Մավր Մկրտչյանը շուտով կներկայացնի նոր տեսահոլովակ

Մավր Մկրտչյանը շուտով  կներկայացնի նոր տեսահոլովակ

Երգիչ Մավր Մկրտչյանը շուտով լսարանին կներկայացնի իր նոր տեսահոլովակը «Երկու երնեկ» երգի հիման վրա: Տեսահոլովակի հերոսուհին Շուշաննա Թովմասյանն է, ռեժիսորը՝ նրա ամուսինը՝ Վահե Սայանը: Երեկ վաղ առավոտից նկարահանող խումբն անցել է գործի ու մինչև հաջորդ լուսաբաց նկարահանել տեսահոլովակը, որտեղ հերոսները՝ Մավրն ու Շուշաննան, ներկայանում են 3 կերպարով:

Մավրը նկատեց, որ այս աշխատանքում լսարանն իրեն նորովի տեսնելու հնարավորություն կունենա: «Այն կերպարը, որը փորձել ենք այստեղ ստանալ, չի եղել իմ նախորդ աշխատանքներում: Կարծրատիպերից դուսր ենք եկել: Իհարկե, նախորդիվ ընտրված կերպարները կախված էին իմ երգացանկից՝ մի դեպքում հայրենասիրական, մյուս դեպքում՝ ժողովրդական երգ էի ներկայացրել: Այս դեպքում ես ոչ թե փոխվում եմ, այլ ներկայանում մի կերպարով, որն իմ մեջ կա, ուղղակի մինչև այս չեմ ներկայացրել»,- ասաց երգիչը:

Շուշաննան ևս տեսահոլովակում ներկայանում է 3 կերպարով: Սպորտային ոճում դերասանուհուն հանդիսատեսը շատ չի տեսել, բայց նրա ամուսինն այսպես է պատկերացրել տեսահոլովակը:

Մավրից հետաքրքրվեցինք, թե ո՞ւմ գաղափարն էր Շուշաննային նկարահանել տեսահոլովակում՝ ի՞ր, թե՞ Վահեի: Երգիչը վստահեցրեց, որ երկուսի միտքն էլ նույնն է եղել. «Նախնական փուլում հասկացանք սյուժետային ուղղությունը, հետո փորձեցինք հասկանալ, թե ով կարող է լավագույնս մարմնավորել այդ կերպարը: Երկուսիս կարծիքն էլ միանշանակ  կանգ առավ Շուշաննայի վրա: Տվյալ դեպքում սա ամենաճիշտ լուծումն էր»:

Շուշաննան իր հերթին նկատեց, որ նկարահանման հրապարակում Վահեն իրեն վերաբերում է այնպես, ինչպես մյուս դերասանուհիներին, նույնիսկ, ավելի խիստ:

Ինչ վերաբերում է երգին՝ Մավրն ասաց, որ նոր երգը երջանիկ սիրո մասին է. «Այս անգամ որոշեցինք զերծ մնալ ցավից, կորած սիրուց: Թեթև, աշխույժ, տրամադրություն բարձրացնող երգ է: Մեր ժողովրդին սա էլ է պետք»: