Դաստիարակություն բռնության մեթոդով

Դաստիարակություն բռնության մեթոդով

Ասյա Իսոյանի հեղինակային ծրագիրը:

Շատ ընտանիքներում բռնությունը որպես դաստիարակության միջոց կիրառելի է եղել և հիմա էլ կիրառվում է:

Ուշադրության կենտրոնում պահելով երեխաների նկատմամբ բռնության հիմնահարցը՝ քննարկենք բռնության կիրառումը ծնողավարման տեսանկյունից։ Հաճախ ծնողները իրենց կողմից կիրառվող բռնությունը չեն համարում բռնություն, դիտում են որպես իրենց պարտականությունների մի մաս ու դաստիարակության մեթոդ։ Մինչդեռ, բռնությունը, հնարավոր է, դադարեցնի երեխայի այն վարքը, որը Դուք սխալ կամ վատ եք համարում, սակայն երեխան դրանից հետո սովորում է, որ զայրացած ժամանակ թույլատրվում է դուրս գալ ափերից, բղավել, վիրավորել և հարվածել մեկ ուրիշին:

Ծնողներին անհրաժեշտ է մտապահել.

Երեխաներին հարվածելով, սովորեցնում ենք, որ ուրիշներին ցավ պատճառելը նրան կառավարելու նպատակով արդարացվում է, նույնիսկ, եթե այդ ցավը պատճառվում է սիրելիներին:

Սովորաբար պատժի արդյունքում երեխան ոչ ցանկալի վարքը ցուցաբերում է նորից՝ այլ կերպ:

Բռնության հետևանքով երեխայի մոտ ակտիվանում են երկու հիմնական իրարամերժ զգացումներ՝ ագրեսիվություն ծնողների նկատմամբ, միևնույն ժամանակ սերը իրեն խնամողների նկատմամբ, որոնք առաջացնում են երեխայի մոտ ներքին կոնֆլիկտ, որը հիմնականում տարբեր վախերի և տագնապների հիմք է հանդիսանում երեխայի համար:

Երեխաներին վարքի նորմերին ծանոթացնելու լավագույն միջոցը մեծահասակների վարքն է, օրինակ, թե ինչպես են ծնողները կամ մեծահասակները վերաբերվում միմյանց. դրական փոխհարաբերություններ տեսնելու դեպքում երեխան սովորում է, որ այդպես պետք է վարվել ուրիշների հետ:

Երբեք մի սպառնացեք Ձեր երեխայի․ այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են. <<աչքերդ կհանեմ, գլուխդ կկոտրեմ>> և այլն, երեխայի մոտ սրում են վախի զգացում, անօգնականություն, թշնամանք,ագրեսիվություն, ատելություն:

Երբեք մի ստորացրեք երեխային․այնպիսի արտահայտությունները, ինչպիսիք են. <<Ինչքան հնարավոր է այդպես դեբիլ լինել, անհասկացող լինել>> և այլն, ազդում են երեխայի ինքնագնահատականի վրա:

Երբեք մի պահանջեք երեխայից անմիջապես և անքննադատ ենթարկվել Ձեզ և Ձեր պահանջներին. երեխային պետք է տրվի հնարավորություն մտածելու, իր զգացողությունները արտահայտելու այս կամ այն երևույթի վերաբերյալ:

Մի ստիպեք երեխային անել բաներ, որոնք իր տարիքին և զարգացմանը համապատասխան չեն. երկու տարեկան երեխան չի կարող կատարել հանձնարարություններ, որոնք համապատասխանում են 6 տարեկան երեխայի:

Մի օգտագործեք մեթոդներ, որոնք ստիպում են երեխային վատ ու սխալ զգալ:

«Ցավոք սրտի նման ընտանիքները շատ են, որտեղ ինչ-որ բան փորձում են բացատրել ծեծի միջոցով կամ բռնություն կիրառելով: Լավ կլինի, որպեսզի հոգեբանները և ծնողները համագործակցեն»,-նշեց ծրագրի հյուր Լիլիթը:

Ավելին մեր աուդիոնյութում:

Radio NOR · Դաստիարակություն բռնության մեթոդով