Գորելովկա գյուղի մոտակայքում գտնվող աղբանոցի խնդիրը լուծվել է

Գորելովկա գյուղի մոտակայքում գտնվող աղբանոցի խնդիրը լուծվել է

Տարիներ անց Գորելովկա գյուղի մոտ, կենտրոնական ճանպարհի անմիջապես կողքին գտնվող աղբանոցը մաքրվել է, և խնդիրը լուծվել է։

Հիշեցնենք, որ NOR ռադիոկայանը բազմիցս լուսաբանել է վերոնշյալ խնդիրը։

Բնակիչները, աղբը լցնելով ճանապարհի եզրին, տարածքը վերածել էին աղբանոցի և օրեցօր ավելանում էր աղբի քանակը։

Գորելովկայի գյուղհամայնքի ներկայացուցիչ Մնացական Բաբաջանյանը հաստատեց, որ երեկ գյուղի մոտակայքում առկա աղբի խնդիրը վերջնականապես լուծվել է։ Վերջին օրերին աղբանոցի վերածված տարածքը մաքրվել է։

Մնացական Բաբաջանյանի խոսքով՝ տրակտոր է բերվել որպեսզի աղբը լցվի հսկայական փոսը։ Բաբաջանյանը հորդորում է բնակիչներին աղբ չլցնել այդտեղ։ Այդ նպատակով գյուղում տեղադրվել են աղբամաններ, որտեղ պետք է լցնել աղբը։

Նշենք, որ այս տարածքը գտնվում է Նինոծմինդա-Բավրա մաքսակետ տանող գլխավոր ճանապարհի անմիջապես կողքին, և այս հատվածով անցնելով կարելի է տեսնել պոլիէթիլենային տոպրակներ, փչացած կարտոֆիլ և այլ տեսակի աղբ, ինչը հակասանիտարական վիճակ է ստեղծել։

Չնայած այն հանգամանքին, որ թե՛ քաղաքում, թե՛ գյուղերում աղբամանների թիվն ավելանում է, այնուամենայնիվ բնակիչները շարունակում են աղբը նետել ամենուր։

Radio NOR · Проблема мусорной свалки у села Гореловка решена