Պետական լեզվի չիմացությունը գյուղատնտեսական ոլորտում բացասական հետք է թողնում

Պետական լեզվի չիմացությունը գյուղատնտեսական ոլորտում բացասական հետք է թողնում

Ոչխարաբուծությունը Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակչության եկամտի հիմնական աղբյուրներից մեկն է։ Սակայն պետական ​​լեզվի չիմացության խնդրի պատճառով տեղի ֆերմերները չեն կարող օգտվել անասնապահության աջակցության ծրագրերից։

Վրաստանի Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը 2023 թվականի գյուղատնտեսական ծրագրերի գերակա ուղղություն է հայտարարել անասնաբուծությունը։ Էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչները դեռ չգիտեն այդ մասին, նրանց հասանելի չեն անասնաբույծների համար գործող ծրագրերը՝ հիմնականում պետական ​​լեզվի չիմացության պատճառով։

Նինոծմինդայի բարձրլեռնային գյուղերը, որտեղ այգեգործության քիչ հնարավորություններ կան, հարուստ են արոտավայրերով, որոնք կարող են օգտագործվել ոչխարաբուծության համար։ Ոչխարները սովոր են լեռնային պայմաններին։

Ոչխարը, բուրդը, կաթն ու պանիրը վաճառվում են որպես առանձին ապրանքներ, սակայն գյուղում ցածր գների պատճառով այս բիզնեսը ոչ եկամտաբեր է։ Շրջանում մանր եղջերավոր անասունների գլխաքանակը նվազում է:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի գյուղատնտեսության բաժնի տվյալներով՝ մունիցիպալիտետում մանր եղջերավորների թիվը նվազել է, եթե 2016-ի վիճակագրության համեմատ մունիցիպալիտետում կար մոտ 34 000 մանր եղջերավոր անասուններ, 2022-ին՝ 28 522։

Փարավանի գյուղում ոչխարաբուծությամբ վաղուց են զբաղվում, բայց այնտեղ էլ դժգոհում են ավանդական բիզնեսի ոչ եկամտաբերությունից։

Արթուր Մկրտչյանի ընտանիքը ոչխարաբուծությամբ զբաղվել է դեռ շատ վաղուց։ Արթուրի ֆերման ունի 300 գլուխ մանր եղջերավոր անասուն: Ասում է՝ ոչխարի ու ոչխարից ստացած մթերքի պահանջարկը նվազել է, բայց ելք չկա, գյուղում ուրիշ անելիք չկա։

«Մեր արտադրանքը հիմնականում վաճառում ենք տեղում։ Գնորդները գալիս են, գները սահմանում, և մենք վաճառում ենք: Եթե ​​ես չվաճառեմ, ուրեմն ուրիշը կվաճառի, իմ ապրանքը կմնա, հետևաբար ինչպես պատահի այնպես էլ վաճառում ենք»,- ասում է Արթուր Մկրտչյանը և դժգոհում, որ ոչխարաբուծությունից ստացված եկամուտը բավարար չէ ապրելու համար։

Արթուրն ասում է, որ տարեկան մեկ ոչխար պահելը արժե 100 լարի, բայց վաճառվում է դժվարությամբ։ Բոլորը դժգոհում են գյուղում ավանդական բիզնեսից ստացվող եկամուտներից։ Բուրդը բացարձակապես չի վաճառվում ու պահանջարկ էլ չկա, այրում են։ Հավաքման կետ չկա, որտեղ կարելի է հանձնել: Կաթի մեկ լիտրը 3,50 լարի է, գառան միջին արժեքը նախորդ տարի 240-ից 260 լարի էր, պահանջարկ էլ չկար։ Պանիրը կիլոգրամը մոտ 30 լարի է, կաթի ու պանրի գինը լավ է։ Նախկինում մարդիկ բուրդ էին վաճառում, պահանջարկ կար ու այդպես էլ ապրում էին, իսկ հիմա այդպես չէ։

Անասնաբուծությունից բացի ուրիշ անելիք չունենք, պայմաններ չկան, ապրում ենք բարձր լեռնային շրջանում, իսկ բնակիչները ստիպված են անասնապահությամբ զբաղվել, բայց այսօր կարող եմ ասել, որ անասնաբուծությունից շատ եկամուտ չենք ստանում։

Ինչպես Արթուրն է ասում. «Պետական ​​լեզվի չիմացության պատճառով մենք չգիտենք, թե ինչ ծրագրեր կան անասնաբուծության ոլորտում։ Մենք վրացական հեռուստաալիքներ չենք նայում, չենք հասկանում: Մենք հիմնականում հետևում ենք տեղական լրատվամիջոցներին: Ինչպես նշում է գյուղացին, խոտի հետ կապված վիճակը շատ վատ է, խոտի մեկ հակն արժե 8-10 լարի, ինչը շատ թանկ է։ Վառելիքի և պահեստամասերի թանկացումը խոտի թանկացման պատճառ է դարձել: Ես սեփական հող չունեմ, ամբողջ խոտը գնում եմ։ Լավ կլիներ, որ պետությունը հողի հարցում օգներ:

Ոչխարների թվի նվազման ևս մեկ գործոն է հովիվների բացակայությունը: Տեղի բնակիչները դժկամությամբ են զբաղվում այս գործով, ֆերմերները ստիպված են հովիվներ փնտրել այլ համայնքներում, սակայն դա խնդիրը չի լուծում։ Բացի այդ, ֆերմերների մեծ մասը չի կթում ոչխարներին, քանի որ կթվորուհիներ չկան: 500 ոչխարից կաթ ստանալու համար անհրաժեշտ է առնվազն 10 կթվորուհի։ Իսկ կթելը ծանր աշխատանք է։ Մեկ ոչխարը օրական կես լիտր կաթ է տալիս։

Փարավանի գյուղի բնակչի խոսքով՝ ոչխարին պետք է պատվաստել, մաքուր պահել, իսկ քաշը բարձրացնելու ու մսի որակը բարելավելու համար անհրաժեշտ է սննդակարգում օգտագործել հացահատիկային մշակաբույսեր։

Ամեն տարի սննդամթերքի անվտանգության գործակալության կողմից «Կենդանիների առողջության պաշտպանություն» պետական ​​ծրագրով Սննդի ազգային գործակալությունը իրականացնում է ընտանի կենդանիների պատվաստում և նույնականացման գրանցում։ Գործակալությունը պատվաստումներն իրականացնում է անվճար։

Ֆերմերների կրթությունը կարևոր խնդիրներից է, կարծում է փորձագետը, քանի որ 47%-ը մասնագիտական ​​կրթություն չունի, նրանք զրկված են դրամաշնորհներ շահելու և բիզնեսի զարգացման համար ցածր տոկոսադրույքով վարկեր վերցնելու հնարավորությունից։ Կան այլ խնդիրներ, ինչպիսիք են ենթակառուցվածքները, ֆինանսները:

Ինչպես պարզաբանում է Վրաստանի ոչխարաբուծության ասոցիացիայի նախագահ Բեկա Գոնիաշվիլին, Վրաստանում ոչխարաբուծության առաջատար խնդիրներից մեկը աշխատուժն է՝ հովիվներ չկան։ Երկրորդ խնդիրը գիտելիքի և տեխնոլոգիաների հասանելիության բացակայությունն է, իսկ երրորդ և հիմնական խնդիրը արոտավայրերն են: Ֆերմերների մեծ մասը արոտավայրեր չունի և ստիպված է դրանք վարձակալել։ «Սկսվել է արոտավայրերի հասանելիության ծրագիրը, որը, կարծում եմ, կբարելավի իրավիճակը, սակայն այստեղ էլ թերությունները շատ են, բայց կարծում եմ՝ շուտով կշտկվեն»։

Ոչխարների գլխաքանակը չի փոխվում, քանի որ կախված է արոտավայրերից։ Եթե ​​արոտավայրեր չլինեն, անհնար կլինի անասնաբուծությունը։ Այս տարի ոչխարները քիչ են արտահանվել, սակայն մյուս տարիների համեմատ նրանց թիվը շատ ավելի մեծ է։ Ցավոք, կոնկրետ տվյալներ չկան։ Ցածր արտահանման պատճառը ցածր գներն ու դոլարի արժեզրկումը։

Հիմնական արտահանումները կենդանի ոչխարներն են, միսը և բուրդը։ Այն հիմնականում արտահանվում է Կատար, Քուվեյթ, Հորդանան, Սաուդյան Արաբիա և Ադրբեջան։

«Արժեքը կապված է արտարժույթի փոխարժեքի փոփոխության հետ: Հիմա ամենաբարձր գինը ոչխարի պանրի դեպքում է, չնայած այն քիչ քանակությամբ է արտադրվում, մնացած ապրանքները էժան են, բրդի մասով գնի անկումից հետո գյուղացիները այրում են այն կամ դեն նետում: Վրաստանում հիմնականում տարածված են Թուշեթի և Իմերեթական տեսակի ոչխարներ: Շատերն ունեն թուշեթի ցեղատեսակ, որը համեմատաբար ցածր բերքատվություն ունի, բայց նրանք ավելի հանդուրժող են կլիմայական պայմաններին և կարող են երկար քայլել: Կարևոր է բերել տարբեր ցեղատեսակներ և փորձարկել դրանք»,- ասում է Բեկա Գոնիաշվիլին։

«Ոչխարաբույծների համար պետական ​​հատուկ ծրագրեր չկան, կա միայն ագրովարկ, որով կարելի է ֆերմա կառուցել կամ վերանորոգել, երկրի համար առաջին հերթին գիտելիքն ու կրթությունն է կարևոր, հետո՝ տեխնոլոգիան։

Ֆերմերը պետք է հասկանա, թե ինչպես իր գյուղատնտեսությունը ավելի արդյունավետ դարձնի։ Երաշխավորված քայլեր չկան, ամեն ինչ պետք է փորձարկվի՝ որոշելու համար, թե ինչպես պետք է աշխատի: Եվրամիություն արտահանում չկա, քանի որ Վրաստանից կենդանական արտադրանք չի ընդունում։ Այնուամենայնիվ, նախատեսվում է մինչև 2027 թվականը ստեղծել որոշակի կարգավորումներ, որից հետո Եվրամիությունը կքննարկի և, հնարավոր է, թույլ կտա մեզ մտնել իր շուկա։

Նման լեռնային շրջաններում, ինչպիսին Նինոծմինդան է, նոր տեխնոլոգիաներ և ստանդարտներ դեռ չկան։ Այսօր գլխավոր խնդիրը այն է, թե ինչպես պահել ընտանիքը։ Միակ հույսը ոչխարաբուծությունն է։ Այս կենդանիները սովոր են դաժան լեռնային միջավայրին և շատ դիմացկուն են։ Հիմա կարևոր է, որ ֆերմերները նույնպես հարմարվեն ժամանակակից մարտահրավերներին, այլապես շուկա դուրս գալն ավելի ու ավելի դժվար կլինի։

“წინამდებარე სტატია შექიმნა ომისა და მშვიდობის გაშუქების ინსტიტუტის (IWPR) პროექტის ფარგლებში, გაერთიანებული სამეფოს მთავრობის მხარდაჭერით. მასში გამოთქმული მოსაზრებები, მიგნებები და დასკვნები წარმოადგენს ავტორის პოზიციას და შესაძლოა არ გამოხატავდეს IWPR-ისა და გაერთიანებული სამეფოს მთავრობის შეხედულებებს.”