Ի՞նչ է կատարվում Լարսում

Ի՞նչ է կատարվում Լարսում

Այսօր առավոտից փակ է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջպետական ավտոճանապարհի մի հատվածը։ Հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով բարձրացել է Թերգի գետի մակարդակը, որի պատճառով էլ վնասվել է ճանապարհահատվածը։

Այս պահի դրությամբ ավտոճանապարհի այս հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

«Ալիք մեդիան» կապ հաստատեց Վրաստանի ավտոճանապարհների վարչության հետ, որտեղից փոխանցեցին, որ վերականգնման աշխատանքները կսկսվեն հենց գետի մակարդակը իջնի․

«Հենց Թերգի գետի մակարդակն իջնի, կսկսենք ճանապարհի վերականգնման աշխատանքները, կոնկրետ ժամանակ, թե երբ կիջնի գետի մակարդակը դեռևս չունենք, աշխատում ենք վերահսկել իրավիճակը, ամեն ինչի մասին օպերատիվ կերպով կհայտնենք մեր պաշտոնական էջի միջոցով», — հայտնեցին վարչությունից։

Այս մասին հայտարարություն է հրապարակել նաև Վրաստանում Հայաստանի դեսպանությունը․

«Հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով ս.թ. հունիսի 26-ին Թերգի/Թերեք գետի վարարումից վնասվել է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը, որի հետևանքով ժամանակավորապես արգելվում է նշված հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի պատկան մարմինների հետ և ճանապարհի վերաբացման ժամկետների վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ»։