Մառնեուլցի ապագա միջազգայնագետ Էդգար Մազմանյանի հաջողության պատմությունը

Մառնեուլցի ապագա միջազգայնագետ Էդգար Մազմանյանի հաջողության պատմությունը

«Մարդկանց հետ հարաբերվելու հմտությունս ապագայում կօգտագործեմ իմ մասնագիտական գործունեության մեջ»,- «Ալիք Մեդիա»-ի հերոսը Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետի Ծերեթելի գյուղից 20-ամյա Էդգար Մազմանյանն է:

Էդգարն այժմ ուսանում է Թբիլիսիի պետական համալսարանի (ԹՊՀ) սոցիալական և քաղաքական ֆակուլտետի «Միջազգային հարաբերություններ» բաժնում: Ապագա միջազգայնագետն ավարտել է Ծերեթելի գյուղի հանրային դպրոցի հայկական բաժինը, սակայն վրացերենի իմացության խնդիր չի ունեցել. պատճառը, ըստ նրա՝ դեռ դպրոցական տարիքից տարբեր ծրագրերում ակտիվ ներգրավվածությունն է: 

Էդգարը հիշում է՝ լեզվական և հաղորդակցման առումով վրաց հասարակությանն ինտեգրվելու խնդիր չի ունեցել:

Նա ԹՊՀ-ի 2-րդ կուրսում է ուսանում, ընդունվել է էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար նախատեսված «1+4» ծրագրով՝ պետական ֆինանսավորմամբ:

«Դեռ փոքրուց հետաքրքրվել եմ միջազգային հարաբերություններով և երկրների միջև զարգացող հարաբերությունների ընթացքով, և ընդհանրապես՝ դիվանագիտական հարաբերությունների ուղղությամբ է հետաքրքրությունս մեծ եղել:

Ի սկզբանե տարբեր մասնագիտություններ էին հետաքրքրում՝ կրթական, սոցիալական, տնտեսական, մաթեմատիկական. որոշեցի ընտրել միջազգային հարաբերությունները, քանի որ այդ մասնագիտությունը ներառում է այս բոլորը»,- ասաց Էդգարը:

Նա ասում է՝ այլ երկրում ուսանելու քննարկում անգամ չի եղել, հենց սկզբից էլ իմացել է, որ սովորելու է Վրաստանում: Հարցին՝ որտեղ է տեսնում իր ապագան և որ ոլորտում է ցանկանում աշխատել, երիտասարդը նշեց.

«Չեմ ցանկանում բացել փակագծերը, թողնենք` գաղտնիք մնա: Մի բան հստակ է` իմ մասնագիտական գծով կշարունակեմ»:

Մազմանյանը դարձել է Ամերիկյան դեսպանատան Global UGRAD-ի փոխանակման ծրագրի եզրափակիչ փուլի հաղթող և բակալավրիատի մեկ կիսամյակում սովորելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների Հարավային Ինդիանայի համալսարանում։ Մազմանյանի խոսքով, նոր հնարավորությունն իր համար ոգևորության նոր աղբյուր է.

«Կարծում եմ՝ այս ծրագիրն ինձ հնարավորություն կտա ներկայացնելու իմ երկիրն ու մշակույթը։ Ստանալ միջազգային կրթություն և փորձ, որը օգտակար կլինի իմ մասնագիտության առումով, և վերադառնալուց հետո կօգնեմ իմ համայնքին»,- նշեց Էդգարը:

Ապագա միջազգայնագետն ընդգծում է՝ տարբեր երիտասարդական ծրագրերի է մասնակցել, իր փորձով կիսվել է ընկերների, համայնքի ներկայացուցիչների հետ, անգամ վերապատրաստման տարբեր ծրագրեր է իրականացրել ինչպես Քվեմո Քարթլիի, այնպես էլ՝ Սամցխե-Ջավախեթիի մարզում:

Նա, նախ՝ կամավորական գործունեություն է ծավալել Վրաստանի «Կարմիր խաչ»-ում, այնուհետև՝ աշխատանքի է անցել այնտեղ: Անկեղծանում է՝ իր ակտիվ կյանքը հենց այդտեղից է սկսվել:

Էդգարն ազատ ժամանակը տրամադրում է ընթերցանությանը, սպորտով է զբաղվում, երաժշտություն է լսում, վերջին շրջանում մասնագիտական ուղղությամբ գիտական հետազոտություններ է ուսումնասիրում: Տիրապետում է չորս լեզվի` հայերեն, վրացերեն, ռուսերեն և անգլերեն, այժմ էլ արաբերեն է սովորում:

Կյանքի կարգախոսն է. «Չնայած դժվարություններին՝ միշտ լավատես լինել»:

Aliq.ge