Եվրամիությանն անդամակցել ցանկացող երկրների վերաբերյալ Եվրահանձնաժողովի միջանկյալ զեկույցից հետո Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյն ասել է, որ Վրաստանը ամբողջությամբ կատարել է Եվրամիության 12 առաջարկություններից 3-ը։
Եվրախորհրդի 2022 թվականի հունիսի 24-ի որոշման համաձայն՝ Վրաստանը, ի տարբերություն Ուկրաինայի և Մոլդովայի, պետք է կատարի 12 առաջարկություն՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։
Այս առաջարկություններն են.
Նինոծմինդայի բնակիչները հաճախ չեն հետևում երկրում տեղի ունեցող իրադարձություններին։ Դրա պատճառով նրանք պասիվ են ներգրավված քաղաքացիական գործընթացներում և տեղեկություն չունեն, թե ինչ է կատարվում երկրում։ NOR ռադիոկայանի լրագրողները հարցում են անցկացրել բնակչության մի մասի հետ։ Արդյունքում պարզվեց, որ նրանցից շատերը չգիտեին 12 առաջարկությունների մասին, թեև կարծում են, որ Վրաստանը պետք է դառնա Եվրամիության անդամ՝ ավելի լավ ապագա ստեղծելու համար։
Բնակիչների մի մասը կարծում է, որ ԵՄ-ում աշխատանքի և կրթության ավելի շատ հնարավորություններ կան։ Սակայն նրանցից ոմանք նշում են նաև այն, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետում և ընդհանրապես Ջավախքի շրջանում բնակվողները դեռևս մեկնում են Ռուսաստան սեզոնային աշխատանքի, ուստի մենք տնտեսապես կախված ենք այս երկրից։
Նինոծմինդայի բնակիչ և քաղաքացիական ակտիվիստ Գրիգոր Սահակյանը կարծում է, որ բացի առկա առաջարկություններից, պետք է հաշվի առնել նաև այլ հարցեր, որոնցով պետք է զբաղվի կառավարությունը։
«Մենք ցանկանում ենք եվրոպական չափանիշներին համապատասխան ապրանքներ և ծառայություններ, բայց իմաստ չունի կիրառել այդ չափանիշները, քանի դեռ մյուս կարևոր խնդիրները չեն լուծվել: Օրինակ, տեխզննումն իրականացվում է եվրոպական չափանիշներով, ինչը շատ լավ է, բայց ճանապարհներն անմխիթար վիճակում են։ Մեքենաների անսարքության պատճառը հիմնականում նման ճանապարհներներն են։ Դրա համար մենք նախ պետք է լուծենք հիմնական խնդիրները»,- ասում է Գրիգորը:
Ինչ վերաբերվում է առաջարկություններին, ապա Գրիգորը կարծում է, որ երեք՝ կատարված առաջարկություններից բացի, առաջին հերթին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ԶԼՄ-ների ազատության, մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի խնդիրներին, քանի որ, ըստ նրա, այս երեք խնդիրների առնչությամբ եղել են մարդկանց իրավունքների խախտումներ, որոնց ուշադրություն չի դարձվել։
Մանրամասները՝ աուդիո հարցազրույցում։
Վրաստանի համալսարանի քաղաքականության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Գիա Ջափարիձեն ասում է, որ այսօրվա իրավիճակում, «երբ իշխանությունն ինքը շահագրգռված չէ», դժվար է նախապես ինչ-որ բան ասել։
Փորձագետի կարծիքով, Վրաստանի կառավարության ներկայացուցիչները կամ չեն ցանկանում ԵՄ անդամակցություն, կամ ցանկանում են, բայց իրենց պայմաններով։ Այդ իսկ պատճառով 12 առաջարկությունների իրականացումը ձգձգվում է։ Ինչպես պարզաբանում է նա, դա վկայում է վրացական կառավարության ռուսամետ դիրքորոշման մասին։
«Երկրում ընթացող գործընթացները վատ ազդեցություն կունենան ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու վրա։ Ցավոք սրտի, Ռուսաստանի ազդեցությունը մեր երկրում մեծ է։ Իշխանությունն ինքը կրկնում է ռուսական քարոզչությունը և շարունակում է զրպարտել այլ քաղաքական գործիչներին»,- ասում է Ջափարիձեն։
Ջափարիձեի խոսքով, այս փուլում հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ կլինի ապագայում, քանի որ գործընթացները արագ են փոխվում, իսկ թե ինչ կլինի վաղը, հայտնի չէ։
Մանրամասները՝ փորձագետի հետ հարցազրույցում.
2022 թվականի հունիսի 17-ին Եվրահանձնաժողովը Վրաստանին առաջարկել է կատարել 12 պայման՝ ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար։ Վրաստանը թեկնածուի կարգավիճակ կստանա Եվրահանձնաժողովի 12 առաջարկությունների կատարումից հետո։ Ընթացակարգային առումով թեկնածուի կարգավիճակին, երբ երկիրը կատարի պայմանները, հաջորդում է անդամակցության բանակցությունների սկիզբը։
2023 թվականի հոկտեմբերին Եվրահանձնաժողովի նիստում պետք է որոշվի երկրի՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի հարցը, իսկ դեկտեմբերին այս որոշումը վերջնականապես պետք է հաստատվի ԵՄ անդամ երկրների կողմից։