Երգիչ Մավր Մկրտչյանը շուտով լսարանին կներկայացնի իր նոր տեսահոլովակը «Երկու երնեկ» երգի հիման վրա: Տեսահոլովակի հերոսուհին Շուշաննա Թովմասյանն է, ռեժիսորը՝ նրա ամուսինը՝ Վահե Սայանը: Երեկ վաղ առավոտից նկարահանող խումբն անցել է գործի ու մինչև հաջորդ լուսաբաց նկարահանել տեսահոլովակը, որտեղ հերոսները՝ Մավրն ու Շուշաննան, ներկայանում են 3 կերպարով:
Մավրը նկատեց, որ այս աշխատանքում լսարանն իրեն նորովի տեսնելու հնարավորություն կունենա: «Այն կերպարը, որը փորձել ենք այստեղ ստանալ, չի եղել իմ նախորդ աշխատանքներում: Կարծրատիպերից դուսր ենք եկել: Իհարկե, նախորդիվ ընտրված կերպարները կախված էին իմ երգացանկից՝ մի դեպքում հայրենասիրական, մյուս դեպքում՝ ժողովրդական երգ էի ներկայացրել: Այս դեպքում ես ոչ թե փոխվում եմ, այլ ներկայանում մի կերպարով, որն իմ մեջ կա, ուղղակի մինչև այս չեմ ներկայացրել»,- ասաց երգիչը:
Շուշաննան ևս տեսահոլովակում ներկայանում է 3 կերպարով: Սպորտային ոճում դերասանուհուն հանդիսատեսը շատ չի տեսել, բայց նրա ամուսինն այսպես է պատկերացրել տեսահոլովակը:
Մավրից հետաքրքրվեցինք, թե ո՞ւմ գաղափարն էր Շուշաննային նկարահանել տեսահոլովակում՝ ի՞ր, թե՞ Վահեի: Երգիչը վստահեցրեց, որ երկուսի միտքն էլ նույնն է եղել. «Նախնական փուլում հասկացանք սյուժետային ուղղությունը, հետո փորձեցինք հասկանալ, թե ով կարող է լավագույնս մարմնավորել այդ կերպարը: Երկուսիս կարծիքն էլ միանշանակ կանգ առավ Շուշաննայի վրա: Տվյալ դեպքում սա ամենաճիշտ լուծումն էր»:
Շուշաննան իր հերթին նկատեց, որ նկարահանման հրապարակում Վահեն իրեն վերաբերում է այնպես, ինչպես մյուս դերասանուհիներին, նույնիսկ, ավելի խիստ:
Ինչ վերաբերում է երգին՝ Մավրն ասաց, որ նոր երգը երջանիկ սիրո մասին է. «Այս անգամ որոշեցինք զերծ մնալ ցավից, կորած սիրուց: Թեթև, աշխույժ, տրամադրություն բարձրացնող երգ է: Մեր ժողովրդին սա էլ է պետք»:
Երգի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է: Երգչից հետաքրքրվեցինք՝ արդյոք որոշել է մտնել ավելի կոերցիոն դաշտ: Նա նկատեց, որ հնարավոր չէ հստակ սահմանել, թե որ երգն է կոմերցիոն:
Հստակեցմանը՝ արդյոք այս ստեղծագործությամբ կոմպրոմիսի է գնացել իր ճաշակի հետ, թե սա այն երգն է, որ ինքն էլ կլսեր, նա արձագանքեց. «Ես իմ ճաշակի հետ կոմպրոմիսի չեմ գնում, ուղղակի հիմա եկել է ժամանակաշրջան, երբ ես ուզում եմ անել ամեն ինչ: Ինչ-որ փուլում դա կլինի նաև փոփ-էստրադային, դիսկո ոճի երգ ներկայացնելը: Ես ոչինչ չեմ բացառում: Ոճային փոփոխությամբ երգեր էլի եմ ներկայացնելու առաջիկայում, բայց այդ ամենի հետ ներկայացնելու եմ ժողովրդական, հին երգեր, ինչպես նաև իմ հեղինակային երգերը: Ես ինձ սահմանափակված չեմ համարում: Սա չի նշանակում, որ ես թողել եմ ժողովրդական ոճը, այն միշտ լինելու է իմ առանցքային ժանրը: Ես իմ ոճը չեմ փոխել, չեմ էլ փոխելու, բայց կարիերայիս սկզբում էլ եմ միշտ ասել, որ հետագայում մարդիկ ինձ կտեսնեն տարբեր ոճերում»:
Հանդիսատեսի արձագանքը, ըստ երգչի, բացասական չի լինի, թեև որոշակի մտավախություններ, այնուամենայնիվ, ունի: «Ես պատրաստ եմ բոլոր կարծիքներին: Մտավախություններս կապված են իմ ներքին վիճակի հետ, որպեսզի հասկանամ՝ ճի՞շտ ուղղությամբ եմ գնում, թե՞ ոչ: Դա կհասկանամ հանդիսատեսի կարծիքից: Վստահ եմ, սա էլ կսիրեն, որովհետև երգը շատ տարբեր չէ, թեև նոր մտածողություն, գործիքավորում կա, բայց այս երգում էլ ժողովրդական միտումներ կան»,- եզրափակեց երգիչը: www.tert.am