Մայիսի 9-ը Շուշիի ազատագրման և հաղթանակի օրն է

Մայիսի 9-ը Շուշիի ազատագրման և հաղթանակի օրն է

Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

30 տարի առաջ՝ 1992 թ.-ի մայիսի 8-ին սկսվեց և 9-ին հաղթանակով ավարտվեց հայոց բերդաքաղաք Շուշիի ազատագրումը: Այս հաղթանակը նորանկախ Հայաստանի պատմության ամենափառավոր էջերից է:

Շուշիի ազատագրման ռազմագործողությունը, որը ստացել է «Հարսանիք լեռներում»  անվանումը,  իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով: Մայիսի 8-ի գիշերը, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո հայկական զորքը մտնում է Շուշի, և  հաղթանակի օրվա լուսաբացին բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին արդեն ծածանվում էր հայոց հաղթական եռագույնը: 

Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ: Թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի: 

Շուշիի ազատագրումը բեկումնային դարձավ արցախյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին: