Ռուսաստանում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը կկարճվի։ Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ով ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում անդրադարձել է Եվգենի Պրիգոժինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունների մանրամասներին։
Պեսկովի խոսքով՝ ինքը՝ Պրիգոժինը, կտեղափոխվի Բելառուս։
Միաժամանակ Կրեմլի մամուլի քարտուղարը նշել է, որ ապստամբությանը մասնակցող «վագների» մարտիկների նկատմամբ քրեական հետապնդում չի սկսվի՝ «հաշվի առնելով նրանց մարտական արժանիքները»։ Ապստամբությանը չմասնակցած մարտիկներից մի քանիսը պայմանագրեր կկնքեն Պաշտպանության նախարարության հետ։
Պեսկովի խոսքով՝ Լուկաշենկոն հանդես է եկել միջնորդության նախաձեռնությամբ, քանի որ Պրիգոժնեին ճանաչում է ավելի քան 20 տարի։
Երեկ Ռուսաստանի անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել Եվգենի Պրիգոժինի դեմ՝ զինվորական ապստամբություն հրահրելու մեղադրանքով։