Քութաիսիում տղամարդը սպանել է նախկին կնոջը. Լրատվամիջոցներ

Քութաիսիում տղամարդը սպանել է նախկին կնոջը. Լրատվամիջոցներ

Վրաստանում կնոջ սպանության հերթական դեպքն է տեղի ունեցել ընտանեկան վիճաբանության արդյունքում՝ Քութաիսիի կենտրոնում, հենց փողոցում, տղամարդը գործ է ունեցել նախկին կնոջ հետ։

Սպանությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան, Ճավճավաձեի փողոցում, հաղորդում է «Մթավարի» հեռուստաընկերությունը։ Տեղում մոբիլիզացվել է պարեկային և քրեական ոստիկանությունը։

Ընտանեկան բռնությունը Վրաստանում ամենատարածված հանցագործություններից է, գողության և թմրանյութերի հետ կապված հանցագործությունների հետ մեկտեղ:

Այս տարվա մայիսին Թբիլիսիում միանգամից երկու սարսափելի դեպք է տեղի ունեցել, երբ ամուսինները դանակներով հարձակվել են իրենց կանանց վրա։ Կանանցից մեկին սպանել են երեխաների աչքի առաջ ուղեւորատար ավտոբուսում, ամուսինը դանակի տասը հարված է հասցրել նրան։

Երկու օր անց նման դեպք է տեղի ունեցել ավտոբուսի կանգառում՝ կնոջը տեղափոխել են հիվանդանոց, նրան փրկել են։

Կանանց նկատմամբ բռնությունների սարսափելի փաստերը հասարակական վրդովմունքի ալիք են բարձրացրել Վրաստանում։ Սոցցանցերում սկսվել է #არაქალთკვლა (#NoTo KillingWomen) ֆլեշմոբը, որին միացել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Բողոքի ցույցեր են անցկացվել երկրի մի շարք քաղաքներում։

Վրաստանում առաջին եռամսյակի արդյունքներով ընտանեկան բռնությունը երկրորդ տեղում է գողություններից հետո՝ գրանցվել է 1056 դեպք։

Անցյալ տարի Վրաստանում ընտանեկան բռնության զոհ է ճանաչվել 8,4 հազար մարդ, որից 6,9 հազարը՝ կանայք։

2021 թվականի վերջին ընտանեկան բռնության իսկական ալիքը տարածվեց Վրաստանով։ Վրաստանի հարավում՝ Փոքր Սամսար գյուղում, տղամարդը դանակով հարձակվել էր իր նախկին կնոջ ընտանիքի վրա՝ հինգ մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ մի երեխա։ Մինչ այդ ընտանիքը ոստիկաններին զգուշացրել էր նախկին փեսայի ագրեսիվ պահվածքի մասին։

Դրանից առաջ գյուղերից մեկում տղամարդը կացնով սպանել էր կնոջն ու որդուն, որից հետո ինքնասպան եղել։

Արդեն մի քանի տարի է, ինչ հանրապետությունում գործում են ընտանեկան բռնությունից տուժածներին օգնելու մի քանի կենտրոններ։

Թեժ գիծ՝ 116 006։ Զանգն անվճար է, գաղտնիությունը երաշխավորված է։