Հուլիսի 9-ին Ախալքալաքում GIPA Media Lab նախագծի շրջանակներում տեղի ունեցավ երիտասարդների կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրություն, որտեղ պարգեւատրվեցին լավագույն հեղինակները։
Ինչպես մեզ հետ զրույցում ասաց նախագծի ղեկավար Նինո Մախվիլաձեն, ժյուրիի անդամների համար հեշտ չի եղել հաղթողներին ընտրելը, քանի որ այս տարի մասնակիցներն ընտրել և նկարահանել են ֆիլմեր շատ լուրջ թեմաներով։ Արդյունքում 12 ֆիլմից 7-ը ճանաչվել է լավագույնը։
Առաջին տեղը զբաղեցրել է Արտյոմ Քոսյանի Նինոծմինդայի «Ասպարա. ուրվական գյուղ» ֆիլմը, որը պատմում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ասպարա լքված գյուղի մասին։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Փոկա գյուղից Լիլիթ Կարապետյանը՝ «Ամուսնություն 13 տարեկանում» ֆիլմով, երրորդում՝ Սերգեյ Կուրղինյանի «Կյանքն առանց ջրի» և Գրիգոր Սահակյանի ու Ամիրան Ուստյանի «Մեծ օր» թռչնադիտարկման մասին նկարահանած ֆիլմերն էին։
Կադր Արտյոմ Քոսյանի ֆիլմից
Եղել են նաև հատուկ մրցանակներ ստացած մասնակիցներ։ Նրանց թվում են Շուշան Մկրտչյանը՝ «Վրացի ուսուցիչ» ֆիլմով, Հնազիկ Ավետիսյանն ու Մարինա Կարագուլյանը՝ «Աղոթող կինը», Նարեկ Եղիազարյանը՝ «Միայնակ զույգ» ֆիլմով։
Ծրագրի այս փուլում մասնակիցները սովորեցին նկարահանել և մոնտաժել տեսանյութեր, իսկ հաջորդ փուլերում կսովորեն աշխատել սոցիալական մեդիայի հետ և ծրագրի ընթացքում ստացած գիտելիքների հիման վրա ստեղծել մուլտիմեդիա նյութեր, որոնք կներկայացվեն հանդիսատեսին աշնանը GIPA DOC U փառատոնի շրջանակներում:
Նույն փառատոնի ընթացքում յուրաքանչյուր տարածաշրջանից (Սամցխե-Ջավախեթի և Քվեմո-Քարթլի) կբացահայտվի մեկական մասնակից, որին ֆինանսավորում կտրամադրվի Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում (GIPA) սովորելու համար: Ներկայումս ծրագրի 6 շահառու սովորում է այս բուհի տարբեր ֆակուլտետներում։
Ծրագիրն իրականացվում է Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA) կողմից՝ ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։ GIPA Media Lab-ը գործում է Սամցխե-Ջավախքում և Քվեմո Քարթլիում 2016 թվականից։
Առավել մանրամասն՝ աուդիոնյութում։