու տղամարդկանց Ուկրաինայում պատերազմի հետ կապված նախագծեր իրականացնելու գործում:

Ուկրաինան ներկայացնող քաղաքացիական ակտիվիստների կամ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար հայտարարվել է առանձին մրցույթ, որի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է այստեղ:

Առաջարկվող գործողությունները պետք է ուղղված լինեն ուկրաինացի փախստականներին և ուկրաինացի ՔՀԿ ակտիվիստներին աջակցելուն, մարդու իրավունքների ոտնահարման դեմ պայքարին և ապագա հետաքննությունների համար ապացույցներ հավաքելուն, ինչպես նաև ճգնաժամի և փախստականների մասին ապատեղեկատվության արշավները մեղմելուն:

Ընտրված թեկնածուները կստանան շուրջ 5000 եվրո ֆինանսական աջակցություն: Ի լրումն, ԱլԳ ՔՀՀ-ն կրթաթոշակառուներին կօգնի իրենց կազմակերպչական / գործառնական կարողությունները զարգացնելու նպատակով համապատասխան դասընթացներից / վեբինարներից օգտվելու, ինչպես նաև կրթաթոշակառուների նախորդ սերունդների հետ կապերի հաստատման միջոցով համերաշխություն փնտրելու հարցերում:

Հայտերը կարող են ներկայացվել ցանկացած ժամանակ էլեկտրոնային ձևաչափով և գնահատվելու են կանոնավոր հիմունքներով:

Երկարաժամկետ կամավորական աշխատանքի հնարավորություն Ավստրիայում գտնվող երիտասարդական կենտրոնում

Օբերնդորֆի երիտասարդական կենտրոնը (Ավստրիա), որն աշխատում է տեղի 12-ից 18 տարեկան երիտասարդների հետ, իր թիմին միանալու նպատակով հրավիրում է կամավորների Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից:

Սույն կամավորական գործողությունը, որը կազմակերպվում է Եվրոպական համերաշխության կորպուսի շրջանակներում, կտևի 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում:

Կենտրոնը մտադիր է կազմակերպել Օբերնդորֆի համայնքային ինտեգրմանն աջակցելուն ուղղված գործողությունների շարք՝ մարզական միջոցառումներ, էքսկուրսիաներ, ստեղծարար միջոցառումներ, համերգներ, սեմինարներ և քննարկումներ, միջմշակութային ուսուցում, տնային աշխատանքներ, մասնագիտական ուսուցում, կինոդիտումներ և այլն:

Ընդունող կազմակերպությունը կտրամադրի տեղական ստանդարտ կացարան և կփոխհատուցի ամսական տեղական տրանսպորտի ու սննդի ամսական ծախսերը:

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2022թ. մայիսի 31-ը:

Եվրոպական համերաշխության կորպուս. երկարաժամկետ կամավորություն Գերմանիայում

Գերմանական «JUKUZ» կենտրոնը Աշաֆենբուրգում հրավիրում է սպորտով և երիտասարդների հետ աշխատանքով հետաքրքրված երիտասարդ կանանց՝ 2022 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում 52 շաբաթով միանալու իր թիմին:

Կամավորը կաջակցի բոլոր տեսակի սպորտային և երիտասարդական միջոցառումներին ու փոխանակումներին: Բացի սպորտային նախագծերից, կենտրոնը երիտասարդներին առաջարկում է նաև տարբեր միջոցառումներ, օրինակ՝ երիտասարդական ռադիո, ԶԼՄ-ների հետ աշխատանք և երաժշտական նախագծեր:

Դուք կունենաք ձեր սեփական սենյակը՝ ընդհանուր սանհանգույցով և խոհանոցով։ Կեցության հետ կապված բոլոր ծախսերը, ինչպես նաև սննդի ամսական նպաստը վճարում է հյուրընկալող կազմակերպությունը: JUKUZ-ը կտրամադրի հեծանիվ Աշաֆենբուրգում շրջելու համար:

Տվյալ հնարավորությունը բաց է Արևելյան գործընկերության բոլոր երկրների թեկնածուների համար: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022թ. հոկտեմբերի 1-ն է։

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:

Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։

Radio NOR · ԵՄ-ն Վրաստանին է փոխանցել անդամակցության հայտի հարցաշարը