Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլին առաջարկում է կանանց և տղամարդկանց կենսաթոշակային տարիքը սահմանել 60-ը:
Ի դեպ, ներկայումս տղամարդկանց կենսաթոշակային տարիքը 65 է, կանանցը՝ 60։
Ըստ Խաբեիշվիլիի` տասնյակ մունիցիպալիտետներ այցելությունների ընթացքում բնակչությունից լսել է, որ հիմնական խնդիրը կենսաթոշակային տարիքի նվազեցումն է։
«Մենք նախաձեռնությամբ ենք հանդես գալիս և ասում՝ կենսաթոշակային տարիքը պետք է իջեցվի և բոլորի համար դառնա 60 տարեկանը։ Նվազագույն կենսաթոշակը պետք է սկսվի 400 լարիից»,- ասել է ընդդիմադիր գործիչը:
Ըստ ՄԱՇ նախագահի՝ »կոնկրետ վիճակագրության» համաձայն, Վրաստանում կյանքի միջին տևողությունը նվազել է և կազմում է 72 տարի, ինչը տասը տարով պակաս է եվրոպական մի շարք երկրներից։ Խաբեիշվիլին չի հստակեցրել, թե որ վիճակագրության մասին է խոսքը։
«Վրաստանում կյանքի միջին տևողությունը 72 տարի է, իսկ տղամարդկանց կյանքի տևողությունը 67 է»,- ասել է նա՝ հավելելով, որ բյուջեում կենսաթոշակների բարձրացման և կենսաթոշակային տարիքի նվազեցման ռեսուրս կա։ aliq.ge