Գանձայի մեծ ֆուտբոլի խաղադաշտը ունի վերանորոգման կարիք

Գանձայի մեծ ֆուտբոլի խաղադաշտը ունի վերանորոգման կարիք

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում սպորտը շատ զարգացած է, մասնավորապես՝ ֆուտբոլը:

Գանձայի ֆուտբոլի թիմը վերջին տարիներին միշտ գրավել է մրցանակային տեղեր, ինչպես Նինոծմինդայի մունցիպալիտետում անցկացվող առաջնություններում, այնպես էլ տարածաշրջանում՝ բարձր պահելով ամբողջ Նինոծմինդայի անունը:

Սակայն մեծ խաղադաշտը, որտեղ մարզվում են տղաները, գտնվում է անմխիթար վիճակում, իսկ մինի ֆուտբոլի համար նախատեսված խաղադաշտ ընդհանրապես գյուղում չկա:

Գյուղի երիտասարդների խոսքով՝ լավ կլիներ մեծ խաղադաշտը մի քիչ վերանորոգվեր եւ կառուցվեր մինի մարզադաշտ որպեսզի ֆուտբոլը էլ ավելի զարգանար:

Գանձայի բնակիչ՝ Ռուբեն Ղարիբյանը NOR -ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Գանձայում սպորտը շատ զարգացած է՝ ըմբշամարտը, ֆուտբոլը եւ այլն: Մեր խաղադաշտում պահանջվում են վերանորոգման աշխատանքներ եւ կուզենայինք, որ մի փոքր ուշադրություն դարձվեր։ Հաճելի կլիներ նաեւ, որ գյուղում մինի մարզադաշտ էլ լիներ»:

Հարցին, թե արդյո՞ք նախատեսվում են խաղադաշտերի հետ կապված վերանորոգման կամ կառուցման աշխատանքներ Գանձա գյուղում, Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայությունից հայտնեցին, որ այս տարի չի նախատեսվում, քանի որ կան կիսատ մնացած աշխատանքներ, որոնք պետք է հասցվեն ավարտին: Խոսքը վերաբերվում է Գանձայում սպորտդահլիճի կառուցման շարունակությանը, որի համար տրամադրված է 160 000 լարի գումար:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Գանձայի մեծ ֆուտբոլի խաղադաշտը ունի վերանորոգման կարիք

Կարդացեք նաեւ՝