Մայիսի 9-ը. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օր

Մայիսի 9-ը. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օր

Մայիսի 9-ին նշվում է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 77-րդ տարեդարձը: Երկրորդ համաշխարհային պատերազմը (1939 թ-ի սեպտեմբերի 1- 1945 թ-ի սեպտեմբերի 2) իր չափերով ու պատճառած վնասներով աննախադեպ է մարդկության պատմության մեջ: Սանձազերծել են 20-րդ դարի 30-40-ական թվականների առավել ագրեսիվ տերությունները՝ Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա: Ավարտվել է նրանց պարտությամբ:

Պատերազմում ներգրավվել էր 61 երկիր՝ 1,7 մլրդ բնակչությամբ. նրանց 110 մլն-ը ծառայում էր ռազմական ուժերում: Պատերազմական գործողությունները տեղի էին ունենում մոտ 22 միլիոն կմ2 տարածքում: Շուրջ 6 տարի տևած պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 50 միլիոն և հաշմանդամ դարձել 95 միլիոն մարդ:  Հայրենական մեծ պատերազմը պատմության մեջ եղած պատերազմներից ամենածանրն էր․ պատերազմում զոհվել է ավելի քան 20 մլն խորհրդային քաղաքացի (Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների 40%-ը), ավերվել հարյուրավոր քաղաքներ, հազարավոր գյուղեր ու ավաններ։ Նյութական վնասը կազմել է 2569 մլրդ ռուբլի։

Պատերազմն սկսվելու հենց առաջին իսկ օրվանից հայ և վրացի ժողովուրդները, Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների հետ, մեկ մարդու պես ոտքի կանգնեցին պաշտպանելու իրենց Հայրենիքը: