Ախալքալաքի անչափահաս բնակիչը դատապարտվել է ազատազրկման

Ախալքալաքի անչափահաս բնակիչը դատապարտվել է ազատազրկման

2022 թվականի օգոստոսի 2-ին, Ախալքալաքի շրջանային դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել ամբաստանյալի նկատմամբ՝ որպես պատիժ սահմանելով իրական ազատազրկում։ Գործը վերաբերել է 2020 թվականին Ախալքալաքում տեղի ունեցած ծեծկռտուքին, երբ անչափահասը դանակահարել է մի երիտասարդի, ում հետ կռիվ է ունեցել։ Այնուհետեւ բժիշկներին հաջողվել է փրկել վիրավորված տուժածին։

Ախալքալաքի անչափահաս բնակչին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի ՔՕ-ի 19-108 հոդվածով՝ մահափորձ։

Չնայած այն հանգամանքին, որ ամբաստանյալը հանցագործության պահին եղել է անչափահաս և օգտվել է օրենքով սահմանված արտոնություններից, ինչպես նաև համաներման տակ է հայտնվել, այնուամենայնիվ, նրա նկատմամբ որպես պատիժ նշանակվել է իրական ազատազրկում (դատական գործի մանրամասները չեն հրապարակվում դատարանի կողմից, քանի որ ամբաստանյալն անչափահաս է եղել):

Ախալքալաքում և Նինոծմինդայում վերջին շրջանում հաճախակի են լինում ծեծկռտուքներն ու վիճաբանությունները երիտասարդների միջև դանակի կամ այլ զենքի կիրառմամբ, որոնք սովորաբար ավարտվում են մահով կամ մարդու առողջությանը լուրջ վնաս հասցնելով։

Ախալքալաքի շրջանային դատարանը քննել և քննարկում է 14 նման գործ, այդ թվում՝ որակավորված որպես մահափորձ։

Այսպիսով, սովորական վեճը վերածվում է սպանության կամ տուժողին մինչև կյանքի վերջը հաշմանդամ դարձնելով, ինչպես նաև ամբողջովին փոխում է մեղադրյալի կյանքը՝ փակելով նրան բանտի ճաղերի ետևում։ Ուստի, նման դեպքերը կանխելու համար երիտասարդների գործերով զբաղվող մասնագետները խորհուրդ են տալիս երիտասարդների ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ նման արարքները պատժելի են, և եթե ամբաստանյալը նույնիսկ անչափահաս է, հնարավոր է նրան ազատությունից զրկել որոշակի ժամանակահատվածով: Խնդիրները բռնությամբ չեն լուծվում: Ծնողներին խորհուրդ է տրվում չկորցնել վերահսկողությունը դեռահասի նկատմամբ և բացատրել նրանց, որ այլևայլ խնդիրները լուծելու տարբեր ուղիներ կան։jnews.ge