Credit Suisse-ը սառեցրել է Իվանիշվիլիին պատկանող 2,7 միլիարդ շվեյցարական ֆրանկը

Credit Suisse-ը սառեցրել է Իվանիշվիլիին պատկանող 2,7 միլիարդ շվեյցարական ֆրանկը

Շվեյցարական Credit Suisse բանկը սառեցրել է վրացի օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող 2,7 միլիարդ շվեյցարական ֆրանկը։ Ակտիվների սառեցման շարժառիթն այն է, որ գումարի ծագումը կարող է լինել ռուսական։ Այս մասին հայտնում է Formula հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Բանկի և վրացի օլիգարխի հարաբերությունները սրվեցին մի քանի տարի առաջ։ Օլիգարխը դատի է տվել շվեյցարական բանկին։ Գործընթացը տեղի ունեցավ Բերմուդայում եւ ավարտվեց Իվանիշվիլիի հաղթանակով։

Մարտի 29-ին Credit Suisse-ը մամուլի հաղորդագրություն էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ Բերմուդյան կղզիների դատարանի որոշումը վերջնական չէ, և շվեյցարական ընկերությունը մտադիր է բողոքարկել այն։ Մայիսի 5-ին բանկի կողմից հրապարակվել է ևս մեկ կարևոր փաստաթուղթ. Դրանում ասվում է, որ առաջին եռամսյակում բանկը սառեցրել է 10 միլիարդ 600 միլիոն շվեյցարական ֆրանկի չափով պատժամիջոցների ենթարկված ակտիվները։

Հաջորդ օրը հայտարարությունը հրապարակել է Իվանիշվիլիի շրջապատը։ Դրանում ասվում էր, որ Credit Suisse-ի կողմից նշանակված Իվանիշվիլիի հավատարմագրային հիմնադրամի կառավարիչները երկու անգամ հետաձգել են միջոցների փոխանցումը՝ ֆինանսական վնաս պատճառելով օլիգարխին։ Ասում են նաև, որ հավատարմագրային կառավարիչները դա պայմանավորում են Արևելյան Եվրոպայի աշխարհաքաղաքական իրավիճակով, և որ այդ մոտեցումը քաղաքական ճնշման ձև է ստացել։

Այս անգամ Իվանիշվիլին մտադիր է Սինգապուրում դատի տալ շվեյցարացիներին և էլ ավելի մեծ գումար պահանջել որպես փոխհատուցում։