Վրացական «Tegeta Motors»-ը կօգնի Երևանին նոր ավտոբուսներ ներմուծել

Վրացական «Tegeta Motors»-ը կօգնի Երևանին նոր ավտոբուսներ ներմուծել

Երեւանի մունիցիպալ ավտոպարկը կհամալրվի գերմանական MAN ապրանքանիշի նորագույն ավտոբուսներով.

Քաղաքի կառավարության հայտարարած միջազգային մրցույթում հաղթող վրացական «Tegeta Motors» ընկերությունը դարձել է ավտոմոբիլային արդյունաբերության առաջատարը ողջ Կովկասում։ Պայմանագիրը կողմերի միջև ստորագրվել է 2022 թվականի մայիսի 6-ին, ըստ որի՝ առաջին փուլում Հայաստանի մայրաքաղաքին կավելացվի MAN մակնիշի մինչև 100 ավտոբուս։

Հայաստանի մայրաքաղաքում տրանսպորտային բարեփոխումներն իրականացվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ։

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասում է. «Մրցույթի համաձայն, որն այսօր ստորագրել ենք մատակարար ընկերության հետ, նոր 12 մետրանոց ավտոբուսները 2023 թվականից կսպասարկեն երևանցիներին։ Մենք խոշոր փոփոխություններ ենք նախատեսում քաղաքային տրանսպորտի ուղղությամբ, որի մի մասն է ավտոբուսային պարկի թարմացումը։
Վրացական Tegeta Motors ընկերությունը, որը հաղթեց մրցույթում և հանդիսանում է MAN-ի պաշտոնական ներկայացուցիչը, կօգնի մեզ նոր ավտոբուսներ ներմուծել։ Մեր աշխարհագրական մերձությունը և ընկերության փորձը թույլ կտա մեզ կատարել մրցութային պայմանները համաձայնեցված ժամկետներում։ Հատկանշական է նաև, որ ավտոբուսները սպասարկվելու են Երևանում։ Կարծում եմ՝ պատշաճ սպասարկմամբ մեր ավտոբուսների ծառայության ժամկետն էլ ավելի կերկարացվի»։

«Tegeta» հոլդինգի ռազմավարական բիզնես-տնօրեն Իրակլի Պապիաշվիլին ասում է. «Հասարակական տրանսպորտի ոլորտում սա առաջին միջազգային մրցույթն է, որի համաձայն մենք ավտոբուսներ ենք առաքելու երկրից դուրս։ «Tegeta»-ի առաջարկը լավագույնն էր, և այն մրցեց արտասահմանյան այլ ընկերությունների հետ։ «Tegeta»-ի և Երևանի քաղաքապետարանի միջև կնքված մրցութային պայմանագրով, բացի տրանսպորտային միջոցներ տրամադրելուց, մենք պարտավորվում ենք հոգ տանել ավտոբուսի վարորդների և սպասարկող անձնակազմի որակավորման մասին։ Այս գործընթացը կիրականացվի բազմաֆունկցիոնալ ուսումնական կենտրոնի՝ Tegeta Academy-ի հիման վրա։
Հոլդինգը տարիներ շարունակ սերտ գործարար հարաբերություններ է ունեցել Հայաստանի հետ, որտեղ «Tegeta»-ն բրիտանական պրեմիում հատուկ սարքավորումներ արտադրող JCB և եվրոպական այլ ապրանքանիշերի ներկայացուցիչն է։

«Հուսով ենք, որ նոր համաձայնագրով մենք հնարավորություն կունենանք լրացուցիչ ներդրում ունենալ Հայաստանի ավտոարդյունաբերության զարգացման գործում»,֊ասել է նա: Հայտնում է bm.ge-ն։