Նիկա Գվարամիան դիմել է ԵՄ առաջնորդներին

Նիկա Գվարամիան դիմել է ԵՄ առաջնորդներին

«Մթավարի արխի» հեռուստաալիքի դատապարտված տնօրեն Նիկա Գվարամիան դիմել է Եվրամիության ղեկավարներին և Եվրախորհրդարանի պատգամավորներին։ Գվարամիան նրանց խնդրել է դրական որոշում կայացնել ԵՄ-ին Վրաստանի թեկնածության հարցում, ինչը պատիժ չի լինի վրաց ժողովրդի համար։

Նրա խոսքով, Վրաստանի բնակչությունը կատարել է իր քաղաքակիրթ ընտրությունը և իրեն տեսնում է Եվրոպայի հետ։

Նա խնդրել է չկտրել դեպի Եվրոպա ճանապարհը, քանի որ «Եվրոպայի միակ այլընտրանքը Ռուսաստանն է»։

«Ես ձեզ խնդրում եմ այնպիսի որոշում կայացնել, որը չի պատժի իմ հպարտ և ազատ Վրաստանի ժողովրդին։

Մենք քաղաքակիրթ ընտրություն ենք կատարել, մեր տեղը միայն Եվրոպայում է։ Դուք արդեն գիտեք, թե որն է լուծումը։ Ուզում եմ խնդրել, որ Վրաստանի ժողովրդի համար չկտրեք դեպի Եվրոպա ճանապարհը, քանի որ Եվրոպայի միակ այլընտրանքը Ռուսաստանն է։ Մեզ համար վնասակար այս այլընտրանքը վերջ կդնի անկախ Վրաստանի պատմությանը»,- ասված է հայտարարության մեջ։

Գվարամիան եվրոպացի քաղաքական գործիչներին նաև խնդրել է բոլոր ջանքերը գործադրել «Միխեիլ Սաակաշվիլիին փրկելու համար։

«Ցավոք, Վրաստանի երրորդ նախագահին և Արևմուտքի ամենամեծ երկրպագուին երկրում շատ ժամանակ չի մնում, եթե նրան շտապ չփրկեն»,- գրում է Գվարամիան։