Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետների երիկամային անբավարարությամբ հիվանդները տեղաշարժվելու դժվարություններ ունեն՝ տեղում հեմոդիալիզի կենտրոնի բացակայության պատճառով, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց առողջության վրա: Նրանք ստիպված են մեկնել Ախալցխա։
Նինոծմինդայից և Ախալքալաքից երիկամային անբավարարությամբ մոտ 45 մարդ ամեն շաբաթ, շաբաթական երեք անգամ անցնում են մեկուկես ժամյա ճանապարհ՝ դիալիզի համար Ախալցխա հասնելու , որից հետո վերադառնում են տուն։ Նրանց միակ խնդրանքը Ախալքալաքում հեմոդիալիզի կենտրոն բացելն է։
Նախատեսվում էր, որ 2022 թվականին Ախալքալաք քաղաքում բացվելու է հեմոդիալիզի կենտրոն, սակայն աշխատանքները դեռ չեն սկսվել։ Ախալքալաքի հեմոդիալիզի կենտրոնը կբացվի որպես Ախալքալաքի հիվանդանոցի գլխավոր մասնաշենքի ընդլայնում։ Պարզելու համար, թե ինչ փուլում են աշխատանքները, կապ հաստատեցինք հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանի հետ, ով պատասխանեց, որ լուրջ քննարկումներ են եղել քաղաքապետարանի և հիվանդանոցի միջև։ Մնում է միայն համաձայնեցնել ֆինանսավորումը, այսինքն՝ որոշել, թե Ախալքալաքի քաղաքապետարանը որքան ֆինանսներ կներդնի, իսկ որքան՝ պետությունը։ Մնացած բոլոր հարցերը լուծված են, նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են, շինարարական փաստաթղթերը պատրաստ են, տեխնիկայի հետ կապված խնդիրներ չկան։ Շինարարությունը սկսելու համար պարզապես սպասում է ֆինանսավորմանը: