Վրաստանում ոչ բարեկամական քայլ են համարում Ուկրաինայի պատժամիջոցները Georgian Airways-ի դեմ

Վրաստանում ոչ բարեկամական քայլ են համարում Ուկրաինայի պատժամիջոցները Georgian Airways-ի դեմ

Վրացական Georgian Airways ավիաընկերության դեմ ուկրաինական պատժամիջոցները հերթական ոչ բարեկամական քայլն են Կիևի կողմից։ Ինչպես տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին։

«Կարելի է միանշանակ ասել, որ սա քաղաքական դրդապատճառներով որոշում էր, քանի որ տեսնում ենք, որ բազմաթիվ երկրներից շատ ավիաընկերություններ են թռչում դեպի Ռուսաստան, և Ուկրաինայի իշխանությունների կողմից նման արձագանք կամ որոշում չի եղել, ուստի ափսոսանքով կարող ենք ասել, որ մենք ականատես եղանք Ուկրաինայի իշխանությունների հերթական ոչ բարեկամական որոշմանը», – ասել է Դավիթաշվիլին։

Վրաստանի փոխվարչապետն ընդգծել է, որ Կիևի որոշումն անընդունելի է և չի համապատասխանում երկու երկրների հարաբերությունների չափանիշներին։ Նա վստահություն է հայտնել, որ Վրաստանի ԱԳՆ-ն կարձագանքի Ուկրաինայի կողմից սահմանված պատժամիջոցներին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 1-ին հաստատել է Georgian Airways-ի դեմ պատժամիջոցները՝ կապված Ռուսաստան թռիչքների վերականգնման հետ։ Նաև Կիևը 10 տարով սահմանափակումներ է մտցրել ավիաընկերության հիմնադիր Թամազ Գայիաշվիլիի նկատմամբ։

Մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացնելու մասին։ Մեկ այլ հրամանագրով նա չեղարկել է ռուսական ավիաընկերությունների՝ դեպի Վրաստան թռիչքների և տուրերի վաճառքի արգելքը, որը գործում էր 2019 թվականից։ 1in.am